ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են․ որոշ կառույցներում՝ անգամ եռակի

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անակնկալ ստուգայցերն այսօր անցկացվել են Երեւանի քաղաքապետարանում․ այստեղ դիտարկումներն արդեն երրորդ անգամ էին՝ պարզելու՝ նախորդիվ արձանագրված թերությունները վերացվե՞լ են։ Արձանագրվել է, որ դրանք բոլորն արդեն շտկված են։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։

Քաղաքապետարանում եւս բարձր են գնահատել տեսչականի աշխատանքը նաեւ իրազեկման մասով՝ շեշտելով՝ իրենք եւս շահագրգռված են վերացնել անվտանգության կանոններից շեղումները։

«Հայփոստում» դիտարկումները գրասենյակային մասում եւ հաճախորդների հետ աշխատելու հատվածում որոշ թերություններ են արձանագրել․ գրանցամատյանները հին ձեւաչափով են եղել, օգտագործված դիմակների եւ ձեռնոցների աղբամանները բավարար թվով չեն եղել։ Հաճախորդների ջերմությունը չի չափվել։ Իրազեկման թերթիկները դեռ պարետի հաստատած ժամանակվա են եղել։

Կապի օպերատորների գրասենյակներում դիտարկումները լուրջ խախտումներ չեն գրանցել։ Դիտարկվել են նաեւ նաեւ մարտկոցների, սննդի արտադրություններ եւ տպագրական ընկերություն։ Արձանագրված խախտումները շտկելու հանձնարարականներ են տրվել։ Կրկնայցերի միջոցով կպարզվի դրանց կատարումը։