«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
-Տիկի՛ն Վարդանյան, Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Ա.-ի՝ Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Ըստ մեղադրանքի՝ նա մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա երկու կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին՝ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով։ Ձեր կարծիքով՝ այս գործի իրավական և հանրային նշանակությունն ինչո՞ւմ է։
– Ողջունելի եմ համարում նման գործընթաց սկսելը, ու ցանկալի է, որ ցանկացած քրեական գործ մինչև վերջ հասնի, ու բոլորս տեսնենք արդյունքը: Կոնկրետ գործը շատ երևանցիների համար ցավոտ է, հարցը միայն այն չէ, որ օտարվեցին այն տարածքները, որոնք պետք է հանրային դառնային, այլ սրանք այնպիսի տարածքներ էին, որոնք հետագայում պետք է ծառայեին քաղաքի համար՝ այգիների, պուրակների տարածքներն ընդլայնելու հնարավորություն էին տալու: Եթե ժամանակին այս ամբողջը տեղի չունենար, ու քաղաքապետարանի կողմից գրագետ աշխատանք իրականացվեր, մենք ունենալու էինք էկո ծառայություն, այնտեղ տնկվելու էին ծառեր:
Ասածս այն է, որ հարցը միայն այդ բազմամիլիոնանոց չարաշահումը չէ, սա շատ ավելի մեծ գործընթաց է: Սա ձեռագրային մի սխեմա է, որ երկար տարիներ գործել է ու գործում է նաև այսօր՝ նույն 60 հոդվածի հողերում որոշակի գործողություններ են իրականացվում: Սա դրական է նաև այն առումով, որ պաշտոն զբաղեցնող անձինք գիտակցեն, որ ցանկացած իշխանություն ունի վերջակետ, որից հետո իրենց կատարած բոլոր գործողություններն արժանանալու են գնահատականի, ընդհուպ իրավական: Ցանկացած անօրեն գործողություն պետության մեջ պետք է պատժվի՝ անկախ կատարման ժամկետներից:
– Սպասելի՞ էր, որ նման քրեական վարույթ կհարուցվի:
– Երևույթն ինքնին զազրելի է, իհարկե չենք մոռանում անմեղության կանխավարկածը, բայց հարցը միայն այս գործը չէ, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման գործեր կան, որովհետև բոլորս ենք հիշում, թե Երևանի կանաչ ֆոնդի հետ ինչ տեղի ունեցավ: Ցանկալի է նաև, որ այսօր մեր փողոցները ծառերից զրկած անձինք հիշեն, որ դրանք ևս լուրջ վերահսկվող գործողություններ են, ու հետո ենք հարցնելու՝ ի՞նչ պատահեց, որ հենց 2023 թվականի մայիսին ընդունվեց այդ օրենքը, որ հետայսու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների (ՇՄԱԳ) կարիք չկա: Ուրախ եմ, որ այս գործը տեսանք, բայց ուզում եմ, որ շարունակական լինի, ու բոլոր օտարված, բայց հանրությանը պատկանող տարածքները վերադարձվեն:
– Տիկի՛ն Վարդանյան, նկատի ունեք, որ նմանատիպ շա՞տ գործեր կան, որոնց պետք է իրավական գնահատական տրվի:
– Այդ հարցին կցանկանամ, որ իրավապահները պատասխանեն, բայց այն, որ Երևանն ուներ մեծաքանակ կանաչ գոտիներ, բայց այսօր ունենք այս շատ ծանր վիճակը, կարելի է ենթադրություններ անել: Այս գործը, որը ընթանում է, հենց այդ ռեզերվային հատվածներն էին, որոնք ժամանակի մեջ պետք է ծառայեին ապագա կանաչ գոտիներ ստեղծելուն: Մենք ունենք նաև այնպիսի տարածքներ, որոնք օտարվել են, դարձել Ա, Բ, Ց, Դ մեծահարուստների սեփականություն, մեկին պատժում են, մյուսին՝ ո՛չ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















