Մեր իշխանության օրոք եթե խոսքի համար մարդկանց կալանավորեին, այսօրվա վարչապետը ԱԺ-ում ելույթի իրավունքից կզրկվեր. Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, թատերագիր Վահրամ Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, ձերբակալվել է Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակման համար։ Նման դեպքերում հաճախ համեմատություն է անցկացվում նախկին և ներկա իշխանությունների գործելաոճի միջև։ Ձեր քաղաքական թիմի իշխանության տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ մարդկանց կալանավորել են գրառումների կամ արտահայտած խոսքի համար։

– Մեր իշխանության օրոք եթե խոսքի համար մարդկանց կալանավորեին, ապա առնվազն այսօրվա վարչապետն ու իր թիմակիցների մի մասը պառլամենտում ելույթ ունենալու իրավունքից կզրկվեին: Էլ չեմ ասում, որ 2018 թվականին պարոն Միրզոյանն ու տիկին Նազարյանը իմ նիստ վարելու ընթացքում չէին կարող նման ակցիա իրականացնել: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչն են ինչի հետ համեմատում, եթե Հայաստանում մեր ժամանակ ժողովրդավարություն չկար, ապա իրենք ինչպե՞ս էին այդ ակցիաներն իրականացնում: 

Ատելության խոսքը, ցենզուրայից դուրս բառապաշարը ովքե՞ր են բերել՝ իրենք ու իրենց սատելիտները, ու այն, ինչ կատարվում է ձեր ասած մարդու հետ, ակնհայտ կրկնակի ստանդարտների դրսևորում է։ Ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց ակնհայտ է, որ գործում է ընտրովի արդարադատություն, սա արվում է ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով՝ ո՛չ միայն քաղաքական, այլ նաև՝ հասարակական: 

Եթե իրենք իսկապես պայքարում են հայհոյախոսության դեմ, բա ինչո՞ւ մի օր չտեսանք, որ հենց իրենցից մեկին ձերբակալեին: Այսօրվա ղեկավարի բառապաշարը մի հատ նայեք, նրա թիմակիցների բառապաշարը նայեք, օրը ցերեկով ընդդիմությանը ծեծի են ենթարկել, ինչ հայհոյանք ասես տվել են, իրավապահ մարմինները ո՛ր մեկին են ձերբակալել, ակնհայտ է, չէ՞, որ երկակի ստանդարտների հետ գործ ունենք, ինչն արվում է եվրոպական կառույցների լռության պայմաններում: Նույն Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու այլոց վերաբերյալ նրանց արտահայտությունները ո՞վ չի հիշում, ես հիմա չեմ ուզում դրանք կրկնել, մարդկանց անմեղության կանխավարկածն են խախտում, ու նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Ես երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունի ոչ կոռեկտ բառապաշարը, բայց նաև չեմ ընդունում երկակի մոտեցումները նույն հարցի վերաբերյալ: 

– Այսինքն՝ չե՞ք կիսում իշխանությունների այն գնահատականը, որ 2018 թվականից հետո Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության մակարդակը էապես բարելավվել է՝ նախորդ իշխանությունների ժամանակաշրջանի համեմատ։

– Ո՞րն է ժողովրդավարությունը, ընդդիմությանը դահլիճում ծեծի ենթարկե՞լը, այլընտրանքային կարծիք չլսե՞լը, տասնյակ ու հարյուրավոր քրեական գործե՞րը, խոսքի համար մարդկանց ձայնից զրկե՞լը: Այս մարդիկ ի զորու չեն այլընտրանքային կարծիք լսել, ես էլ եմ խորհրդարանում նիստ վարող եղել, իրենք էլ, տեսանյութերը դրեք ու համեմատեք. իմ նիստ վարելու ընթացքում եղե՞լ է մի դեպք, որ ընդդիմադիր պատգամավորը խոսքի իրավունքից զրկվի, էլ չեմ ասում դահլիճից հեռացվի: 

Թե՞ մենք «Ազգային ժողովի կանոնակարգին» չէինք տիրապետում, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ապրիլյան դեպքերի ժամանակ չե՞ն եկել պառլամենտ, ես իրենց ակցիան խոչընդոտել եմ, թե՞ ես չէի կարող անվտանգության աշխատակիցներին ասել՝ եկեք տարեք սրանց: Պառլամենտարիզմը կարծիքների բախում է, պարտադիր չէ, որ բոլորը քո կարծիքն ընդունեն:

– Պարո՛ն Շարմազանով, հնարավո՞ր է, որ ձեր իշխանության տարիներին եվրոպական կառույցների հնարավոր արձագանքը զսպող, կաշկանդող գործոն էր, և հենց այդ պատճառով իշխանությունը խուսափում էր նման քայլերից:

– Ես կաշկանդված եմ եղել իմ արժեքներով ու դաստիարակությամբ և իմ կուսակցական ղեկավարի այն արժեհամակարգով, որ, այո՛, ես կուսակցական եմ, բայց ես խորհրդարանում բոլորի փոխնախագահն եմ, ու իմ խնդիրը պետք է լինի ժողովրդավարության ապահովումն ու պահպանումը: Ես երբեք սվիններով չեմ ընդունել քննադատությունը, իհարկե, ինձ դուր չի եկել, երբ ինձ քննադատել են, բայց ես շատ լավ հասկացել եմ, որ մարդիկ ունեն այլ կարծիք: Երբ ես ասել եմ՝ «եթե որևէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով», հիմա էլ եմ գտնում, որ դա շատ ճիշտ ու արդար արված հայտարարություն էր, բայց նաև հասկացել եմ այն մարդկանց, որոնք համակարծիք չէին այդ մտքին, դա նրանց իրավունք է, բայց ես երբեք չեմ վիրավորել այդ մարդկանց: 

Մենք էլ ենք մեծամասնություն եղել խորհրդարանում, ո՞ր պատգամավորին ենք ծեծել նիստերի դահլիճում կամ դրանից դուրս, կամ անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս հանել: 

Ով ինչից խոսի, նրանք թող ժողովրդավարությունից չխոսեն, իրենք ի՞նչ կապ ունեն ժողովրդավարության հետ: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երկու անգամ Արմեն Աշոտյանին համարեց քաղաքական բանտարկյալ: Այն գործիչները, որոնք իրենց քիմքին հաճո բաներ են ասում ու անում, խնդիր չունեն, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը իրենց հետ կոալիցիայի մեջ էր, խոշոր սեփականատեր էր, հենց սկսեց քննադատել իրենց քաղաքականությունը, հիշեցին, որ «թալանչի՞» է: 

Ժողովրդավարությունը ենթադրում է բազմակարծություն, հանդուրժողականություն, իշխանության բուրգը նայեք՝ քանի՞ հանդուրժող ու քննադատությունը ընդունող մարդ գիտեք, ով ասում է բաներ՝ առանց վիրավորանքի, ընդ որում, ինչն իրենց դուր չի գալիս, ելնում են ու հրապարակայնորեն ինչ ասես ասում են: Քաղաքականության մեջ վիրավորանքը, հայհոյանքն ու ատելության խոսքն իրենցից են դուրս եկել, բացեք ու նայեք այս տարվա ընտրարշավը, լսեք Նիկոլ Փաշինյանի բառապաշարն ու ելույթները, այլակարծության ու քննադատության համար մարդկանց գործից ազատեցին, բանտարկեցին, սա՞ է ժողովրդավարությունը: 

– Ձեր գնահատմամբ՝ նման գործելաոճը կարո՞ղ է իրականում սահմանափակել կամ լռեցնել այլակարծությունը։

– Քանի դեռ իշխանության են, ստացվում է, որ կարողանում են ու հաջողում են, իհարկե հավերժ չեն հաջողի, բայց երբ ասում են, որ իրենք ժողովրդավար են, մեղմ ասած, ծիծաղելի է: Այն, ինչ իրենք ասում ու անում են, բնորոշ է տոտալիտար մտածելակերպի տեր մարդկանց, ժողովրդավարությունը, կրկնում եմ, բազմակարծությունն ու հանդուրժողականությունն է, իսկ այս մարդիկ դրան պատրաստ չեն, ով իրենց «Իրական Հայաստանին» դեմ է արտահայտվում, դարձնում են կա՛մ «ռուսի շպիոն», կա՛մ «ահաբեկիչ»: Իրենք կապ չունեն ժողովրդավարության հետ, ուղղակի եվրոպական կառույցներն իրենց օգտագործելով որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ, ամեն ինչ անելու կանաչ լույս են տվել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am