ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիների փոխանակմանը, պատասխանելով հարցին՝ արդյոք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակո՞ւմ էր, թե՞ խոսքը այլ գործընթացի մասին է:
«Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա:
Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը: Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը: Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:
Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և հայրենիք վերադարձի կապակցությամբ,- ասել է Նաղդալյանը:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից