ԱՄՆ Սիեթլ քաղաքի կենտրոնում անցկացվող սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, այդ թվում՝ 2-ամյա երեխա։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին և Սիեթլի քաղաքապետարանի տարածած տեղեկությանը։ Ըստ հաղորդագրության՝ կասկածյալը ձերբակալվել է։ Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի՝ Bite of Seattle սննդի փառատոնի ժամանակ, որը անցկացվում էր Seattle Center-ում՝ հայտնի Space Needle աշտարակի հարևանությամբ։
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել տարածքից, քանի որ իրավապահները հետաքննում էին միջադեպը։ Սիեթլի ոստիկանությունը X-ում հայտնել է, որ Seattle Center-ում կրակոցներ են հնչել, կան բազմաթիվ տուժածներ։
The Seattle Times-ը և տեղական KOMO հեռուստաընկերությունը, հղում անելով Սիեթլի հրշեջ ծառայությանը, հայտնել են զոհերի և վիրավորների թվի մասին։ Վկաները Seattle Times-ին ասել են, որ կրակոցները լսել են տեղական ժամանակով մոտ 18:00-ին։
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Seattle Center-ում, սարսափելի բռնության ակտ էր»,– հայտարարել է Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը՝ նշելով, որ կասկածյալը ձերբակալվել է։
Քաղաքապետի խոսքով՝ տուժած ընտանիքներն ապրում են իրենց կյանքի ամենածանր պահերը, իսկ ամբողջ համայնքը փորձում է հասկանալ, թե ինչպես մշակույթի, շփման ու ուրախության շուրջ կառուցված հավաքը կարող էր ավարտվել ողբերգությամբ։



















