Զրպարտության ու վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափի բարձրացումը չի լուծի լրատվական դաշտում առկա խնդիրները. Գայանե Աբրահամյան

ԶԼՄ-ներով տարածվող զրպարտության ու վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափի բարձրացումը չի լուծի լրատվական դաշտում առկա խնդիրները։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծին։

Ըստ Աբրահամյանի՝ փոխհատուցման չափերի բարձրացումը լուծում չի տալու հատկապես այն իրավիճակում, երբ դատական պրոցեսները բավական երկար են տևում։ 

«Եթե զրպարտության ու վիրավորանքի հետևանքները շատ արագ պետք է վերացնել, ապա այս պայմաններում այդ դատական գործերը տարիներով կձգվեն։ Որքան էլ տուգանքը բարձրացնես, լրատվամիջոցը կիմանա, որ զրպարտություն արեց, այս պահին իր խնդիրը լուծեց, երկու տարի հետո կամ դատարանի վճռով սահմանված գումարը կվճարի, կամ էլ սնանկ կհայտարարի իրեն և դա էլ չի վճարի։ Այսինքն՝ կստացվի, որ մենք խնդիրն այնուամենայնիվ չենք լուծում»,- «Մեդիալաբին» ասում է Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իրականում այն, ինչ կատարվում է այսօր լրատվական դաշտում, կարելի է ասել՝ աննախադեպ է։ Եվ վերջին երկու-երեք տարիների ընթացքում զրպարտության ու վիրավորանքի հոդվածով գործերը շատ են, որովհետև զրպարտությունն ու վիրավորանքն ամենօրյա պրոցեսներ են դարձել։

«Եվ անգամ բավական լուրջ համբավ ունեցող լրատվամիջոցների համար էլ զրպարտելը, վիրավորելը դարձել են սովորական գործելաոճ։ Այն, որ այստեղ լուծումներ պետք է գտնել և իրավիճակը կանոնակարգել, քննարկման ենթակա չէ։ Բայց ես վստահ չեմ, որ փոխհատուցման չափի բարձրացումն է լուծումը»,- հավելում է նա։ 

Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության է արժանացել Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Եթե գործող օրենքով վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում, ապա այս օրենքի նախագծով առաջարկվում է փոխհատուցման գումարի չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը։

Զրպարտության դեպքում գործող օրենքով անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում, իսկ Ալեն Սիմոնյանն առաջարկում է այն սահմանել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով։ Եվ ստացվում է, որ վիրավորանքի դեպքում 1 մլն դրամ փոխհատուցման առավելագույն չափը սահմանվում է 5 մլն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն սահմանաչափը՝ 10 մլն դրամ։

Ալեն Սիմոնյանի նախագիծը հանձնաժողովը հաստատեց՝ պայմանով, որ փոխհատուցման չափը կքննարկեն։ Կառավարությունն առաջարկում է վիրավորանքի դեպքում սահմանել ոչ ավելի, քան 2 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ ոչ ավելի, քան 3 մլն դրամ փոխհատուցման չափ։ Ըստ Կառավարության՝ այսկերպ հնարավոր կլինի ապահովել արդար հավասարակշռության սկզբունքը և վտանգ չներկայացնել խոսքի ազատությանը։

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ զրպարտության հիմնական չափաբաժինն այսօր իրականացվում են, այսպես կոչված, «սունկ» կայքերի միջոցով, որոնք իրավաբանական անձ չեն, որոնց հայտնաբերելն ու դատի տալը մեծ հաշվով գրեթե անհնար են։

«Մեխանիզմն այսպես է՝ իրավաբանական անձ չհանդիսացող «սունկ» կայքի միջոցով հրապարակում են, հետո տարբեր կայքեր՝ գրանցված ու իրավաբանական անձ համարվող լրատվամիջոցներ, հղում տալով դրան և պատասխանատվությունն իրենց վրայից գցելով, վերահրատարակում են այդ տեղեկությունը։ Ո՞ւմ պետք է դատի տաս, ումի՞ց պետք է պահանջես բարձրացված փոխհատուցումը։ Այսինքն՝ մեծ հաշվով, եթե անգամ 1 մլն դոլար փոխհատուցման չափ սահմանվի, այդ խնդիրը չի լուծվում»,- ասում է Աբրահամյանը։

Պատգամավորը հարցի լուծումն այսպես է տեսնում. ԶԼՄ-ների մասին օրենքում պետք է փոփոխություն կատարվի, որպեսզի լրատվամիջոցները շատ պատասխանատու լինեն այն անհայտ կայքերին ու նյութերին, որոնց հղում են տալիս։ 

«Որևէ պատասխանատվություն չունեցող լրատվամիջոց կոչվող կայքերի նյութերը վերատպելը, հավելյալ դիտումներ ապահովելը չեն կարող ընդունելի լինել, պետք է պատասխանատվություն ստանձնելու չափանիշ լինի, բայց այստեղ լուծումները պետք է լինեն միջազգային արդեն իսկ ընդունված նորմերին համապատասխան։ Սրանք բոլորը քննարկելու հարցեր են, այս մեխանիզմները պետք է փոխվեն, ոչ թե փոխհատուցման չափերը բարձրացվեն»,- ասում է Գայանե Աբրահամյանը։

Այն հարցին, թե արդյոք նման քայլերով իշխանությունը փորձում է ճնշո՞ւմ գործադրել մամուլի վրա, Գայանե Աբրահամյանը պատասխանեց. 

«Սա որևէ կերպ չի կարող ճնշում դիտարկվել։ Խնդիրն իսկապես առկա է, և այդ խնդրի լուծման տարբերակներ են առաջարկվում։ Մեկը կարող է ընդունելի լինել, մյուսը՝ ոչ։ Կառավարությունը գտնում է, որ փոխհատուցման չափը չի կարող այդքան բարձր լինել, և առաջարկում է նվազեցնել։ Եվ նախագծի հեղինակն էլ դեմ չէ նվազեցնելուն, այսինքն՝ այստեղ որևէ կերպ մամուլին ճնշելու խնդիր դրված չէ»։

Աբրահամյանը հիշեցնում է, որ երբ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվեցին, ո՛ր քաղաքական գործիչն էր դա օգտագործում ԶԼՄ-ների դեմ։ 

«Ռոբերտ Քոչարյանը գրեթե բոլոր լրատվամիջոցներին, որոնք որևէ կերպ իր դեմ բան էին գրում, դատի էր տալիս։ Եվ դատարանը միշտ որոշում էր հաստատել փոխհատուցման ամենաբարձր սահմանաչափը՝ 2 մլն դրամը։

Այդ դեպքում հասկանալի էր, որ դա ակնհայտորեն դարձել էր գործիք մամուլի դեմ։ Այս իրավիճակում, երբ մեր քաղաքական ուժի համար խոսքի ազատությունը բարձրագույն ու անքննելի արժեք է, որևէ կերպ խոսել ճնշման նպատակների մասին, հնարավոր չէ»,- ասում է Գայանե Աբրահամյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am