Անվտանգային համակարգի ձևավորումը չի ենթադրում միայն զենքի մատակարարման խնդիրների լուծում. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, Ֆրանսիայից մատակարարվող զենքը Հայաստան տարբեր քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել, նախ կխնդրեմ ասեք, թե որքանո՞վ այն կարող է օգնել Հայաստանին վերականգնելու Ադրբեջանի հետ խախտված ռազմական բալանսը, ու առհասարակ, քաղաքական առումով, Ֆրանսիայից ի՞նչ առարկայական քայլեր սպասենք։

– Պետք է հասկանալ, որ սա դեռ առաջին քայլն է, ու բալանսի վերականգնման մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ, պետք չէ այդքան հեռանկարային վերլուծություններ անել։ Սրանք լոկալ առաջին քայլերն են, որոնք ռազմական ոլորտում մեծ ազդեցություն չեն ունենալու, երբ ռադարները հասնեն, այն ժամանակ, այո՛, կարելի է խոսել դրա մասին էլ, բայց հիմա դա ուղղակի քայլ է ռազմական դիվանագիտության մեջ, երբ Հայաստանը սկսում է ռազմական հարաբերություններ կառուցել ոչ թե Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ, այլ Ֆրանսիայի ու զուգահեռ Հնդկաստանի հետ։ 

Այս քայլերը պետք է շարունակվեն, ավելի խորանան, թեև մենք խնդիրներ կունենանք, որովհետև Հայաստանի ռազմական ու անվտանգային համակարգը կառուցված է Ռուսաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգի հետ սինքրոնացված։ Եթե Հայաստանն ուզում է սկսել խոր ու իրական բարեփոխումներ, պետք է լուծի այդ խնդիրը ու տարանջատի համակարգերը Ռուսաստանի համակարգերից, առանց դրա չի ստացվի խոսել իրական ու լայն բարեփոխումների մասին։

– Այսինքն՝ դեռ վա՞ղ է ասել, որ այնտեղից ստացված զենքով կկարողանանք ապահովել ռազմական բալանսի վերականգնումը Ադրբեջանի հետ։ 

– Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի հետ ռազմական բալանսը վերականգնելը շատ դժվար է լինելու, որովհետև Ադրբեջանը 2010-11 թվականներից Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի օժանդակությամբ ստեղծել է ասիմետրիկ վիճակ, ու Հայաստանի ռազմական ներուժը երկու-երեք անգամ ավելի պակաս է Ադրբեջանից: 

Բացի դրանից, 2020 թվականին սկսված պատերազմը ապացուցեց Հայաստանին, որ մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլև ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի հետ, ու պետք է մտածել ոչ այնքան Ադրբեջանի մասին, այլ՝ ինչպես դիմադրել Թուրքիային ու Ռուսաստանին, սա լրիվ ուրիշ խնդիր է։ 

Այդ բալանսն ապահովելու համար պետք է սկսել կառուցել բոլորովին այլ անվտանգային համակարգ, ինչը լուծելի խնդիր է, այլ հարց է, որ մենք երեսուն տարի դրանով չենք զբաղվել։ Անվտանգային համակարգի ձևավորումը չի ենթադրում միայն զենքի մատակարարման խնդիրների լուծում, դու պարտավոր ես կառուցել ռազմական անվտանգության նոր համակարգ, որն ենթադրում է բազմաթիվ քայլեր, ոչ միայն զենքի ձեռքբերում։ Դու կանգնած ես քո ռազմական ու ազգային անվտանգության համակարգի կերպարանափոխման գործընթացի անհրաժեշտության առաջ, ու միայն զենք առնելով այդ խնդիրը չես լուծելու, պետք է կարողանաս գտնել իրական դաշնակիցներ, ոչ թե թշնամիներ՝ դաշնակցի հանդերձանքով։ Այս խնդիրները պետք է լուծել համապարփակ մոտեցմամբ, այլ լուծում չկա։ 

– Պարո՛ն Արզումանյան, Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Ֆրանսիայի այս քայլին, ասել է, որ «Ֆրանսիան լավություն չի անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան»։ Այս հայտարարությունը սպառնալիք է միայն Հայաստանի՞ն, թե՞ նաև Ֆրանսիային, ու արդյոք սա սպառնալի՞ք է։

– Դա սպառնալիք է իհարկե, ու սպառնալիք է նախևառաջ Հայաստանին: Մտածել, որ Թուրքիան կհամարձակվի սպառնալիք նետել Ֆրանսիային, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մի քիչ ճիշտ մոտեցում չէ: Սա ուղղակի Էրդողանի ամբիցիաներն են ու իր հռետորաբանությունը Ֆրանսիայի նկատմամբ, բայց Հայաստանի համար դա իհարկե սպառնալիք է, ու Թուրքիան կարողացել է Ռուսաստանի հետ հասնել իր նպատակներին 2020 թվականին սանձազերծած պատերազմում, որովհետև Հայաստանը պատրաստ չէր, չուներ դաշնակիցներ, ու երբ Հայաստանը փնտրում է ու կա մեծ հավանականություն, որ կգտնի նոր, իսկական դաշնակիցներ, դա Թուրքիային, Ռուսաստանին իհարկե մտահոգում է։ 

Այստեղ է, որ մենք կանգնում ենք շատ խոր հարցի առջև․ քանի դեռ Հայաստանում կա Ռուսաստանի ռազմական ներկայություն, քանի դեռ Հայաստանը պահպանում է Ռուսաստանի հետ իր երկկողմանի ռազմական կապերը, իմ կարծիքով, անհնար է լինելու հասնել խոր բարեփոխումների։ Հայաստանը պետք է այս խնդիրն իր առաջ դնի ու լուծի, բայց նման կապերը խզելը ոչ միայն անվտանգային, այլ նաև տնտեսական խնդիրներ են ստեղծելու: Այս խնդիրը լուծելու համար Հայաստանը ստիպված է խզել իր բոլոր կապերը, որոնք ստեղծել է 30 տարի, սա բավականին բարդ ու խոր խնդիր է, բայց այլ ելք չունեն, եթե ուզում են ինքնիշխանությունը պահել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am