Ես սպասարկում եմ ճշմարտության օրակարգը կամ այն, ինչ համարում եմ ճշմարտություն, իրենք ո՞վ են, որ ես իրենց ընդդեմ լինեմ. Արքեպիսկոպոս 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 

– Սրբազա՛ն, իշխանությունը կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ ի դեմս Մայր Աթոռի։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ եկեղեցին խախտել է Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ մի՛ ստիր, երբ ասում է, թե Տավուշից տարածքներ են հանձնվելու։ Ձեր դիտարկումը խնդրեմ։

– Իսկ իրենք ո՛վ են, որ պետք է մեղադրեն, մենք էլ պետք է մեղադրանքները լուրջ ընդունենք։ Իրենք ինչ ասես կարող են ասել, հիմա մենք պետք է լո՞ւրջ ընդունենք իրենց ասածները։ 

– Այսինքն՝ լուրջ չե՞ք վերաբերվում։

– Իհարկե լուրջ չեմ վերաբերվում։

– Իսկ հանրության շրջանում նման հայտարարությունները Եկեղեցու վերաբերյալ որոշակի կարծիք, տպավորություն չե՞ն ստեղծում։

– Ո՛չ։ Այն, որ իրենք ասում են, որ մենք ստո՞ւմ ենք։ Գիտեք, միշտ էլ ստախոսն ավելի շատ է խոսում ուրիշի ստի մասին, իրենք պաթոլոգիկ ստախոս են, մենք կարող է մի երկու հատ վրիպենք, մի բան սխալ ասենք, մի բան թաքցնենք, բայց մենք ստախոս չենք, իսկ իրենք պաթոլոգիկ ստախոս են, բուժման կարիք ունեն՝ իբրև ստախոս, բժշկի պետք է դիմեն, իրենց մոտ արդեն հիվանդություն է, պաթոլոգիա, մերը կարող է վրիպում լինել, թեև այս պարագայում մենք ոչինչ չենք ստել, իսկ իրենք ստով ապրում են։ Հետևաբար ստախոսը երբ ինչ-որ մեկին ստի համար է մեղադրում, դա ընդամենը ժպիտ է հարուցում, ուրիշ ոչինչ։ 

– Սրբազա՛ն, իշխանությունն ասում է, թե իրենք Տավուշից տարածք չեն հանձնում, այն, ինչ տալիս են, ըստ իրենց՝ Ադրբեջանինն է ու պետք է վերադարձնել։

– Ո՞նց ու որտեղի՞ց որոշեցին, որ Ադրբեջանինն է, երբ որ ո՛չ սահմանազատում է եղել, ո՛չ սահմանագծում, ինչի՞ց որոշեցին, որ Ադրբեջան է։ Այդ ինչպե՞ս եղավ Ադրբեջան, որ վերջին 35 տարում Հայաստանի վերահսկողության տակ է, այդ ինչպե՞ս եղավ Ադրբեջան, երբ ՀՀ վարչապետն այդ ճանապարհով գնում է Ոսկեպար, բա ինչո՞ւ է սահմանը խախտում, չի՞ ամաչում, ինչո՞ւ է Ադրբեջանի տարածքով գնում Ոսկեպար, ամո՛թ իրեն, ես իր տեղը կամաչեի։ 

Ուրեմն ո՞վ է ստում, ինքն այդ տարածքով 30 տարի գնացել-եկել է, դեռ իր մանկության փուչ օրերից, հիմա պարզվեց, որ այդ ճանապարհով չպիտի գնանք, որովհետև դա Ադրբեջանի տարա՞ծք է։ Թող սահմանազատումը, սահմանագծումը լինեն, հետո նոր կերևա՝ որն ում տարածքն է։ Չեղած բանի մասին ինչ է խոսում, ուրեմն ստում է ինքը, ու ինքը պաթոլոգիկ ստախոս է ու իր պաթոլոգիկ ստախոսությամբ վարակել է իր ողջ շրջապատին։ 

– Նույն պատգամավորն իր խոսքում հիշատակել է «ընդդիմադիր արքեպիսկոպոսի»։ Դուք ձեզ այդպիսին համարո՞ւմ եք։

– Իրենք ո՞վ են, որ ես իրենց ընդդեմ լինեմ, ես երբեք ընդդիմադիր չեմ եղել կամ եղել եմ միշտ ընդդիմադիր, հիմա ոնց ուզում եք՝ հասկացեք։ Հազար անգամ եմ ասել, որ ես ո՛չ աջից եմ, ո՛չ ձախից եմ, ես այնտեղ եմ, որտեղ համարում եմ, որ ճշմարտությունը Է։ Եթե սխալվում եմ ճշմարտության փնտրտուքի մեջ, թող այդ մասին վկայեն, ասեն, որ այստեղ սխալվում ես, Սրբազա՛ն, ճշմարտությունը դա չէ, այս է։ Բայց ես երբեք որևէ կուսակցության կողքը չեմ, որևէ քաղաքական ուժի կողքը չեմ, որևէ քաղաքական ուժի օրակարգ չեմ սպասարկում։ Ես սպասարկում եմ ճշմարտության օրակարգը կամ այն, ինչ համարում եմ ճշմարտություն, հետևաբար ես ընդդիմադիր չեմ եղել ո՛չ առաջ, ո՛չ հիմա կամ ընդդիմադիր եղել եմ միշտ՝ և՛ նախկինում, և՛ այժմ, ինչպես ուզում եք՝ այնպես հասկացեք։

– Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանությունը վերջին օրերին ակտիվորեն շրջանառում է պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցնելու թեզը․․․

– Մենք էլ ենք դա սահմանազատում, բայց ոչ այնպես, ինչպես ինքը։ Մենք ասում ենք, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը չի արտացոլում ոչ թե պատմական Հայաստանը, չի արտացոլում հայ ժողովրդի շահերը, կենսունակ չէ ինքն իր այս կենսատարածքով, այն շրջապատի մեջ, ինչի մեջ ապրում է։ Այս տարածքը գծված է Ցեղասպանությամբ ու ստալինյան տեռորի կողմից, իսկ այդ սահմաններն ընդունելը նշանակում է արդարացնել Ցեղասպանությունն ու ստալինյան տեռորը։ 

Այս սահմանները ո՛չ ռեֆերենդումով են գծված, ո՛չ հայ-թուրքական ինչ-որ հաշտեցման հանձնաժողովի կողմից են գծված։ Ես էլ եմ ասել՝ արևմտյան սահմանները գծված են Ցեղասպանությամբ, արևելյան ու հարավարևմտյան սահմանները՝ տոտալիտար վարչակարգի կողմից։ Ո՞նց կարող են այդպիսի սահմանները վավերական լինել: 

Շատ պարզ է, որ այդ սահմանները ձեռնտու են Ադրբեջանին ու Թուրքիային, ու դրա համար իրենք պաշտպանում են այդ սահմանները ու այդ իրավական ակտերը, որոնցով այդ սահմանները գծվել են, մենք իրավունք չունենք տրվել թուրք-ադրբեջանական օրակարգին։ Խոսքն այստեղ պատմական Հայաստանի մասին չէ։ Պատմական Հայաստանը շատ ավելի մեծ է, գնում է մինչև Կիլիկիա, մինչև Միջերկրական ծով, խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է՝ Ցեղասպանության հատուցում լինելո՞ւ է, թե՞ ոչ, այդ թվում՝ տարածքային։ 

Նույնը՝ տոտալիտար վարչակազմի կողմից Ադրբեջանին նվեր տրված տարածքների մի մասը վերադարձվելո՞ւ է օրինական տիրոջը, թե՞ չէ։ Ինքը դա տանում, մտցնում է «պատմական Հայաստան» անորոշ տերմինի տակ, որպեսզի ներկայացնի իր թեզը՝ եկեք պատմական Հայաստանից հրաժարվենք, որպեսզի իրական Հայաստանը փրկենք։ 

– Սրբազա՛ն, ըստ ձեզ՝ իշխանության պատկերացրած իրական Հայաստանը ո՞րն է։

– Այս 29800-ն է կամ այնքանը, որն Ադրբեջանը ու Թուրքիան թույլ կտան, որովհետև ինքը սպասարկում է ադրբեջանա-թուրքական օրակարգ, ինքը հայկական օրակարգ չի սպասարկում, շատ պարզ է։ Իսկ թուրքը չի բավարարվի 29800-ով, հաջորդ քայլը լինելու է ադրբեջանցիների տոտալ վերադարձը Հայաստան՝ առանց հայերի վերադարձի Ադրբեջան, Թուրքիա, դիմացը ոչինչ չկա, միայն զիջումներ են։ 

Իրենց պատկերացրածը Հայաստանը դարձնելն է բուֆերային գոտի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Օրինակ՝ ինչի՞ համար Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, որովհետև Թուրքիայի երազանքն է սահման չունենալ Ռուսաստանի հետ, դրա համար իրեն պետք է թույլ, տկար Հայաստանը՝ որպես բուֆերային գոտի իր ու Ռուսաստանի միջև և նաև իր ու Ադրբեջանի միջև, որպեսզի բոլոր տեսակի հարցերն իրենք լուծեն այս չեզոք տարածքում հայերի հաշվին, հայերի ձեռքով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am