Քաղաքացին տեղաշարժման թերթիկը պետք է լրացնի անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս․ փոխոստիկանապետ

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ազատ տեղաշարժի սահմանափակումների օրերին տնից դուրս գալու ցանկացած դեպքում քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն տեղաշարժման թերթիկը՝ պատասխանատվության զգացումը բարձրացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող մտահոգություններին, արդյոք տան հարևանությամբ գտնվող խանութ գնալիս պետք է ունենան տեղաշարժման թերթիկ, թե ոչ։

«Այդ թերթիկը քաղաքացիները պետք է պարտադիր լրացնեն տնից դուրս գալիս, անկախ նրանից գնում են իրենց տան կողքին գտնվող խանութ, թե ավելի հեռու գտնվող այլ վայր։ Տեղաշարժման թերթիկն ամեն անգամ լրացնելով մարդը կսկսի հասկանալ, թե ինչ է պատասխանատվության զգացումը։ Այդ ամենն այս գործընթացում օբյեկտիվություն կմտցնի»,- նշեց Մհրյանը։