Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել. Էրիկ Իսրայելյանը զղջում է

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արածների համար և բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին խնդրում է ներողամիտ լինել իր նկատմամբ՝ թույլ տալով մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին բռնցքամարտիկը հայտարարել է Ararat TV-ին տված հարցազրույցում:

«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ Հովհաննես Հովսեփյանին և Կարեն Գիլոյանին, որպեսզի ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հուլիսի 6-ի նիստում հավանության էր արժանացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծը:

Հարցին՝ արդյոք զղջման պատճառը տարկետումից զրկվելն է, Իսրայելյանը բացասական պատասխան է տվել:

«Որոշմանս պատճառն այն է, որ ես ցանկանում եմ Բաքվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ծածանել հայոց եռագույնը. ձեռքիցս չեմ ցանկանում բաց թողնել շանսը, քանի որ լավ մարզավիճակում եմ ու գիտեմ, որ կարող եմ դա անել»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: