Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։
Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։
Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։
«Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։