Կայացավ «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացավ «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը
Կայացավ «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 5-ին Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում կայացավ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կառուցված, Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:

Պուրակի բացումն ուղեկցվեց տոնական համերգով: Ելույթ ունեցան Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլը, երգիչներ Էրիկը, Արսեն Գրիգորյանը (Մրո):

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Համալսարանական» պուրակի կառուցմամբ, ըստ էության, ազդարարվում է 2008թ.-ին մեկնարկած և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտը:

«Այգին անշուշտ անհրաժեշտություն է ոչ միայն այս թաղամասի համար, այլ քաղաքային կենսակերպ վարող բոլոր քաղաքացիների: Անցյալ տարի` վարձակալական հիմունքներով, 50 տարի ժամկետով Երևանի քաղաքապետարանից ձեռք էինք բերել պուրակի կառուցման իրավունքը, իսկ այսօր, ահա,  ի ցույց ենք դնում արված աշխատանքը, որը կատարվել է 100%-ով: Շուրջ 200 մլն դրամի ներդրման արդյունքում ստեղծել ենք այս գողտրիկ անկյունը: Տարիներ անց, երբ ծառերը կմեծանան, այգին վերջնական տեսք կստանա, վստահ եմ, որ այն կդառնա բնակիչների ամենասիրելի միջավայրը»,- նշեց Արսեն Քարամյանը:

ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանի խոսքով` Համալսարանն իր 100-ամյակին արժանի նվեր է ստանում: «Ընդհանրապես դժվար է քաղաքում գտնել մի թաղամաս, որը 10 տարվա ընթացքում այսչափ կերպարանափոխված լինի: Մարդիկ, որոնք 10 տարի առաջ եղել են այստեղ, լավ կհիշեն և կփաստեն, թե ինչ փոփոխություն է եղել: Համալսարանական բնակիչները շատ գոհ են ինչպես իրենց բնակարաններից, այնպես էլ այն միջավայրից, որտեղ ապրում են: Իսկ նման պուրակի բացումն առավել հարմարավետ կդարձնի նրանց կենցաղը»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ թաղամասում իդեալական պայմաններ են` լավ, հանգիստ և խաղաղ ապրելու համար:

Շուրջ 6000 քմ մակերեսով պուրակում տնկվել է մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառ և թուփ: Կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Երեխաների համար կառուցվել են կահավորված, գեղեցիկ և հարմարավետ խաղահրապարակներ: Անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Իսկ այս ամենն ամբողջացնում է լուսային շատրվանը:

Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է  նաև սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան` այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար:

Պուրակի կառուցապատման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 200 մլն ՀՀ դրամ: Շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը: Այս տարի լրանում է միավորման 15-ամյակը: Այս տարիների ընթացքում միավորումն իրականացրել է բազմաթիվ մշակութային, հասարակական, քաղաքաշինական ծրագրեր` ի նպաստ Մայր բուհի և մեր քաղաքի:

Պուրակի անվանակոչումը` «Համալսարանական», իրավմամբ խորհուրդ ունի իր մեջ: Ոչ հեռավոր 2008թ.-ին, երբ հիմնադրվում էր Ավան 1 համալիրը` ԵՊՀ դասախոսների և գիտաշխատողների համար, որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ ծրագրի հաջողությունը սկիզբ պետք է դներ մասշտաբային քաղաքաշինական ծրագրի` ուղղված երիտասարդ ընտանիքներին և մասնագետներին: Հետագա բոլոր ծրագրերում ևս համալսարանականները մեծ թիվ են կազմել` շահառու խմբում, ուստի նպատակահարմար է համարվել պուրակը կոչել «Համալսարանական»:

Նշենք, որ երիտասարդական թաղամասում արդեն իսկ շահագործման է հանձնվել՝ 18 բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, 1587 բնակարան, 42 հասարակական նշանակության տարածք (խանութներ, գրասենյակներ, ցուցասրահներ), ստորգետնյա ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, ճեմուղիներ, բակային ճանապարհներ:

Այս մասին տեղեկացնում են «ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից