«Խնդիրը մեզնից դուրս է, բայց պետք է ուսումնասիրենք». Ագրարային համալսարան դիմած դիմորդների 80 տոկոսից ավելին կտրվել է քննությունից

Հայաստանի ագրարային համալսարանում այս տարվա դիմելիության ցուցանիշները մտահոգություններ են առաջացրել: Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում է՝ այժմ մանրամասն ուսումնասիրում են ընդունելության քննությունների արդյունքները, որպեսզի կարողանան վերջնական եզրակացության հանգել:

Նկատենք՝ 2022-2023 ուսումնական տարում թեպետ Ագրարային համալսարանին հատկացվել է առկա ուսուցման 930 անվճար և վճարովի տեղ, այդուհանդերձ, այս տարի այս բուհ է դիմել 192 դիմորդ, բայց ընդունվել է ընդամենը 38-ը: Դիմորդներից 97-ը ցանկացել են ընդունվել տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներ: 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել:

Համեմատության համար նշենք, որ 2021-ին համալսարան էր դիմել 256 դիմորդ, որոնցից ընդունվել էին 89-ը:

«Այո՛, այս տարի 80 տոկոսից ավելին կտրվել է քննությունից, և դա իրոք մտահոգող խնդիր է: Հիմա մեզ մոտ փորձում ենք ուսումնասիրել՝ ի՞նչ գնահատականներ են, կտրված դիմորդները մարզերի՞ց են, թե՞ Երևանից: Խնդիրը, իրականում, մեր բուհից դուրս է գտնվում: Եթե դիմորդների 20 տոկոսից պակասն է կարողանում հաղթահարել անցողիկ նվազագույն շեմը, ապա դա արդեն լուրջ ահազանգ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

Պաշտոնյան ասում է՝ նախորդ տարի ընդունելության քննություններից կտրվել են հիմնականում մարզաբնակ դիմորդները, հետևաբար, նրա խոսքով՝ պետք է հասկանալ՝ արդյոք խնդիրը մարզերի՞ դպրոցներում կրթության որակի հետ է կապված:

«Այն, որ Ագրարային համալսարանը այսօր օր օրի կրթության որակը բարձրացնում է, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը բարձրացնում է, փաստ է: Ես կարող եմ համարձակորեն պնդել, որ Ագրարային համալսարանը շատ արագ տեմպերով բարեփոխվող բուհն է: Ավելին, մեր բուհն իր առջև դրել է կրթության բարձր որակ ապահովելու չափանիշներ: Այսինքն՝ այստեղ հարցը երկու մասից է բաղկացած՝ Ագրարային համալսարանի տիրույթում գտնվող և Ագրարայինի տիրույթից դուրս»,- նշում է Հրաչյա Զաքոյանը:

Նրա կարծիքով՝ խնդիր է, որ Ագրարային համալսարանի ընձեռած հնարավորությունների, ծրագրերի, բուհում կրթության որակի մասին կամ չի բարձրաձայնվում, կամ քիչ է բարձրաձայնվում, արդյունքում՝ ապագա ուսանողը չի կարողանում կողմնորոշվել՝ գնա՞լ Ագրարային, թե՞ ոչ: Եվ դա հատկապես այն պարագայում, երբ գյուղական բնակավայրերը «օդ ու ջրի պես» մասնագետի կարիք ունեն:

Դիտարկմանը, թե գուցե ուսման վարձն է բարձր, Զաքոյանն արձագանքում է՝ մատնանշելով անցյալի փորձը. «Երկու տարի առաջ մենք մի խնդրի բախվեցինք՝ Ագրարային համալսարանի ոչ տնտեսագիտական մասնագիտությունների վճարովի տեղերի համար դիմում էին առանց որևէ քննության, դպրոցի ատեստատով: Դա առաջին հայացքից թվում էր՝ օգտակար բան է, որ գյուղական բնակավայրերից մարդիկ գալիս, դիմում են առանց քննության ու դառնում մասնագետ, բայց մենք ունեցանք երդվյալ չսովորողների հոսք համալսարան: Ի հետևանք՝ ունեցանք հեղինակության, կրթության որակի անկում: Հիմա մենք մեր վարկանիշը վերականգնելու պրոցեսում ենք գտնվում»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am