«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, արդեն երեք օր է՝ հրշեջները փորձում են մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, համացանցում օգտատերերը տարածում են կադրեր ու տեսանյութեր՝ զուգահեռաբար դժգոհելով դրա հետևանքով առաջացած հոտից ու աղտոտված օդից: Մասնագիտական գնահատական եմ խնդրում, ի՞նչ հետևանք է ունենալու աղբի այրումը բնակչության առողջության ու օդի որակի վրա:
– Աղբավայրի խնդիրը նոր չէ, սա երկարատև է, որը որևիցե ձևով լուծում չի ստանում, ու նաև այս իշխանությունը, գալով կառավարման, խոստացավ, որ նոր աղբավայր կլինի, կփակի Նուբարաշենի աղբավայրը: Անցավ արդեն 7 տարի, ոչինչ չի արել, ասեմ ավելին՝ աղբավայրում հրդեհներն ավելի հաճախակի են դարձել ու նաև ավելի երկար են տևում: Սա ուղղակիորեն սպառնալիք է բնակչությանը, որովհետև հրդեհ կանգնեցնելը շատ դժվար է, քանի որ այն կարող է լինել խոր շերտերում, ու նույնիսկ կրակը հանգցնելուց հետո այդ ծխի առկայությունը մենք տեսնենք:
Ո՛րն է վտանգը. այստեղ տարատեսակ նյութեր կան, որոնց այրման հետևանքով առաջանում են ինչպես կարճաժամկետ էֆեկտներ՝ լորձաթաղանթների գրգռվածություն, գլխացավ, կոկորդի խռպոտություն, նոպայաձև հազ, արցունքահոսություն, փռշտոց, այնպես էլ՝ երկարաժամկետ, որովհետև արտազատվող նյութերն ունեն նաև քաղցկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ այս սուզանավում բոլորս ենք, ու նույն օդը շնչում ենք բոլորս՝ վարչապետից մինչև այսօրվա նորածինը:
Բյուջեից պետք է ոչ թե 6 միլիոն դոլար տրամադրել Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ու զարգացնել տուրիզմը, այլ պետք է հասկանալ, որ երբ տուրիստները շնչում են այս օդը, այս ծուխը, դա Երևանի համար ամենալավ հակագովազդն է՝ հաշվի առնելով նաև այն, որ քաղաքը զրկվել է նաև ստվերից:
Այս հարցը պետք է օր առաջ լուծվի, սա այն հարցն է, որի համար կառավարությունը պետք է միջոցներ տրամադրի, դոնոր կազմակերպությունները պետք է տրամադրեն, ու, ի վերջո, պետք է այս աղբավայրը կոնսերվացնել ու նոր աղբավայր, աղբի թափոնների վերամշակման գործարան ստեղծել: Թափոնների տեսակավորումն իրական ձևով պետք է իրականացվի բնակչության կողմից, այլ ոչ թե ցուցադրական մի քանի տեղ բերեն աղբամաններ տեղադրեն, բայց ընդհանուր մշակույթն այդպես էլ չձևավորվի:
Պետական ու համայնքային լուրջ գործողություններ են պետք, ու քաղաքապետի համար սա պետք է ամենակարևոր խնդիրը լինի, քաղաքային իշխանությունը պետք է ընկալի, որ միլիոնավոր դոլարներ պետք է ծախսի ոչ թե Նոր տարվա և այլ միջոցառումների վրա, իհարկե դա շատ լավ է, բայց առաջին հերթին պետք է կարգավորվի օդի որակը, որ այդ նույն երեխաները, բացի ուրախ լինելուց, նաև առողջ լինեն: Սա լեյկոզի ռիսկ է մեր մանկական ազգաբնակչության համար, այն բացահայտ է ու օդում շրջում է շատ երկար ժամանակ:
– Ասացիք, որ այս խնդիրը վաղուց կա, այդ պարագայում ինչո՞ւ լուծում չի ստացել որևէ իշխանության օրոք, գուցե անլուծելի՞ է:
– Բացարձակ, բազմաթիվ երկրներ լուծել են այս խնդիրը, ու նաև Հայաստանին են այլ երկրներ վերամշակման գործարաններ կառուցելու տարբեր առաջարկներ են ներկայացրել և այլն, բայց քաղաքային իշխանությունները ինչ-ինչ պատճառներով համաձայնության չեն եկել:
Եթե պետությունն այս հարցին տա այն կարևորությունը, որին այս հարցն արժանի է, ապա այս խնդրի լուծման միջոցներ կգտնվեն: Օդից ավելի կարևոր խնդիր չի կարող լինել, ու քանի գնա, վիճակն ավելի է վատանալու, սա լինելու է ավելի ու ավելի ահագնացող, ու այս հարցը պարտադիր պետք է լուծել:
– Տիկի՛ն Վարդանյան, ավելի վատ հետևանքները որո՞նք են լինելու:
– Ցանկացած իշխանություն ընտրվում է ժողովրդի կողմից, որ բարելավի մարդկանց կյանքը, լուծի առկա խնդիրները, լավացնի ու երկարացնի կյանքի որակն ու տևողությունը: Այս իշխանությունը անում է ճիշտ հակառակը՝ հատելով ծառերը, այն պարագայում, երբ մենք 20 տոկոսի փոխարեն ունենք 4 տոկոս, զրկելով Կենտրոնը ստվերից, չլուծելով աղբի վերամշակման խնդիրն ու 21-րդ դարում ունենալով նման տիպի աղբավայր, ընդ որում՝ ոչ էլ նորմալ կառավարվող: Ջրերի հոսքի կառավարումը չեն կարողանում անել, մի անձրևից հետո քաղաքը դառնում է Վենետիկ, տրանսպորտը ֆիասկո է, մարդիկ այս կիզիչ արևին 20-30 րոպե կանգնում են կանգառներում ու չեն կարողանում օգտվել այդ տոմսերից, հասանելի չեն նաև այդ տոմսերը:
Եթե չեն կարողանում երևանցու շնչելու հարցը լուծել, ապա թող դիմեն միջազգային կառույցներ, ինչպե՛ս կարելի է ուշադրություն չդարձնել այս ամենին, ինչպե՛ս կարող է առողջապահության նախարարության կողմից քար լռություն լինել, երբ ամբողջ բնակչությունը թունավորվում է, ու այս ամենը ուղիղ սպառնալիք է կյանքի տևողությանը ու առողջական վիճակին: Չէ՞ որ սա հիվանդացության ցուցանիշներն է բարձրացնելու, սա պարզ է, գիտականորեն ապացուցված, նոր հեծանիվ չեմ հայտնաբերում: Պետությունը այս խնդիրները պետք է լուծի, քաղաքապետը հենց սրա համար է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















