Առողջապահական օրենսգիրքը կօգնի հաղթահարել ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

Առողջապահական օրենսգիրքը կօգնի հաղթահարել ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
Առողջապահական օրենսգիրքը կօգնի հաղթահարել ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
Հեղինակ MediaLab

Հայաստանում միասնական առողջապահական օրենսգրքի ընդունումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և համակարգված լուծել ոլորտում առկա խնդիրները։

Այս մասին ասվում է 2016 թվականին հրապարակված «Առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» ամփոփագրում, որի հեղինակը Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների կոալիցիան է՝ ի դեմս «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների։

Ուսումնասիրելով Հայաստանում առողջապահական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանք հաղթահարելու վերաբերյալ հայաստանցի և միջազգային փորձագետների վերլուծությունները՝ փաստաթղթի հեղինակները ներկայացնում են մի շարք առաջարկություններ։

Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել մեկ միասնական՝ ՀՀ առողջապահական օրենսգիրք, որով ամրագրված կլինեն նաև պացիենտների իրավունքներն ու պարտականությունները և կսահմանվեն Հայաստանում բուժօգնության որակի գնահատման և վերահսկման չափորոշիչները։

Նաև, առաջարկվում է ստեղծել ժամանակին և արդյունավետ բուժօգնության կազմակերպման, ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման, հիվանդի առողջապահական պահանջմունքների բավարարման և բուժման արդյունավետության չափանիշներ և կլինիկական ուղեցույցներ:

Բացի սա, փաստաթղթի հեղինակները մատնանշում են, որ Հայաստանում սահմանված չէ «Բժշկական սխալ» տերմինը, ինչը հաճախ շփոթում են մասնագիտական պարտականություններն իրականացնելիս անփութության հետ, որի հետևանքով պատասխանատվության են ենթարկվում մի շարք բժիշկներ: Սահմանված չլինելը հայեցողությունների հնարավորություն է տալիս: Ըստ այդմ, առաջարկվում է օրենքի մակարդակով սահմանել «Բժշկական սխալ» տերմինը։

Հայաստանյան առողջապահական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը մեծամասամբ կապված են լինում հանրության ոչ պատշաճ տեղեկատվության հետ, և քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն լինում իրենց իրավունքների և իրենց հասանելիք անվճար ծառայությունների մասին։

Փաստաթղթի հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են մշակել և հրապարակել առնվազն պետպատվերով բժշկական օգնությունից օգտվողի ուղեցույց, իսկ պետպատվերով ծառայություններ իրականացնող բժշկական կենտրոնների հետ կնքված պայմանագրերում սահմանել պատասխանատվության միջոցներ՝ իրազեկման հետ կապված, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն իրենց հնարավորություններից և իրավունքներից։

Միևնույն ժամանակ, առաջարկվում է ԲԿ-ների ծառայություններից օգտված քաղաքացիներին տրամադրել կնքված իրազեկման թերթիկը և ապահովել քաղաքացու ստորագրությունը դրա վրա, ընդ որում՝ այդ թերթիկների վրա՝ դարձերեսին, պետք է շարադրված լինեն քաղաքացու իրավունքները։ Բացի սա, համավճարի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փակցնել հիվանդանոցների մուտքի մոտ և դրանք հրապարակել հիվանդանոցի կայքում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանում առկա են խնդիրներ առողջապահական ոլորտի աշխատակիցների հակակոռուպցիոն արժեհամակարգում և կրթությունում, սահմանված չեն գործուն մեխանիզմներ կոռուպցիայի կանխարգելման և վերացման ուղղությամբ: Հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրեր և մշակել էթիկայի կանոնակարգեր, նվերների ընդունման, շահերի բախման քաղաքականություններ՝ ծառայություններ մատուցողների և պացիենտների համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»