Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությանը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստ և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք (այս պահին 100-ն ունենք): Նախատեսվում է հավելյալ ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է ալկոգելերի արտադրությանը:

«Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին անվճար տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը 100 փաստը ներկայացնելիս հայտնեց, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը 119 բժշկական կազմակերպության ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով: