Այսօր «Գոյ» թատրոնի 35-ամյակն է: «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Գոյ» թատրոնի տնօրենի պարտականությունները կատարող և ներկայացուցիչ Սարգիս Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, ՀՀ Կառավարության 2023 թ. մայիսի 11-ի 701-Ն որոշումից, որով առաջարկվում է «Գոյ» թատրոնը միավորել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին, որոշ ժամանակ անց կարծես թե կրքերը հանդարտվեցին, բայց հիմա կրկին թեման ակտիվացել է, ինչո՞ւ։
– Չհանդարտվեց, ուղղակի մենք դիմեցինք դատարան, մեր բողոքը ներկայացրինք, որովհետև տեսանք, որ այդ որոշումը վիճահարույց է, ու քանի դեռ չկար դատարանի որոշում, այդ ընթացքում բոլոր կողմերը լուռ սպասում էին, բայց խնդիրը շարունակում էր մնալ։
Ի ՛նչ տեղի ունեցավ հետո․ վարչական դատարանը գործը վարույթ ընդունեց, ըստ օրենքի կասեցվում է ընդունում-հանձնումը, այսինքն՝ որոշումից բխող գործողությունները։ Վարչական դատարանում սույն թվականի հոկտեմբերի 19-ին մի դատական նիստ եղավ՝ ձևական բնույթ կրող, որի ժամանակ վարչական դատարանը որոշեց, որ դա իր քննելիք գործը չէ:
Նման որոշում կայացրեց, երբ պատասխանող կողմին՝ Կառավարության ներկայացուցչին, հարցրեց՝ դուք որպես ի՞նչ եք հանդես եկել, երբ ընդունել եք այդ որոշումը։ Պատասխանող կողմն ասաց՝ որպես հիմնադիր, այսինքն՝ երբ այդ գործը վերցրել էր, նայել, ուսումնասիրել էր մի ամբողջ փաթեթ, իր համար պարզ չէր եղել, ընդամենը մեկ հարցի պատասխանից հետո ասաց, որ այդ գործն իր քննելիքը չէ, այն պետք է գնա քաղաքացիական դատարան։
Մեր իրավաբանները, փաստաբանները, որոնք աշխատում էին այս գործի վրա, հասկացան, որ սա ընդամենը պայմանավորվածություն է, որովհետև երբ այն ժամանակ վարչական դատարանում կասեցվում էր հանձնումն ու ընդունումը, ու հիմա, երբ գործը գնում է քաղաքացիական դատարան, օրենքի ուժով չի կասեցվում, այսինքն՝ կարող է լինել ընդունում-հանձնում։
Հիմա գործը վարչական դատարանն ուղարկել է քաղաքացիական դատարան, բայց վերջինը գործը վարույթ չի ընդունել, այսինքն՝ չի ասել, որ սա իմ գործն է, հասկանո՞ւմ եք: Իրենք գործն ուղարկել են այնտեղ ու ասում են, քանի որ գնացել է այնտեղ, դուք պարտավոր եք ընդունում-հանձնում կատարել, բայց օրենքով այդպես չէ: Նախ գործը պետք է վարույթ ընդունվի, որ նոր մենք կարողանանք ընդունում-հանձնում կատարել, այսինքն՝ այստեղ ակնհայտ օրենքի խախտում կա։
Իրենք շտապեցին ու վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո մեզ ասացին՝ դե, արագ ստորագրեք փոխանցման ակտը ու միավորման պայմանագիրը, այն էլ՝ հետին ամսաթվով, այսինքն՝ այն ժամանակ, երբ մենք դիմել էինք վարչական դատարան, ու ընդհանուր գործը կանգնել էր: Հիմա ասում են՝ այդ ժամանակվա փաստաթղթերը հիմա ստորագրեք, իսկ դա կնշանակի, որ մենք դրանից հետո չենք աշխատել։ Օրենքի կոպիտ խախտում է, երբ դու հետին ամսաթվով փաստաթուղթ ես ստորագրում, բայց իրենք ասում են՝ ստորագրեք, եթե չստորագրեք՝ մենք միջոցներ կկիրառենք։
– Իրենք՝ ովքե՞ր։
– ԿԳՄՍ նախարարությունը, իրենց ուղարկած փաստաթղթերը հրապարակել ենք, որոնցում հստակ երևում են պահանջները։
– Այսինքն՝ հիմա գործն ի՞նչ փուլում է։
– Մենք միջնորդություն ենք ներկայացրել քաղաքացիական դատարան ու ասել ենք, եթե ցանկանում եք գործը վարույթ ընդունել, ուշադիր եղեք, որ դա ձեր գործը չէ: Հիմա մեկ ամսից ավելի է՝ քաղաքացիական դատարանը գործը ո՛չ վարույթ է ընդունել, ո՛չ էլ հետ է ուղարկել, հիմա գործը օդից կախված է։
– Փաստորեն, չնայած ոչ մի որոշում դեռ չկա, այնուամենայնիվ, նախարարությունը պահանջում է, որ ստորագրե՞ք միավորման փաստաթուղթը։
– Այո՛, նրանց համար կարևոր է մի րոպե շուտ էս գործը փակել։ Ձևակերպումն է՝ միավորում, բայց երբ ՊՈԱԿ-ը պետռեգիստրում դադարում է գոյություն ունենալուց, էլ ի՞նչ միավորվելու մասին է խոսքը: Սա, ըստ էության, լուծարում է, եթե դու որպես միավոր չկաս, ի՞նչ միավորման մասին է խոսքը։
– Իսկ Սունդուկյանի անվան տնօրենը համաձա՞յն է այսպես կոչված միավորմանը։
– Եթե համաձայն չլիներ, գոնե կառարկեր ու այդ մասին կբարձրաձայներ, մի քանի անգամ հանրային մակարդակով ասել է, որ միավորման դեպքում կարող է «տեր կանգնել թատրոնին», իսկ այս պատասխանն արդեն շատ բան է ասում։
– Դժգոհում եք, որ որպես առանձին մարմին գոյություն չեք ունենա, թե՞ այդ պարագայում ձեր ստեղծագործելու հնարավորությունները կսահմանափակվեն։
– Թատրոնն իր տեսակով, ձեռագրով կդադարի գոյություն ունենալուց, ի՞նչ կապ ունի «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնի հետ, բնականաբար չունի։
– Եթե նախարարությունն իր որոշումից հետ չկանգնի՝ ի՞նչ եք անելու։
– Անելու ոչ մի բան չունենք, «միավորման» դեպքում 35 աշխատողից բաղկացած թատրոնը կհրաժարվի Սունդուկյանի թատրոնի հետ աշխատելուց։ Եթե 35 գործազուրկ ունենալը նորմալ է մեր կառավարության համար, էլ ի՞նչ ասես իրենց։
– Բայց նրանք ասում են՝ գնացեք, համատեղ աշխատեք, գործազրկության չեն մատնում ձեզ։
– Մենք ասում ենք՝ երաշխիքները որո՞նք են, ցույց տվեք, ցույց չեն տալիս, լոկ խոսքեր են, ոչ մի տեղ դրանք ամրագրված չեն։ Մեկ վառ օրինակ ունենք՝ Կամերային երաժշտական թատրոնը օրենքի նույն կետով, նույն հոդվածով միավորեցին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ։ Հիմա ո՞ւր է այդ թատրոնը, չկա: Կարող ենք, չէ՞, ենթադրել, որ մեզ էլ նույն ճակատագիրն է սպասում, բնականաբար՝ այո՛: Այդտեղ ամեն բան վերջանում է, ով ինչ ուզում է, թող ասի, մենք մեր աչքի առաջ ունենք օրինակը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am