Իշխանություններին գիտակից քաղաքացի պետք չէ,  պետք է ընտրությունից ընտրություն իրենց քվե տվող մարդ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր Քաղաքացու օրն է, ու այդ կապակցությամբ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձն ի՞նչ մեսիջներ ուներ, ու, ձեր գնահատմամբ՝ ո՞րն է այս օրվա խորհուրդը։

– Իրականում սա պետք է շատ գեղեցիկ տոն լիներ, ինքս շատ կարևորում եմ հենց քաղաքացի, ոչ միայն լավ մարդ լինելը, նորմալ կրթություն ստանալը և այլն, այլ հենց քաղաքացի լինելը պետության համար չափազանց կարևոր է, ու տոնն էլ կարելի էր շատ գեղեցիկ ու բովանդակալից կազմակերպել, բայց դրա համար պետք է հիմքեր լինեին։ Հայաստանի քաղաքացին աչքի առաջ պետք է օրինակներ ունենար, թե ո՛րն է լավ քաղաքացին, արդյոք Հայաստանի լավ քաղաքացին միայն հարկատո՞ւն է, թե՞ միգուցե այն քաղաքացին է լավը, որը պատրաստ չէ հաշտ լինել այն բոլոր իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում հիմա։ 

Իհարկե, կան մարդիկ, որ համարում են, որ 2018 թվականն ու անձնապես Նիկոլ Փաշինյանն է բերել իրենց ազատություն, գուցե կան մարդիկ, որոնք իսկապես մինչև 2018 թվականը չեն կարողացել իրենց բավարար ազատ զգալ, բայց ես ինձ այդպիսին չեմ համարում, ես միշտ եմ եղել ազատ քաղաքացի ու ինձ չէ, որ, հաստատ, ըստ ուղերձի տեքստի, օծել է 2018 թվականը, ես օծված քաղաքացի չեմ, որովհետև ես դրա կարիքը չունեմ։ 

Ու սա էլ պատահական բառ չէ, որ օգտագործվել է, վարչապետն այդ մանիպուլյատիվ բանալի բառերը պարբերաբար շրջանառության մեջ է դնում, որպեսզի ցույց տա իր կարևորությունը, բացառիկ դերը, այնինչ շատ քաղաքացիներ ազատ են եղել մինչև 2018 թվականը: Դրա ամենավառ օրինակներն են «Էլեկտրիկ Երևանի», Սարի թաղի, 2008 թվականի իրադարձությունները և այլն, այնպես որ, Հայաստանը միշտ է ունեցել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ, եղել են մարդիկ, որոնք կարևորել են քաղաքացի լինելն ու դրսևորել են իրենց այդպիսին։ Այնպես որ, չգիտեմ՝ ո՛վ է իրեն օծված համարում, ես ինձ չեմ դասում այդ շարքը։

– «Այդ բանաձևն այլևս անշրջելի իրողություն է Հայաստանում, և ապացուցվում է նաև վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել՝ ո՞վ լինի իշխանություն և ո՞վ՝ ընդդիմություն, այլևս ի վիճակի չեն դա անելու, որովհետև նման որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, և քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը». մեջբերումս ուղերձից այն մասին է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկապե՞ս այդպես է։ 

– 2018 թվականին տեղի ունեցավ շատ մեծ ու շրջադարձային մի բան, երբ հասարակությունն իր կարծիքը հայտնեց ազնիվ մղումներով ու հստակ պահանջներով, այլ խնդիր է, թե դա ինչպե՛ս օգտագործվեց, ու ո՛վ օգտվեց դրանից։ 

Ցավալիորեն, կյանքը ցույց է տալիս, որ ժողովուրդը չէր, որ մինչև վերջ ձևավորեց այդ գործընթացը, ցավալիորեն, ինքնին «Քաղաքացիական պայմանագրի» նման կուսակցության իշխանության գալը խոսում է այն մասին, որ դեռ ազդելու հնարավորություններ կան, այնպես որ, դեռ ժողովուրդն ամբողջական չի ձևավորում քաղաքական պատկերը։ 

Բայց կա կարևոր մի բան, որ 2018-ից, 20 թվականի պատերազմից, Արցախի կորստից հետո մեր ժողովուրդն ավելի քան պատրաստ է դա անելու, որովհետև հենց քաղաքացիական գիտակցության մակարդակը շատ ավելի է բարձրացել։ 

Ցավալիորեն, շատ ծանր գնով ենք կարողացել հասնել դրան, բայց դա արդեն փաստ է, ու ես հույս ունեմ, որ կգա ինչ-որ մի պահ, որ Հայաստանի քաղաքացին կընտրի ոչ թե հների ու նորերի միջև, այլ կընտրի գաղափարների միջև ու կհետևի, որ դրանք իրականացվեն, ու չթողնեն, որ իրենց հետ վարվեն այնպես, ինչպես այս իշխանությունները՝ ուղղակի ստելով վերարտադրվելով ու տված որևէ խոստում չկատարելով։ 

– Իսկ քաղաքացու իրավունքներն այսօր պաշտպանվա՞ծ են։

– Մենք վերադարձել ենք այն ժամանակները, որից փորձեցինք դուրս գալ 2018-ին, այդ նույն ժամանակներում ենք հայտնվել, քանի որ անվտանգային մարմինները, արդարադատության մարմինները բուն, իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն ստատուսներ են կարդում ու դրանց հիման վրա քրեական գործեր հարուցում: Շատ խիստ մտահոգիչ է, երբ մարդուն կարող են բերման ենթարկել՝ բռնություն կիրառելով, ինչի անհրաժեշտությունը բնավ չկա, շատ խիստ մտահոգիչ է, երբ ոստիկանության պատասխանատվության ներքո գտնվող մարդուն ոստիկանության մեքենայի մեջ բռնության են ենթարկում, դա շատ մտահոգիչ է։ 

Տրամաբանությունը հետևյալն է՝ ծեծ չի ուտում միայն այդ պահին հրաման տվողը, մնացած բոլորը պոտենցիալ ծեծվողներ են, իսկ երբ հրաման տվողները փոխվում են, դերակատարներն էլ են փոխվում։ Մենք կարող էինք դուրս գալ այս անվերջանալի շղթայից, եթե իսկապես փոփոխության ցանկություն լիներ, բայց այս իշխանությունը իրականության մեջ փոփոխության ցանկություն ընդհանրապես չի ունեցել, որովհետև եթե դու ունես այդ ցանկությունը, փնտրում ես միջոցներ՝ ո՞նց անել դա, ոչ թե փնտրում ես արդարացումներ, թե ինչո՛ւ չստացվեց։ 

Նույն Նիկոլ Փաշինյանն այս ուղերձում ասում է, թե «Գիտեինք նաև, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին»։ Ես մեկ անգամ ձեզ հետ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ, այո՛, այս իշխանությունն իրեն պահում է կենվորի նման, որովհետև եթե դու չես անում համակարգային փոփոխություն, այլ ընդամենը փոխում ես դռան բռնակը, ջրի ծորակը և այլն, ապա նշանակում է, որ կենվոր ես ու տունը պետք է տիրոջը հանձնես հիմնականում այնպես, ինչպես վերցրել ես նրանից։ Իսկ այս իշխանությունը Հայաստանում համակարգային որևէ փոփոխություն, կրկնում եմ, չի արել, այլապես կփոփոխվեին Սահմանադրությունը, դատական համակարգը, ոստիկանությունը, ասել է թե՝ հանցավոր ռեժիմի հիմնասյուները, հիմնապատերը։

– Տիկի՛ն Կարապետյանց, եթե, ըստ ձեզ, քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, ապա այս օրվա նշանակությունը ո՞րն է, ըստ էության ստացվում է հերթական անբովանդակ ու ձևի համար նշվող տո՞ն։

– Ի սկզբանե այս օրվա մեջ բովանդակություն չի դրվել, որովհետև թե՛ այս, թե՛ նախորդ իշխանություններին գիտակից քաղաքացի պետք չէ, իրենց պետք է ընտրությունից ընտրություն իրենց քվե տվող մարդը։ Երբ լուրջ հարցեր են լուծվում, ու քաղաքացին դուրս է գալիս փողոց, նրան անվանում են անգրագետ Պողոս, երբ քաղաքացիներն ինչ-որ բանի հետ համաձայն չեն, նրանց ասում են հինգերորդ շարասյուն կամ Ռուսաստանի գործակալ։ Իսկ այդ հարցը լուծելու համար պետք է իրականացվեր լյուստրացիա՝ սկսած ինձանից։ Դա պետք է աներ իշխանությունը, եթե չես արել, այլևս որևէ մեկին դավաճան, գործակալ անվանելու իրավունք չունես՝ ո՛չ իրավական առումով, ո՛չ էլ՝ բարոյական։ 

– Նիկոլ Փաշինյանի այս ուղերձում չկար այն միտքը, որը մի ժամանակ ինքը հաճախ էր օգտագործում, որ ինքը հպարտանում է բոլորով, խոսք չկար նաև «հպարտ քաղաքացու» մասին։ Ինչո՞ւ։ 

– Հավանաբար այս ուղերձի մեջ այլ մանիպուլյատիվ բառեր էին պետք օգտագործել ու օգտագործվել են։ Քաղաքացու օրը նշելիս սահմանամերձ գյուղերի սյուների մասին է խոսում, ինչը շատ մանիպուլյատիվ է, այսինքն՝ այս ուղերձն այլ նպատակ ուներ։ 

Դժվարանում եմ նպատակն ասել, բայց ներքին համոզմունք ունեմ, ու դա շատերի մեջ կա, որ թե՛ իր գործողությունները, թե՛ առանձին դեպքերում անգործությունը, իր մղումները, նպատակները որևէ կերպ հանուն Հայաստանի չեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am