Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը և խնդիրները քննարկելու համար:

Հանդիպմանը կարևորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաև երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը: Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի և արևելյան գործընկերության ձևաչափի երկրների իրենց գործընկերների հետ և քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության և հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին և Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Եվրոպական հարևանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:

Հանրապետության նախագահն այժմ Բրույսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

© Medialab.am