Մրցակցության, թե՞ մենաշնորհ. Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական «բաց երկնքից»

Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո, թեև նախորդ տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականություն վարելու մասին, սակայն ոլորտում աշխուժություն չի նկատվում:

Ոլորտի ազատականացման արդյունքում կառավարությունը մտադիր է առաջին հերթին լուծել ավիատոմսերի գնային քաղաքականության հարցը, սպասրակման որակը բարձրացնել:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ վերջին շրջանում դեպի Ռուսաստան ավիափոխադրումների տոմսերի գները զգալի նվազել են, սակայն դեպի Եվրոպա տոմսերը շարունակում են թանկ մնալ, ինչի հետեւանքով շատերը նախընտրում են ճանապարհորդել Վրաստանի «բաց երկնքով» եւ անհամեմատ մատչելի գներով:

Նախորդ տարվա հուլիսից, երբ կառավարությունը հայտարարեց ոլորտի ազատականացման մասին, մինչև օրս միայն մեկ նոր ավիաընկերություն է ցանկություն հայտնել ծառայություն մատուցել հայաստանյան շուկայում:

Ինչո՞ւ են ավիաընկերությունները խուսափում հայկական ավիաշուկայից, այս խնդրի շուրջ  «Մեդիալաբը» զրուցեց Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ:

-Պարոն Մովսիսյան, ոլորտի ազատականացման մասին հայտարարելուց հետո քանի՞ ընկերություն է ցանկություն հայտնել գործունեություն ծավելել դաշտում:

-Միայն «Էյր Արմենիա» ընկերությունն է լրացուցիչ մտել շուկա, նոր այլ ընկերություններ ցանկություն չեն հայտնել:

-Ինչո՞ւ ավիաընկերությունների հետաքրքրությունը մեծ չէ հայկական շուկայի նկատմամբ, ըստ ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դե մենք բանակցություններ իրականացնում ենք, որպեսզի ավիաընկերությունները մտնեն հայկական շուկա: Բայց իրենք դեռևս մի փոքր վերապահումով են վերաբերվում դրան: Հայկական շուկան արդեն բավական զարգացած շուկա է: Մեր պահանջն է, որ էլ ավելի լավացնենք վիճակը, բայց ինքն արդեն կայացած շուկա է, և մրցակցությունը կարող է մեծ լինել:

-Իսկ գուցե ավիաընկերությունները նախկինում եղած մենաշնորհների պատճառո՞վ են խոսափում հայկական ավիաշուկայից, զգուշանում են, նման տեղեկություններ չունե՞ք:

-Չէ, հակառակը, խնդիրը նրանում է, որ շատ ավիաընկերություններ, եթե մենաշնորհային իրավունքով մտնեին շուկա, հաճույքով կմտնեին: Երբ որ մրցակցային է, արդեն իրենք մտածում են, որ պետք է իրենց միջոցերով կարողանան կայանալ, մենաշնորհային ռեսուրսները չեն կարող օգտագործել: Պատճառն, իհարկե, մրցակցությունն է:

-Իսկ միգուցե բիզնես գրավչության խնդի՞ր կա, միգուցե հայկական ավիափոխադրումերի ոլորտը հետաքրքի՞ր չէ միջազգային ավիաընկերությունների համար:

-Դա ուղևորափոխադրումների ծառայություն մատուցել է համարվում: Քանի որ իրենք կոնկրետ իրենց բիզնեսում են ներդրումներ իրականացնելու, լրացուցիչ ներդրումներ, որպեսզի կարողանան հայկական շուկան էլ սպասարկել, չեմ կարծում, որ գրավչության հարց կա: Իհարկե, դա լրացուցիչ ծախսեր է ենթադրում, բիզնես գրավչությունն էլ կապված է զուտ մրցակցության հետ: Այսինքն՝ օդանավակայան, ավիացիոն այլ ծառայութուններ, այդ բոլորը լիարժեք բավարարում են ամենաբծախնդիր քննադատությանը: Իրենք կարող են շատ լավ սպասարկում իրականացնել: Այստեղ պարզապես հետևյալ խնդիրներն են՝ շուկա մտնելը, այդ ուղղությամբ գնահատել, թե ո՞վ է իրենց մրցակիցը, այդ մրցակցի հետ կարո՞ղ են մրցակցել, կարո՞ղ են ավելի լավ ծառայություն մատուցել, քան մրցակիցը և այլն:

-Դուք  մտահոգություն եք հնչեցրել, որ շուկայում կարող է դեմպինգ տեղի ունենալ, այսինքն՝ փոքր ընկերությունները չդիմանան մեծերի հետ մրցակցությանը: Այս փուլում կառավարությունը շուկա մուտք գործելու համար միայն խոշոր ընկերությունների՞ն է տալու նախապատվությունը:

-Ես ասում եմ՝ դեմպինգի հավանականությունը երբեք չի բացառվում: Բայց այս պահին մենք այն փուլում ենք, որ կուզենանք ուժեղ գործըներներ ունենալ՝ ի դեմս ուժեղ ավիաընկերությունների: Մեզ պետք են հզորներ, որոնք մեզ համար գրավիչ են, կայուն են, իրենք սնանկացման  խնդիրներ, բարդություններ չեն ունենա, իրենց ծառայությունները նորմալ իրականացնեն: Խորշոր ընկերություններն, ի տարբերություն փոքերի, ավելի լավ են կառավարում իրենց բիզնեսը, նշանակում է, շատ լավ տիրապետում են և թռիչքային, և ավիացիոն անվտանգության հմտություններին, շատ լավ տիրապետում են կոմերցիոն բանաձևերին, որոնք կարող են իրենց եկամուտներ բերել: Մեզ հենց նման հզոր գործընկերներ են պետք: Հետագայում կարող է և հզորների, և փոքրերի միջև ընտրություն կատարվի, բայց հիմա դեռևս քանի խոշոր ընկերությունների ենք տալու նախապատվությունը:

-Մաքսային միությանը միանալու դեպքում որևէ փոփոխություն տեղի ունենալո՞ւ է ավիափոխադրումների ոլորտում, կամ ՄՄ անդամ երկրների միջև փոխադրումների դեպքում ավիատոմսերի գների փոփոխություն նախատեսվո՞ւմ է:

-Կարծում եմ՝ ոչ: Գների փոփոխություն պետք է տեղի ունենա ավիաընկերությունների կողմից: Այսինքն՝ Մաքսային միության ժամանակ մենք պետք է գնահատենք, թե ինչ կոմպոնենտներ կարող են ազդել ավիացիայի վրա գների տեսնակյունից: Կարծում եմ՝ գների փոփոխություն չի լինի, որովհետև այն ծառայությունները, որոնք մատուցվում են ավիացիայի ոլորտում, մատուցվում են Հայաստանի սահմանից դուրս, այսինքն՝ ավիավառելիքը, մնացածը: Ինքնաբերաբար մենք մաքսազերծման խնդիրներ այս պահին չենք իրականացնում, որ այդ փոփոխությունն ազդի մեզ վրա, հետևաբար կարծում եմ՝ չի ազդի:

Մարի Ներսեսյան

© Medialab.am