«ԱԺ-ի դեկտեմբերի 2-ի քննարկումը Ալիևն իր լավագույն երազում չէր պատկերացնի, որ կտեսնի». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

Պարո՛ն Խաչատրյան, դեկտեմբերի 2-ին հրավիրված արտահերթ նիստին խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց ընդդիմության առաջարկած նախագծի քվեարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի խորհրդարանի 2022 թ. նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Նախագծի բովանդակության վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, և եթե դուք ընդգրկված լինեիք խորհրդարանում՝ կողմ կքվեարկեի՞ք :

– Բարեբախտաբար, ես այդ խորհրդարանում չկամ, որովհետև այն քննարկումը, որ դեկտեմբերի 2-ին խորհրդարանում եղավ, Ալիևն իր լավագույն երազում չէր պատկերացնի, որ կտեսնի: Այդքան ցածր որակի քննարկում Արցախի մասին, բացառությամբ մեկ-երկու ելույթների, ընդ որում՝ ոչ իշխանական խմբակցությունից:

Այդ նիստից հետո ես նորից հասկացա, թե ինչո՛ւ է Արցախում այսքան ողբերգական վիճակ, որովհետև լինել Ազգային ժողովի պատգամավոր, պատրաստել Արցախի մասին ելույթներ այդքա՛ն անգրագետ, այդքա՛ն անտեղյակ, կցկտուր ու կեղծված տեղեկություններով, պարզապես պատկերացնելու չէր:

Հիշում եմ՝ մի առիթով Տեր-Պետրոսյանն ասաց, որ իր իշխանության օրոք յոթ փորձագիտական մակարդակով Ղարաբաղի հարցին տիրապետողներ են եղել, ու ինքն իրեն համարում էր դժբախտ նախագահ, որովհետև այդքան քիչ էին Ղարաբաղի հարցին խորությամբ տիրապետողները: Հիմա 0 տիրապետող կա այդ հարցին իշխանության մեջ, ու ես բնավ կատակ չեմ անում, խորհրդարանում՝ 0,1 տոկոս:

Մի դիտարկում անեմ, որը մասնավորապես վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչներին, այն կեղծ տեղեկությունները, քարոզչական այն մանիպուլյատիվ մտքերը, որոնք շարադրում էին իշխանության ու Դաշնակցության ներկայացուցիչները, պետք է հակադարձվեին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից, եթե նրանք իսկապես մտածում են Արցախի ապագայի մասին, որովհետև 92-94 թվականների այդ հերոսական պայքարի գնով ձեռք բերվածը, դիվանագիտական հաջողությունները մսխվում էին այդ նիստի ընթացքում:

Եթե դու մսխում ես քո ձեռքբերումները, ցանկացած մտադրություն՝ Արցախի համար ինչ-որ բան անել, ի սկզբանե տապալված է: Այդ ուրացումը, մսխումը, մանիպուլյացիան իմ մեջ կասկած են առաջացնում նախագծի հեղինակների անկեղծության վերաբերյալ՝ որպես այդ ուժերի անկողմնակալ դիտորդի, ես եկա այն եզրակացության, որ խոսքը կրկին ոչ թե Արցախի մասին էր, այլ սեփական իշխանությունը պահելու կամ իշխանության հետ գալու մասին:

Նախագծի տե՞քստն էլ էր, ձեր ասած՝ ուրացության համատեքստում տեղավորվում:

– Պառլամենտում այդ նիստի ժամանակ մի բանն էր ընդհանրական՝ պոպուլիզմը: Երկու կողմն էլ ձգտում էր մեկը մյուսից ավելի պոպուլիստ երևալ: Արցախյան շարժման մի քանի հանգրվաններ են եղել, որոնցից մեկն իսկապես 94 թվականն էր, երբ կնքվեց զինադադար, երբ պրահյան գործընթացում Լեռնային Ղարաբաղը հակամարտության և բանակցային լիարժեք կողմ էր ճանաչվել միջազգային հանրության կողմից, ու դրանից հետո ընթացող բանակցություններում կանխորոշվել է երեք սկզբունք, որի հիմքով պետք է կնքվեր ապագա խաղաղության պայմանագիրը: Այդ սկզբունքներն էին՝ ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հաջորդ հանգրվանը, որ եղել է, 2020 թվականի սեպտեմբերի 27-ն է, երբ այս եղած ստատուս քվոն խաթարվեց: Ստատուս քվո ասելով՝ չպետք է հասկանանք միայն Լեռնային Ղարաբաղ և ազատագրված կամ գրավված 7 շրջան, այլ պետք դրա տակ հասկանանք նաև այն սկզբունքները, ինչի շուրջ ընթանում էին բանակցությունները:

Բանակցային փաստաթղթերի բոլոր տարբերակներում Ղարաբաղի տարածքը եղել է վիճելի տարածք ու ունեցել է կարգավիճակի ճշգրտման հարց, գրավյալ տարածքներն էլ ենթակա են եղել վերադարձի: Չի եղել տարբերակ, որով Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս: Հայաստանի կողմից բանակցություններից, ըստ էության, դուրս գալը, խախտեց հաստատված ստատուս քվոն, որի հետևանքները մեզ համար շատ ցավալի եղան:

Հիմա մենք պետք է հասկանանք՝ արդյոք այս հանգրվանում ու այս փուլում մենք կարո՞ղ ենք Արցախի խնդիրը կամ Արցախի կարգավիճակի հարցը լուծել կամ այդ փաստաթղթով իսկապես օգտակար լինել Լեռնային Ղարաբաղի ապագային: Ես կարծում եմ, որ առաջարկված նախագիծը մանիպուլյատիվ է ու չի լուծում Արցախի գոյապահպանության հարցը:

Ժամանակավրեպ է խորհրդարանի կողմից հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս: Այո՛, հիմա կան գործողություններ, որոնք անհրաժեշտ է, որ պետությունը կատարի՝ բացառելու համար Լեռնային Ղարաբաղի՝ այսօր ունեցած ստատուս քվոյի վերացումը, բայց դա անել՝ գնալով առճակատման, ես կարծում եմ, որ մենք դրան պատրաստ չենք, որովհետև Հայաստանը պարտվում է դիվանագիտական ճակատում ու, ցավոք սրտի, բավարար ուժեր չունի, որպեսզի ուժի միջոցով կարողանա դիմակայել հնարավոր ագրեսիային:

Ասածս բնավ չի նշանակում, թե մենք պետք է հանձնվենք, այլ բազմաթիվ անհրաժեշտ գործողություններ կան, որոնց պետք է շատ արագ Հայաստանը ձեռնամուխ լինի՝ բանակի ռեֆորմ, սպառազինությունների ձեռքբերում ու դիվանագիտական ճակատում ամբողջությամբ գործողությունների վերագործարկում: Բայց ես չունեմ վստահություն, որ գլխավոր բանակցողն ու իր թիմը ի զորու են նշածս ուղղություններով հաջող կամ արդյունավետ գործունեություն ծավալելու:

Պարո՛ն Խաչատրյան, իշխանական թիմը, ձեր ասած՝ առճակատման վտանգը նկատի ունենալո՞վ չմասնակցեց քվեարկությանը, թե՞ այլ խնդիր կար դրա համար:

– Ես կարծում եմ, որ խնդիրն ուրիշ տեղ է: Ոչ այնքան իմ նշած վտանգներից փախչելու կամ խուսանավելու միտում ունեին, այլ այդ հրահանգավորումն իր հետևում ուրիշ ֆոն ունի: Հրահանգավորումը, որ իջել է գլխավոր բանակցողից, այն միտումն ունի, որ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու պլանը չբացառվի: Կարծում եմ, որ թեև Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք համաձայն են ռուսական պլանին, այնուամենայնիվ որևէ առարկայական գործողություն չեն կատարում, որպեսզի ռուսական պլանը հնարավոր լինի գործարկել:

Կարծում եմ նաև, որ դիվանագիտական գլխավոր անհաջողություններից մեկն էլ այն էր, որ ի սկզբանե դեմ լինելով ռուսական պլանին, Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ ստիպված էր հայտարարել, թե ինքը կողմ է ռուսական պլանին, իսկ երբ դու ստիպված ես հայտարարում, որ կողմ ես այդ պլանին, այդ պլանն արդեն քոնը չէ: Շատ լավ իմանալով, թե կարգավորման բանալին որտեղ է գտնվում, որդեգրում ես այնպիսի դիրքորոշում ու դիմում ես այլ ուժային ազդեցության կենտրոնների այդ հարցով ու ընդունում ես նրանց կողմից եղած առաջարկը, արդեն շատ կոպիտ դիվանագիտական-քաղաքական սխալ ես թույլ տալիս:

Երբ ինչ-որ պահի ստիպված ես հայտարարել, թե համաձայն ես ռուսական պլանին, արդեն քո համաձայնությունն էական չէ, որովհետև դու ոչ թե համաձայն ես, քանի որ համարում ես, թե այդ պլանը ճիշտ է, այլ որովհետև քեզ հասկացրել են, որ հակառակ դեպքում այդ ամենը հղի է կործանարար հետևանքներով: Ի սկզբանե էր պետք հասկանալ, որ դու այլընտրանք չունես, պետք է ընդունես այդ առաջարկը, ոչ թե թողնեիր, որ քեզ բերեին մտցնեին այդ խաղի մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ Հայաստանի իշխանություններն արդեն չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին են խոսում, կարո՞ղ ենք դիտարկել քիչ առաջ ասվածի համատեքստում:

– Նախորդ իշխանությունները ինչքան էլ խաբել են ժողովրդին Ղարաբաղի հարցում, ես կարծում եմ, որ գործող իշխանությունը ռեկորդներ են խփում իրար հետևից: Տեսեք՝ խոսում են Ալմա Աթայի հռչակագրի մասին, ես չգիտեմ՝ ուսումնասիրե՞լ են այդ հռչակագիրը, թե՞ չէ: Իմ մեջ լրջագույն կասկածներ կան, որ ուսումնասիրել են, իսկ եթե ուսումնասիրել են ու այդ բանն անում են՝ ավելի վատ իրենց համար:

Այդ հռչակագիրն ունի վերապահում. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ վերապահումով Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Երբ ասում են Ալմա Աթայի հռչակագիր, այդ վերապահումը ներառո՞ւմ են, եթե ներառում են, ուրեմն պետք է տեր կանգնեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, ինչի մասին Լավրովն ուղիղ ասաց. «Երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ դրան հավանություն են տվել այն փաստաթղթի շրջանակում, ըստ որի՝ իրենք ճանաչում են Ալմա Աթայի հռչակագիրն առանց վերապահումների, ապա սա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է խնդիրն առ այն, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների երաշխավորման մասին»:

Այս իշխանություններից որևէ մեկը մեր ժողովրդին բացատրե՞լ է, թե ինչի համար է այդ հռչակագիրն ընդունվել Գերագույն խորհրդի կողմից, ու ինչի մասին է այն: Մեր Գերագույն խորհուրդն ունեցել է հստակ դիրքորոշում, որ Հայաստանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթղթի տակ, որում ԼՂ-ն կլինի Ադրբեջանի մաս: Գիտեք, չէ՞, ինչի համար մեջտեղ գցեցին Ալմա Աթայի հռչակագիրը, որովհետև տեսան, որ 2010 թվականի վարչատարածքային բաժանման հեքիաթը շատ թույլ էր, քանի որ Հայաստանը չէր կարող վարչատարածքային բաժանման իր օրենքում, օրինակ՝ Կուբաթլիի շրջանը կպցներ Կապանի շրջանին, դա ագրեսիա էր լինելու արդեն: Բնականաբար այդ օրենքը պետք է իր մեջ ներառեր բացառապես Հայաստանի ճանաչված սահմանները: Տեսան, որ դա չի անցնում, աբսուրդ է, գնացին գտան Ալմա Աթան, որ ասեն՝ այ դուք Ալմա Աթայում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նորից եմ ասում՝ 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների է դիմել Ղարաբաղի հարցում, խաբել է մեր ազգին ու խնդիրը բերել հասցրել է այսօրվա ողբերգական վիճակին: Այսօր էլ շարունակում են այդ ազգակործան քաղաքականությունը, ցավոք սրտի, ունենք ընդդիմություն, որը յուղ է լցնում այդ աղետաբեր գործընթացների վրա իր առաջարկներով, պատկերացումներով: Այնինչ պետք էր իսկապես մտածել կոնսոլիդացիայի մասին ու գնալ առավել քիչ ցավոտ լուծումները փնտրելու ճանապարհով, որովհետև այն, որ պետք է գնանք ցավոտ լուծումների, մենք չենք որոշում, դա մեզ պարտադրում են թե՛ թշնամին, թե՛ միջազգային հանրությունը:

– 92-94 թվականների հերոսական պայքարի, դիվանագիտական աշխատանքների մասին խոսեցիք, խորհրդարանի ամբիոնից իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեղադրեց Հայաստանին «զինադադար կնքելու, Արցախի գործերին խառնվելու համար»: Խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու մասին, ինչի համար ինքը շատ է ուրախացել, ու ինչպես խոստովանեց, խորհուրդ է տվել Քոչարյանին օգտագործել որպես գործիք՝ առաջին նախագահին իշխանությունից հեռացնելու համար: Աղազարյանի այս մտքերն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– «Աղազարյանի մտքեր» բառակապակցության մեջ ես «մտքեր» բառից առաջ և հետո չակերտ կդնեի, ձեր փոխարեն չէ՝ իմ փոխարեն, ինչպես կուզի, թող ընդունի: Միշտ կարծել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի մասին պետք է խոսեն մարդիկ, որոնք «Լեռնային Ղարաբաղ» գրելիս գոնե 8 սխալից պակաս սխալ կանեն: Այդքա՛ն անգրագետ, այդքա՛ն ցինիկ…

Լեռնային Ղարաբաղի հարցում մենք եկել ենք այս ողբերգական վիճակին հենց այն պատճառով, որ Հովիկ աղազարյաններն են լուծել ԼՂ-ի հարցը: Հովիկ Աղազարյանը ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել ու չգիտի՞, որ Հայաստանը ներքաշված է եղել կոնֆլիկտի մեջ, չի՞ հիշում Նոյեմբերյանը, Ոսկեպարը, չի՞ հիշում Կապանի ռմբակոծությունները, չի՞ հիշում Երասխը, որտեղից հենց սկսվեց պատերազմը:

Հովիկ Աղազարյանը չգիտի՞, որ յոթ շրջան գրավելուց հետո որևէ բանաձև, որևէ ձևակերպում չկա, որը կվերաբերի Հայաստանին կամ նրա կողմից կատարված ագրեսիային: Իսկ Հովիկ Աղազարյանը մոտավորապես չի՞ պատկերացնում, որ աշխարհն այն ժամանակ խոսում էր Հայաստանին հետ, ու, այո՛, դա մեր դիվանագիտության գերհաջողությունն էր, որ ՄԱԿ-ի չորս բանաձևերից որևէ մեկում Հայաստանն ագրեսոր չի ճանաչվել:

Ասածս ուղղված չէ Հովիկ Աղազարյանին, որովհետև նա ընկալունակ չէ այդքանը հասկանալու, որ դա մեծ մասամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման, դիվանագիտական մտքի արդյունքն էր: Կարող են նստել իրար հետ ինչ կարգի սուտ ասես խոսեն, բայց երբ հասնում են խորհրդարան, առնվազն Լեռնային Ղարաբաղում ապրող 120000 հայի անվտանգության մասին մտածեն ու լռեն. Սեյրան Սարոյանը կասեր՝ չես կարող խոսես, չես էլ կարում չխոսե՞ս:

Հովիկ Աղազարյանը ոնց որ սկսել է ինքնախոստովանական ցուցմունքներ տալ 1998 թվականի հետ կապված, ես կարծում եմ, դեռ առիթ կունենա պատմելու, թե ինչպիսի՛ միջոցներով են Տեր-Պետրոսյանին հեռացրել իշխանությունից, ու, կարծում եմ՝ անգամ վաղեմության ժամկետը չի փրկի Հովիկ Աղազարյանին ու այն մյուսներին, որոնց անունները ինքը կտա: Այնպես որ, իր ելույթի այդ հատվածը մասնավորապես դեռ երկար ենք հիշելու, որովհետև պետական հեղաշրջման մասին ուղղակի տեղեկություն տվեց մեր հանրությանը Ազգային ժողովի ամբիոնից:

Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, լայնածավալ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսնո՞ւմ եք, պարո՛ն Խաչատրյան։

– Չեմ ուզում վատ սովորույթ դառնա մեր հարցազրույցների համար, որովհետև սեպտեմբերի 12-ի մեր հարցազրույցից մեկ օր անց ադրբեջանական կողմը հարձակվեց Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ, թեև այն ժամանակ էլ ուղիղ պատասխանից խուսափեցի, ընդամենը հույս հայտնեցի, որ չի լինի:

Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ կա ակնհայտ լարվածություն, որովհետև երբ դիվանագիտությունը մտնում է փակուղի, հրանոթները սկսում են խոսել: Կարծում եմ, որ դիվանագիտական ճանապարհով լարվածությունը մեղմացնելու հնարավորություն կա այս պահին, և պետք է ամեն բան անել, որ դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով հնարավոր լինի գալ պայմանավորվածությունների, որի դեպքում մեր թշնամին ռազմական ճանապարհով գնալու անհրաժեշտություն չտեսնի: Խոսքս հանձնվելու մասին չէ, խոսքն առավել քիչ ցավոտ լուծումներ գտնելու ու դրա շուրջ համաձայնության գալու մասին է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am