Ադրբեջանի համար հիմա, ֆուտբոլային լեզվով ասած, խաղ է մեկ դարպասի վրա, ու նա խփում է այնքան, ինչքան ուզում է․ Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, վերջին օրերին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմն ակտիվ խոսում է խաղաղության պայմանագրի կնքման մասին, Հայաստանի իշխանությունը տրամադրված է մինչև տարեվերջ կնքել այդ պայմանագիրը։ Որքանո՞վ եք հավանական համարում այդ պայմանագրի կնքումը, ու դա իսկապե՞ս լինելու է խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ։

– Դժվար է գնահատել մի բան, որի ամբողջական պատկերը, բովանդակությունը չունենք, անգամ նպատակն է անհասկանալի։ Տեսեք՝ 97-ի խաղաղության պայմանագրով մենք լուծում էինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը․ Ադրբեջանը լուծում էր իր գրավված կամ օկուպացված տարածքների վերադարձի խնդիրը, մենք լուծում էինք ԼՂ ազգաբնակչության անվտանգության խնդիրը, Հայաստանի սահմանների անվտանգության խնդիրը, այսինքն՝ բովանդակությունը հասկանալի էր։ 

Այժմյան պայմանագրի բովանդակությունը ո՞րն է, մենք ի՞նչ խնդիր ենք լուծելու խաղաղության պայմանագրով․ ընդամենը չկրակե՞լ, թե՞ դրանով մենք ունենում ենք անվտանգ Արցախ, թե՞ դրանով մենք ուղղակի Արցախը հանձնում ենք Ադրբեջանին։ 

Հենց սա նկատի ունենալով է, որ ես ասում եմ, թե սարսափում եմ այդ խաղաղության պայմանագրի տեքստից, որովհետև այդ պայմանագիրը, իմ կարծիքով, արձանագրելու է կապիտուլացված Հայաստանի պարտավորությունները։ 

Մենք պետք է հասկանանք այդ խաղաղության բովանդակությունը որն է ու պետք է հասկանանք այդ խաղաղության պայմանագրի երաշխիքները կամ երաշխավորները ովքեր են, որովհետև մենք հիմա, ենթադրենք, բավականին բան էլ զիջում ենք խաղաղության պայմանագրով, ու պարզվում է, որ դա Ադրբեջանին չի բավարարելու, ենթադրենք, հա՞։ 

Հիմա ինձ համար դժվար է ենթադրություն անել մի բանի վերաբերյալ, որի միայն մեկ կողմը գիտենք: Մենք գիտենք միայն Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները, որոնց մեջ, իհարկե, կան վտանգներ, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության ճանաչումը։ 

Ենթադրենք հետևյալ սցենարը․ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղը, ու պայմանագրի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանը ԼՂ-ի հայերի համար ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ վերջիններս ստիպված են լինում կա՛մ թողնել և հեռանալ Արցախից, կա՛մ կանգնում են նոր ցեղասպանության արհավիրքի առջև։ 

Հայաստանն ի՞նչ է անում, ինչո՞վ է միջամտում, ինչո՞վ է պաշտպանում, արդյոք արձանագրվո՞ւմ է, որ Հայաստանը հանդիսանում է ԼՂ-ի հայերի իրավունքների երաշխավոր կամ անվտանգության երաշխավոր։ Այստեղ բազմաթիվ հարցականներ կան, հենց սա էր պատճառը, որ ես կարծում եմ, գուցե խնդրի լավագույն լուծումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է լինեն մի առանցքի շուրջ, որ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը պետք է թողնել իքս ժամանակ հետո, երբ մենք, օրինակ՝ համոզված կլինենք, որ Ադրբեջանը չունի ցեղասպան նկրտումներ, այլ կերպ ասած, էքզիստենցիալ վտանգի առկայությունը բացառված կլինի, կամ կլինեն միջազգային կազմակերպություններ, սուբյեկտներ, որոնք կերաշխավորեն այդպիսի վտանգներից։ 

Այնպես որ, քանի դեռ չկա այդ պայմանագրի բովանդակությունը, դրա մասին դիրքորոշում հայտնելը լինում է «եթե»-ների մակարդակում, երբ դա կլինի, այն ժամանակ պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն բոլոր քաղաքական ուժերը: 

Իհարկե նաև երկրորդ սարսափը կա, թե մեր այսօրվա քաղաքական դաշտն ինչ ռեակցիա է տալու․ մի մասը, բնականաբար, կասի՝ պետք է գնալ ու Բաքուն արյան ծով դարձնել, մյուս մասը, այդ թվում և՝ իշխանական ուժը, կարծես թե հակված է ամեն ինչ տալու, միայն թե ստանա այդ խաղաղության պայմանագիրը։ Այստեղ պետք է այդ ոսկե միջինում գտնվող ռացիոնալ ուժերի արձագանքը, հուսամ, որ դա չի մնա ձայն բարբառո հանապատի։

– Խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ ադրբեջանական կողմի պատկերացումը դեռ վաղուց է պարզ, իսկ հայկական կողմինը՝ դեռ պարզ չէ, «լավագույն դեպքում էլ»՝ հակասական է։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը հստակ չի ներկայացնում իր պատկերացրած բովանդակությունը։

– Կարող եմ երկու տարբերակ ենթադրել․ առաջինն ու լավագույնը, որ չեն պատկերացնում, չունեն պատկերացում, տեսլականը չկա, իսկ երկրորդը՝ ուղղակի համաձայնել են ադրբեջանական կողմի առաջարկած բովանդակությանը, որի հետևանքների մասին չասեմ։ Հակառակ դեպքում մենք պետք է իմանայինք բանակցվող խնդրո առարկայի վերաբերյալ մեր դիրքորոշումը, սկզբունքների վերաբերյալ գոնե պետք է պատկերացում ունենայինք։ 

97-ին գիտեինք, որովհետև Տեր-Պետրոսյանը մեծ, ծավալուն հոդվածով հանդես եկավ, մամուլի հայտնի ասուլիսով հանդես եկավ, ու 97թվականից, եթե չեմ սխալվում, երկու կամ երեք տարի առաջ Հայոց համազգային շարժման համագումարում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված ծրագրային ելույթ ունեցավ, արդեն մենք գիտեինք մեր մոտեցումները, մեր կարմիր գծերը, հնարավորի սահմանները։ 

Գիտեք, որ Տեր-Պետրոսյանի առաջարկով Մինսկի խումբը ձև գտավ հրապարակելու Մադրիդյան սկզբունքները։ Հասարակությունն արդեն գիտեր, թե խնդրի լուծման ինչ հնարավորություններ կան, ու որտեղ է, որ հակասություններ կան Հայաստանի ու Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի միջև, թեև Ղարաբաղն արդեն դուրս էր մղված բանակցային գորընթացից, այնուամենայնիվ, կողմերի տրամադրվածությունը հայտնի էր։ 

Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ չենք կարող ուժին հակադրել ուժով, անգամ թվացյալ ուժով, մենք այսօր չունենք այդ հակադրությունը, ու որևէ քայլ չի արվում, որպեսզի բալանսը որոշակիորեն փոխվի, առնվազն Ադրբեջանը տեսնի, որ ինքնապաշտպանության ունակ կողմի հետ գործ ունի, ու, ըստ էության, Ադրբեջանի համար հիմա, ֆուտբոլային լեզվով ասած, խաղ է մեկ դարպասի վրա, ու նա խփում է այնքան, ինչքան ուզում է։ 

Սա է պատճառը, որ մենք այսօր չունենք մեր կողմի դիրքորոշումը, նորից եմ ասում, ըստ իս՝ կա՛մ արդեն համաձայնություն կա, կա՛մ, տա Աստված, հայկական կողմն այս պահին դեռ չի հայտնել իր դիրքորոշումն ու պատրաստվում է հայտնել, ինչին, ցավոք, կասկածում եմ։

– Իսկ եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով հասնել այդ պայմանագրի՝ իր համար ցանկալի բովանդակությամբ ստորագրմանը, Հայաստանն այլընտրանք ունի՞, թե՞, ինչպես ոմանք են նշում, խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է, ինչին Հայաստանը, գոնե հիմա, պատրաստ չէ, պարո՛ն Խաչատրյան։

– Տեսեք՝ Ադրբեջանն ի՛նչ է ասում, ասում է՝ ես պատրաստ եմ ԼՂ-ի հայերին տալ այն բոլոր իրավունքները, ինչ ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը Հադրութի հայերին երաշխիքներ չի տալիս, որ վերջիններս կարող են վերադառնալ ու բնակվել այնտեղ, սա մեկ։ 

Երկրորդ՝ եթե Ադրբեջանը կարող է ուժով լուծել այդ խնդիրը, ինչո՞ւ մինչև հիմա չի լուծել ու նոյեմբերի 9-ից հետո կարծես թե հրաժարվել է Ղարաբաղն ամբողջությամբ ռազմական ուժի միջոցով օկուպացնելու կամ ամբողջությամբ հայերից ազատելու մտադրությունից։ 

Հավանաբար կան որոշակի հնարավորություններ, ու ես լուրջ կասկած ունեմ, որ այդ հնարավորությունները կա՛մ չեն օգտագործվում, կա՛մ ճիշտ չեն օգտագործվում։ Ասեմ ավելին՝ մսխվում են այդ հնարավորությունները, որովհետև, այնուամենայնիվ, որոշակի իմաստով, մենք ունենք որոշակի անվտանգային համակարգ, ու դա պետք է այսօր փայփայել, որքան էլ դրա նկատմամբ վերաբերմունքը հակասական լինի։ 

Երրորդ՝ իհարկե ճիշտ եք ասում, ու եթե Հայաստանը շարունակի մսխել բանակը, չզինել բանակը, չվերակազմավորել, առնվազն այն մակարդակում, որ Ադրբեջանը տեսնի, որ մենք ջանքեր ենք գործադրում սեփական անվտանգության համակարգերը վերականգնելու, հզորացնելու ուղղությամբ, ապա ձեր մտահոգությունն իսկապես տեղին է, ու բոլոր այն մարդկանց մտահոգությունը, ովքեր տարակուսած նայում են, թե ինչպես կարելի է երկու տարվա ընթացքում պարտված բանակի վրա լրջագույն ռեսուրսներ չծախսել։

Նորից ասեմ նեգատիվ, հոռետեսական իմ ենթադրությունը. գուցե Հայաստանին պարտադրե՞լ են, որ Հայաստանը չունենա այդ անվտանգության համակարգը, չուժեղացնի իր բանակը, որովհետև երբ տրամաբանությունը կտրվում է, սկսում ենք դրա տակ ինչ-որ բան փնտրել, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ հիմա Սյունիքում մենք պետք է ունենայինք հզորագույն նոր հենակետեր, նոր ամրաշինական կառույցներ Վարդենիսում, Նոյեմբերյանում, Նախիջևանի հատվածում պետք է ամրապնդվեին, որովհետև, եթե 2019-ին ադրբեջանցիների առաջապահ զորքերը գտնվում էին Ֆիզուլի քաղաքից այն կողմ՝ Հորադիզում, այսօր գտնվում են Որոտանում, ու բնական էր, չէ՞, որ մեր ռեսուրսների ահռելի մասնաբաժինը պետք է ծախսվեր անվտանգության համակարգերի վրա, ինչը չենք տեսնում: Ուրեմն, երբ այստեղ տրամաբանությունը բռնաբարվում է, սկսում ենք մտածել՝ ի՞նչ կա տակը, որ չեն անում, որովհետև պետության ղեկավարը, իշխող քաղաքական ուժը պետք է որ այս պարզ ճշմարտությունը հասկանա, ուրեմն սկսում ես մտածել, որ կան այլ կործանարար պայմանավորվածություններ։ 

– Բանակում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներին պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում, ոմանց կալանավորում են։ Այս դեպքերը որքանո՞վ են նպաստում բանակի հզորացմանը, վերականգնմանը, որովհետև հանրության որոշ մասն ասում է, որ այդ մեղավորները եթե պատժվեն, բանակն արդեն կդառնա մարտունակ, էլ չեն լինի դավաճանություններ, իրենց գործին չտիրապետող հրամանատարներ։

– Լավ հարց է, ու կարելի է նաև նախորդ պատասխանիս կոնտեքստում էլ դիտարկել․ մենք ի՞նչ խնդիր ենք դրել։ Այս պահին կարելի էր այդ մարդկանց ուղղակի աստիճանազրկել կամ ուղարկել թոշակի։ Գիտեք՝ պատերազմ սանձազերծողը, երկիրը պատերազմ տանողն այսօր մարդկանց է պատժում, ես մեկ հոգու նկատի չունեմ, ամբողջ իշխանությանը նկատի ունեմ, ամբողջ խորհրդարանը, այդ թվում՝ այդ օրվա ընդդիմությանը, որոնք Ազգային ժողովի ամբիոնից Բաքուն էին գրավում: 

Մեկը չեղավ այդ ամբողջ խորհրդարանում՝ հարց տար՝ կարո՞ղ ենք պատերազմել, թե՞ այդ որ ասում եք՝ «հենց այս պահին կարող եմ կանգնեցնել պատերազմը», գուցե հենց պետք է այս պահին կանգնեցնե՞լ պատերազմը, մեկը չեղավ, որ համարձակություն ունենար այդ հարցը տար ու այդ լուծման առաջարկն աներ։ Այսինքն՝ բոլորն են պատասխանատու, պատերազմ հրահրողները բա ովքե՞ր էին, հասարակ քաղաքացինե՞րը, թե՞ գեներալները, որոնք շատ լավ գիտեին մեր բանակի վիճակը։ 

Մեղավոր փնտրելու այս գործընթացը շատ, շատ վատ տեղ է տանելու։ Այս համատարած մեղավորության մթնոլորտը, դավաճանության մթնոլորտը ստեղծվում է, որպեսզի գլխավոր մեղավորի մեղքը պակասի։ Բանակի մեջքը մեկ անգամ Ադրբեջանն է կոտրել, հիմա էլ մենք ենք շարունակում դա անել, պետք է հեռու մնալ այդ քայլերից։

– Պարո՛ն Խաչատրյան, միտումնավո՞ր է դա արվում։

– Չեմ կարծում, թե դա անզգուշություն կամ անփութություն է։ Հանցագործությունները լինում են միտումնավոր ու ոչ միտումնավոր, չեմ կարծում, թե անզգուշությամբ Ղարաբաղի պաշտպանության բանակի երկու հրամանատարի նկատմամբ այս տեսակ վերաբերմունք է դրսևորվում: Վստահ եմ, որ դա արվում է հատուկ դիտավորությամբ։ 

Չգիտեմ ինչու՝ ուշադրություն չի դարձվել այս հանգամանքին, հուսամ, պաշտպանները ուշադրություն կդարձնեն, իսկ ո՞ր պետության իրավազորության ներքո են Միքայել Արզումանյանն ու Ջալալ Հարությունյանը, իսկ ո՞վ կարող էր քրեական հետապնդում սկսել այդ անձանց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության իրավապահնե՞րը, թե՞ Արցախի Հանրապետության։ 

Այստեղ նորից տրամաբանությունը կտրվում է, ու նորից տակը բան ես ման գալիս, ասում ես՝ կարո՞ղ է մեր հակառակորդի պահանջով է այս քրեական հետապնդումը սկսվել, ու արդյոք դավաճանությունը այդ երկու անձանց արարքներո՞ւմ է, թե՞ այլ տեղ է պետք փնտրել դավաճանությունը։ Քանի դեռ մենք չունենք տրամաբանված քայլեր, ընկնելու ենք դավադրապաշտության հետևից։ 

Բայց գամ գլխավոր խնդրին․ պարտված քաղաքական ուժը, պարտված երկրի ղեկավարը իրավունք չունեն շարունակել պաշտոնավարել, ո՞վ կպաշտոնավարի՝ դա տասներորդական խնդիր է, բայց որ պարտված ղեկավարը, քաղաքական ուժը պետք է գնան՝ միանշանակ է։

– Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական նոր էսկալացիայի, սահմանին նախորդ օրերին ևս լարվածության ականատես եղանք։ Ձեր գնահատմամբ՝ առաջիկայում էսկալացիաներ լինելո՞ւ են, ու դրանց նպատակը ո՞րն է լինելու։

– Ես այնքան հոռետեսական բաներ ասացի, որ եկեք այդ հարցին չպատասխանեմ։ Բայց ուզում եմ լավատեսական նոտայով ավարտել, կարծում եմ՝ Ադրբեջանը չի գնա այդ ռիսկին, որովհետև ռազմական հաջողություն, ռազմական բալանս՝ այս ամենը մի կողմ, միջազգային իրադրությունը, աշխարհակարգը այնպիսի պատկեր կստանան առաջիկայում, որ այդ տեսակ էսկալացիաները, հուսամ՝ կբացառվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am