«10 օրը ողջամիտ ժամկետ չէ, ինչը կարող է պատճառ լինել, որ իրանցիների հոսքը դեպի Հայաստան դադարի». Իրանագետ

Այս օրերին Երևանի պատվաստումային շրջիկ կետերում, մասնավորապես, Հյուսիսային պողոտայի շրջիկ կետում, իրանցիների զգալի կուտակումներ են: Սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում են լուսանկարներ, որոնցից երևում են գետնին, բարակ ծածկոցի վրա պառկած կամ գիշերող մարդիկ, որոնք պարզապես չեն ցանկանում կորցնել իրենց հերթը:

Առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» ասել էին, որ նման իրավիճակը պայմանավորված է հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի պաշտոնակատարի նոր հրամանով, որի համաձայն՝ Հայաստանում օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն 10 օր երկրում մնալու դեպքում:

Իրանագետ Տիգրան Դավուդյանի կարծիքով՝ «10 օրը ողջամիտ ժամկետ չէ, ինչը կարող է պատճառ լինել, որ իրանցիների հոսքը դեպի Հայաստան դադարի»։ 

«Եթե Թուրքիան և Վրաստանն էլ իրենց ցամաքային սահմանը բացեն իրանցիների համար և ավելի մատչելի պայմաններ առաջարկեն, ապա այդ դեպքում իրանցիներն այդ երկրներ կգնան, քանի որ շրջագայությունների գնային առումով այդ երկրներն ավելի մրցունակ են: Իրանցիներն առայժմ միայն օդային ճանապարհով են մեկնում Թուրքիա, Արաբական էմիրություններ, մասամբ նաև՝ Իրաք»,- «Մեդիալաբին» ասում է Դավուդյանը։

Նրա խոսքով՝ եթե օրեր առաջ իրանցիները Հայաստան-Իրան սահմանն անցնելով Մեղրիում պատվաստվում էին ու վերադառնում իրենց երկիր, ապա այժմ ստիպված են կիլոմետրեր կտրել-անցնել՝ Երևանում պատվաստվելու համար:

«Ես կարծում եմ՝ 3-5 օրը ողջամիտ ժամկետ է բժշկական շրջագայության համար Հայաստան եկած իրանցի հյուրերին գրավելու համար»,- նշում է Դավուդյանը:

Սակայն, իրանցի զբոսաշրջիկների հետ աշխատող «Ռեստ տուր» ընկերության ներկայացուցչի հավաստմամբ,  հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող որոշումը մեծ փոփոխությունների առիթ չի հանդիսանա։ Ըստ կազմակերպության՝ այդ որոշումը  չի ազդել իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան գալու մտադրության վրա: 

«Դեռ որևէ զբոսաշրջիկ չեղյալ չի արել տուր-այցելությունը: Ճիշտ է՝ մի փոքր նեղվում են, դժգոհում են, որ նման որոշում է ընդունվել, բայց չեղյալ չեն արել այցելությունը», -«Մեդիալաբին» ասում է  «Ռեստ տուր»-ի օպերատորը:

Տրամադրությունները

Իրանագետ Դավուդյանն ասում է, որ  ուսումնասիրել է Հայաստանում պատվաստումների իրանական արձագանքները և ասում է՝ դրանք հակասական են:

«Ժողովրդի մեծամասնությունը սոցիալական ցանցերում բարձր է գնահատում Հայաստանի վերաբերմունքը և արտասահմանցիներին ևս անվճար պատվաստելը։ Նրանցից ոմանք հայերին մեծարելու համար այս առիթով հիշեցնում են պարսիկ նշանավոր բանաստեղծուհու՝ Փարվին Էթեսամիի հայտնի տողերը՝ «Մեր քաղաքում մի իրական մուսուլման կա, էն էլ հայ է»»,- նշում է նա։

Այլ են սակայն Իրանի պաշտոնական շրջանակներից, հատկապես՝ առողջապահության նախարարության պաշտոնյաներից եկող տրամադրությունները: 

«Նրանք հանրության սաստիկ ճնշման տակ են, որ չեն կարողացել բավականաչափ պատվաստանյութ ապահովել երկրի համար, բարձր են վարակի տարածվածության մակարդակը և մահվան թվերի աճը, իսկ Հայաստանի նման փոքր և պատերազմ տեսած երկիրը կարողանում է ձեռք մեկնել իր հարևան ու բարեկամ երկրի քաղաքացիներին։ 

Պետական պաշտոնյաները քաղաքացիներին հորդորում են պատվաստվելու համար Հայաստան և այլ երկրներ չմեկնել, այլ սպասել պատվաստանյութի ներքին արտադրանքին և հարցերի կարգավորման»,-ներկայացնում է Տիգրան Դավուդյանը։

Իրանում պետք է պատվաստվի շուրջ 60 միլիոն քաղաքացի, այսինքն, իրանագետի խոսքով, անհրաժեշտ է կրկնակի ավելի պատվաստանյութ, այն դեպքում, երբ երկրում առկա է պատվաստանյութի մոտ մեկ միլիոն պաշար, իսկ ներքին արտադրանքը ևս չի կարողանում բավարարել երկրի կարիքները։ 

Այդ երկրում պատվաստման տարիքային շեմը հիմա 68-ից բարձրն է, իսկ Հայաստան են գալիս առավել ցածր տարիք ունեցող քաղաքացիները։ 

«Հայաստան մեկնող իրանցիները պատկանում են բոլոր խավերին՝ աշխատավոր են, մտավորական, գյուղաբնակներ և այլն։ Իրանցի նշանավոր արտիստուհին Հայաստանում պատվաստվելուց հետո այցելել էր Մոնումենտ և Գառնի ու լուսանկարներ հրապարակել իր ինստագրամյան էջում։

Հայաստան գալիս են նաև սահմանամերձ Ատրպատական նահանգի թրքախոս քաղաքացիներ։ Իմ կարծիքով՝ դա ևս դրական արձագանք կարող է թողնել իրանցիների մոտ», -ասում է Դավուդյանը՝ նկատելով, որ ադրբեջանական լրատվական ռեսուրսները խանդով են ներկայացնում իրանցիների հանդեպ Հայաստանի դրական վերաբերմունքը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am