«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի նման դիրքորոշումը:
– Ես հույս ունեմ, որ վերջապես մենք այդ կառույցը կլքենք, Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ինչպես և ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր իշխանության բոլոր հայտարարություններն ու գործողությունները կիսատ քայլեր են: Ճիշտ կլիներ, որ Հայաստանը նախաձեռներ ու դուրս գար կամ արդեն դուրս եկած լիներ այդ կառույցից: Ողջունում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը, ու մենք գնում ենք ՀԱՊԿ-ը դե յուրե լքելու ճանապարհով:
– Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի նախաձեռնում ու դուրս գալիս այդ կառույցից, ի՞նչն է խանգարում:
– Ըստ էության Հայաստանի իշխանությունը չի ցանկանում ինքն առաջին քայլն անել, թեև, կրկնեմ, ես չեմ հասկանում նման դիրքորոշումը, բայց դիրքորոշումն այն է, որ մենք առաջին քայլը չենք անելու, ՀԱՊԿ-ն է իրեն սխալ պահել մեր նկատմամբ, թող ինքը մեզ հեռացնի, մենք ուղղակի չենք մասնակցի որևէ գործողության: Ես գտնում եմ, որ սա ոչ միայն կիսատ քայլ է, այլ նաև՝ անտրամաբանական, մենք վաղուց պետք է ՀԱՊԿ-ում չլինեինք:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուսական կողմից ճնշումներ լինեն, ինչի համար էլ հայկական կողմը հապաղում է:
– Եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու այս օրակարգը չլիներ, եթե մենք չսպասեինք, որ շուտով մեզ հանելու են, կարելի էր մտածել, որ ճնշումներ կան: Ավելին, եթե Հայաստանին ինչ-որ կոչեր արվեին վերադառնալ կառույց, Հայաստանի համար ինչ-որ բաներ արվեին, կարելի էր այդպես մտածել: Բայց փաստ է, որ ներկա պահին Հայաստանը դե ֆակտո ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի, այդ իսկ պատճառով դե յուրե ՀԱՊԿ-ում Հայաստանի լինելն անիմաստ է: Լավ կլիներ, որ դրա մասին առաջինը Հայաստանի իշխանությունը բարձրաձայներ, բայց ստացվել է այնպես, որ այդ մասին առաջինը բարձրաձայնում է ՀԱՊԿ-ը, հետևաբար ՀԱՊԿ-ն էլ կլինի գործողություն կատարողը:
– Իսկ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ է մինչև հիմա ձգձգում Հայաստանին դուրս թողնելու գործընթացը:
– Ամենայն հավանականությամբ այն պատճառով, ինչի մասին դուք ակնարկեցիք, գուցե սպասում էին, որ նախկինում արված ճնշումներն արդյունք կտան: Գուցե նաև իրենք այս հայտարարություններով փորձում են այնպես անել, որ Հայաստանի դիրքորոշման վրա ազդեն, բայց Միրզոյանի հայտարարությունը ցույց տվեց, որ Հայաստանը համարձակվում է տեղիք չտալ ճնշումների, սպասենք հետագա զարգացումներին:
– Պարո՛ն Ղևոնդյան, մշտապես, երբ այս մասին խոսվում է, Հայաստանի ներսում որոշ շրջանակներ քննարկում են այն հարցը, որ պետք չէ ՀԱՊԿ-ից դուրս գալ, քանի չենք գտել դրան փոխարինող կառույց: Իշխանությունը կարողացե՞լ է գտնել այդ փոխարինողին:
– Պետք է ինչ-որ մի բան ունենաս, որ դրան փոխարինող գտնես, 2022 թվականից սկսած ՀԱՊԿ-ը ոչ միայն կիրառական, այլև տեսական նշանակություն չունի Հայաստանի համար: Հետևաբար, եթե այն ոչինչ է, ոչնչին փոխարինող գտնելն իմաստ չունի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















