Հայաստան–Թուրքիա սահմանի բացման հարցում պետք է հետևել Անկարայի հաջորդ քայլերին, ոչ թե Երևանի լավատեսությանը․ Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը և տարածաշրջանային մյուս գործընթացները մոտ են իրականացմանը, և որ նկատելի է առաջընթացն այդ ամենում: Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները նկատի ունենալով՝ որքանո՞վ եք հավանական համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը:

– Դատելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից՝ տպավորություն է ստեղծվում, որ ձեռք է բերվել որոշ էական համաձայնություն այդ հարցում, թե որքանով են իրատեսական արդյոք ձեր ասած այդ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրադարձությունները, ու զարգացումները թու՞յլ են տալիս դրա իրականացումը, ու ի՞նչ հանգամանքներով կարող է դա իրականացվել, քննարկման առարկա պետք է դառնա:

Իմ գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում կարևորն այն է, թե արդյոք Թուրքիան քաղաքական որոշում կայացրե՞լ է, որ սահմանի բացումն այլևս չպետք է հետաձգվի, ու կտրուկ քայլերի գնալ, այսինքն՝ այդ միտումը պետք է հիմնավորում ունենա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե սահմանի բացման որոշումը կարող է կայացվել ցանկացած պահի, սա կարևոր ազդակ է, բայց պետք է հաշվի առնել երեք շատ կարևոր իրողություն՝ բանակցային առաջընթացը, քաղաքական պայմանավորվածությունն ու իրականացման վերջնական որոշումը: Առաջինի մասով կան հստակ հրապարակային ապացույցներ, երկրորդի ու երրորդի մասով անհրաժեշտ է լրացուցիչ հաստատում, ինչի մասին ասացի: 

Այս համատեքստում եթե դիտարկում ենք Թուրքիայից եկող վերջին ազդակը, որը սեպտեմբերի 23-ին էր, երբ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են հարաբերությունների կարգավորման ու այլ հարցեր, հրապարակված հաղորդագրություններում, հատուկ շեշտում եմ՝ սահմանը բացելու կոնկրետ օր կամ վերջնական պայմանավորվածություն չի նշվել: 

Սրանից կարող ենք եզրակացնել, որ երբ համեմատում ենք հրապարակային հայտարարությունները, բարձր մակարդակի շփումներն ու այդ տեխնիկական պատրաստության մասին տեղեկություններըը, կարող ենք խոսել ոչ միայն ընդհանուր ցանկության, այլ նաև գործնական որոշակի հնարավոր նախապատրաստման մասին ու ոչ ավելին, բայց դա դեռ չի ապացուցում, որ Անկարան ու Երևանը, օրինակ՝ համաձայնեցրել են բացման օրը, սահմանային ռեժիմը, քաղաքական պայմանները և այլն: 

– Բայց Թուրքիայից հստակ ասում են, որ սահմանի բացումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումից:

– Այո՛, Թուրքիայից այդ հստակ ուղերձը հղվել է, այսինքն՝ իրենց օրակարգի մեջ մտնում է հայ-ադրբեջանական օրակարգը, մինչև դա առաջնահերթ լուծում չստանա, հայ-թուրքական հարաբերությունների լուծումը դեռևս փակուղում է: Այսօր տպավորություն է ստեղծվում, որ այդ գործընթացը երկկողմ համատեքստում է տեղի ունենում, բայց դրա քաղաքական տեմպը սերտորեն կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ու սա ակնհայտ է: 

Թուրքիայի հաշվարկը հասկանալու համար պետք է տարբերակենք երեք մակարդակ, օրինակ՝ Հայաստանի հետ հարաբերությունները, որտեղ Թուրքիան ունի տնտեսական-տրանսպորտային շահեր՝ կապված տարածաշրջանի ապաշրջափակման, առևտրի ընդլայնման ու նոր հաղորդակցությունների հետ: Երկրորդ՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ, երրորդ՝ տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից, երբ սահմանի բացումը Թուրքիային հնարավորություն է տալու անմիջապես ընդլայնել իր տնտեսական, քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում ու, մասնավորապես, Հայաստանում: 

Այսինքն՝ Անկարայի համար հարցը միայն այն չէ, թե ինչ կշահի Հայաստանն այդ առևտրից, այլ այն՝ թե ինչպես կարելի է բացել նոր տարածաշրջանային ուղիները՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանի հետ ռազմավարական համակարգումն ու իր փոքր եղբորը չնեղացնելու միտումը: 

Կարևոր ընդգծում անեմ, որ Թուրքիան սահմանի բացման համար կարող է ընտրել փուլային տարբերակը, այսինքն՝ պարտադիր չէ, որ բոլոր առումներով ու միանգամից լինեն հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը: Այս առումով իրենք կարող են ԹՐԻՓՓ նախագծի համատեքստում նայեն, Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական կապի համատեքստում նայեն այդ հարցին, ընդ որում՝ իրենք Իրանի գործոնն էլ չեն կարող անտեսել: 

Չեն կարող անտեսել Ռուսաստանի ու Վրաստանի գործոնը, ԵՄ-ի ու ընդհանուր հավաքական Արևմուտքի գործոնը, որովհետև աշխարհաքաղաքական հիմնական տրամաբանությունը հետևյալն է՝ այս ուժերի շահերը լիովին համընկնող չեն, բայց դրանց մի մասը հատվում է մի կարևոր կետում՝ գերնպատակն է Հարավային Կովկասում այդ հաղորդակցությունների ընդլայնումը, երկարատև հակամարտությունների նվազումը: 

– Պարո՛ն Կարապետյան, կարծում եք՝ այս խաղացողներն արդեն համաձայնեցրե՞լ են այն հարցը, թե, օրինակ՝ ո՞վ է վերահսկելու նոր ուղիները:

– Դա կարևոր հարցերից մեկն է, ինչպես նաև կարևոր է իմանալ, թե ի՞նչ կանոններով են դրանք գործելու, ո՞վ է ստանալու տնտեսական առավելությունները: Այս ամենը մինչև չհստակեցվի՝ մենք չենք կարող ասել, որ սահմանը բացելու վերջնական որոշումը կայացված է: 

Իմ գնահատմամբ՝ հնարավոր է, որ քննարկման կենտրոնն աստիճանաբար տեղափոխվում է հետևյալ կետին՝ բացել, թե չբացել հարցից դեպի՝ ինչպե՞ս ու ե՞րբ բացելու հարցին: Ինչպես ասացի, այս հարցում, ես կարծում եմ, որ Թուրքիան ընտրելու է փուլային տարբերակը, հիշում ենք, որ խոսք եղավ երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական կամ այլ խմբի անձանց մասին, ուղևորափոխադրում կամ բեռնափոխադրում լինի, հետո երկաթուղային կապի վերագործարկումը և այլն, բայց ամբողջական ու միասնական փաթեթով այս ամենի իրագործումը ես հնարավոր չեմ համարում: 

Ընդհանուր այս լավատեսական հայտարարություններին հաջորդող օրերին պետք է հետևել՝ հասկանալու համար կա՞ Թուրքիայի պաշտոնական հաստատում այս մասով, թե՞ ոչ: Պետք է տեսնենք, թե Թուրքիայի հաջորդ քայլը ո՛րն է, այլ ոչ թե հիմք ընդունենք հայկական կողմի լավատեսական հայտարարություններն ու անկեղծ ցանկությունները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am