Իրանի դիրքորոշումը TRIPP-ի շուրջ կարող է Հայաստանի համար նոր կախվածության ռիսկեր ստեղծել․ Դավիթ Կարապետյան

Իրանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ TRIPP-ի անվտանգությունը պետք է ապահովեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն առկա երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, Հայաստանի համար միաժամանակ և՛ հնարավորություն, և՛ լուրջ ռազմավարական ռիսկեր է պարունակում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ հիմնական հարցն այստեղ ոչ այնքան ճանապարհի գոյությունն է, որքան այն, թե ով է Սյունիքում ստանում անվտանգության և փաստացի վերահսկողության լծակը։

Ի՞նչ է իրականում ուզում Իրանը TRIPP-ի հարցում

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ Դավիթ Կարապետյանը նշում է, որ եթե այն ձևակերպենք այսպես՝ «TRIPP-ի անվտանգությունն ապահովեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ արդեն տարածաշրջանում առկա երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, բայց ոչ ԱՄՆ-ն», ապա Հայաստանի համար առաջանում է բավական լուրջ, բայց երկակի բնույթի վտանգ։

Նրա գնահատմամբ՝ Իրանի այս դիրքորոշման ամենակարևոր ենթատեքստը ոչ այնքան TRIPP-ի դեմ լինելն է, որքան այն հարցը, թե ով է ստանում Սյունիքում անվտանգության և փաստացի վերահսկողության լծակը։

«Իրանը փաստացի սահման է գծում՝ ԱՄՆ-ն չպետք է լինի։ Թեհրանի համար ամենազգայուն տարբերակը TRIPP-ի երկայնքով ամերիկյան ներկայությունն է։ Իրանի մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այդ ճանապարհը մոտ է իր հյուսիսային սահմանին և կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը»,- ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Իրանի առաջարկած երկու տարբերակները՝ հայկական ուժեր կամ ռուսական ներկայություն, մեկ ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ բացառում են ամերիկյան անվտանգության բաղադրիչը։

Կարապետյանը սա Հայաստանի համար առաջին ռազմավարական խնդիրներից է համարում։

Ռուսաստանի ներգրավումը՝ նոր կախվածության ռիսկ

Միջազգայնագետի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ վտանգը «երրորդ կողմի երաշխիքից» կախվածությունն է։

Եթե TRIPP-ի անվտանգությունը հանձնվի Ռուսաստանին, նույնիսկ Հայաստանի համաձայնությամբ և իրավական պայմանագրի հիման վրա, նրա գնահատմամբ՝ կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ։

«Սյունիքում կարող է ձևավորվել իրավիճակ, երբ ճանապարհը Հայաստանի տարածքն է, բայց դրա անվտանգության հիմնական երաշխավորը՝ օտար պետությունը։ Սա հատկապես զգայուն է, որովհետև Ռուսաստանն արդեն ունի տարածաշրջանում պատմական և ինստիտուցիոնալ ներկայության փորձ»,- նշում է նա։

Այսպիսով, ըստ Կարապետյանի, Հայաստանի առջև կարող է առաջանալ ոչ թե տարածքային ինքնիշխանության ֆորմալ կորուստ, այլ ավելի նուրբ խնդիր՝ ինքնիշխանության պահպանման պայմաններում անվտանգության ոլորտում նոր կախվածություն։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, միայն հայկական ուժերով անվտանգությունն ապահովելու տարբերակն էլ իր ռիսկերն ունի։

Առաջին հայացքից սա Հայաստանի համար ամենաբնական տարբերակն է․ եթե TRIPP-ը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ դրա անվտանգությունն ապահովում են ՀՀ սահմանապահներն ու իրավապահ մարմինները, ապա գործում է պարզ տրամաբանություն՝ Հայաստանի տարածք, Հայաստանի օրենք, Հայաստանի ուժեր, Հայաստանի վերահսկողություն։

Սակայն, Կարապետյանի խոսքով, այս դեպքում Հայաստանը ստանձնում է նաև ամբողջ անվտանգության պատասխանատվությունը։

Եթե TRIPP-ի նկատմամբ տեղի ունենան ահաբեկչական հարձակում, դիվերսիա, զինված միջադեպ կամ այլ սպառնալիք, միջազգային պատասխանատվության և անվտանգության հիմնական բեռը կընկնի Երևանի վրա։

Ուստի, ըստ նրա, հայկական վերահսկողությունը պետք է ուղեկցվի ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական, տեխնոլոգիական և միջազգային անվտանգության երաշխիքներով։

Կարապետյանը հատկապես վտանգավոր է համարում Ռուսաստանի ներգրավման երկարաժամկետ տարբերակը։

«Եթե Ռուսաստանը դառնում է TRIPP-ի անվտանգության երաշխավոր, ապա Մոսկվան ստանում է Սյունիքի նոր ռազմավարական հանգույցի վրա ազդեցության օրինականացված մեխանիզմ»,- ասում է նա։

Այդ դեպքում, ըստ միջազգայնագետի, Ռուսաստանը կարող է դառնալ միաժամանակ Հայաստանի անվտանգության գործընկեր, TRIPP-ի անվտանգության մասնակից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կողմ և տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկողության կարևոր դերակատար։

Նրա խոսքով՝ այս դեպքում Մոսկվան մի քանի դեր է համատեղում մեկ աշխարհագրական կետում, և հարցն արդեն շատ ավելի լայն է դառնում, քան պարզապես ճանապարհի անվտանգությունը։

Կարապետյանը այստեղ տեսնում է նաև Իրանի դիրքորոշման հակասությունը։

Իրանը փորձում է կանխել ամերիկյան ռազմավարական ներկայությունը իր հյուսիսային սահմանին, սակայն եթե դրա փոխարեն Սյունիքում ամրապնդվի Ռուսաստանի ներկայությունը, Հայաստանը կարող է հայտնվել ռուս-իրանական ռազմավարական համաձայնության գոտում։

Այդ դեպքում ԱՄՆ ազդեցությունը նվազում է, իսկ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը՝ հարաբերականորեն մեծանում։

«Եվ այստեղ Հայաստանի շահը կարող է չհամընկնել ոչ մեկի շահի հետ»,- ընդգծում է Կարապետյանը։

Հայաստանի շահը՝ ամբողջական հայկական վերահսկողություն

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար ցանկալի չէ, որ Սյունիքը դառնա ԱՄՆ-Ռուսաստան-Իրան աշխարհաքաղաքական մրցակցության կառավարվող տարածք։

Հայաստանի շահը, ըստ նրա, պետք է լինի հակառակը՝ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածք է, իսկ դրա տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքը գործում է Հայաստանի օրենքներով և Հայաստանի վերահսկողությամբ։

Միաժամանակ, Կարապետյանը Իրանի դիրքորոշման մեջ նաև դրական կողմ է տեսնում։

Թեհրանը, ըստ նրա, փաստացի ընդունում է Երևանի համար կարևոր սկզբունք՝ TRIPP-ը պետք է գտնվի Հայաստանի անվտանգության համակարգի ներքո և չպետք է լինի արտատարածքային միջանցք։

«Եթե Իրանն ասում է, որ հայկական ուժերը կարող են ապահովել անվտանգությունը, դա անուղղակիորեն նշանակում է, որ Իրանն ընդունում է Հայաստանի տարածքային և իրավական վերահսկողությունը։ Սա Հայաստանի համար դիվանագիտական կարևոր ձեռքբերում կարող է դառնալ»,- նշում է նա։

Սակայն ավելի խորքային վտանգը, ըստ Կարապետյանի, այն է, որ եթե Իրանը փորձի իր դիրքորոշումը դարձնել TRIPP-ի իրականացման նախապայման, Հայաստանը կարող է հայտնվել երեք ուժերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերի միջև։

ԱՄՆ-ն ձգտում է ունենալ ռազմավարական ներկայություն և ազդեցություն, Ռուսաստանը՝ պահպանել կամ վերականգնել իր տարածաշրջանային դերակատարությունը, իսկ Իրանը՝ թույլ չտալ ամերիկյան ներկայություն իր հյուսիսային սահմանին։

«Իսկ մեջտեղում գտնվում է Հայաստանը՝ Սյունիքով։ Այս իրավիճակում ամենավտանգավոր սցենարը այն է, որ Հայաստանը կդառնա ոչ թե խաղի նախաձեռնող, այլ անվտանգության մեխանիզմի օբյեկտ»,- ասում է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ Երևանի համար ամենաճիշտ դիրքորոշումը պետք է լինի պարզ՝ ոչ ամերիկյան, ոչ ռուսական, ոչ իրանական վերահսկողություն, այլ ամբողջական հայկական իրավական և ֆիզիկական վերահսկողություն։

Դա, ըստ նրա, նշանակում է, որ սահմանապահ ծառայությունը, ճանապարհային ոստիկանությունը, մաքսային վերահսկողությունը և իրավապահ գործառույթները պետք է իրականացվեն հայկական կառույցների կողմից, ենթակառուցվածքի սեփականության և կառավարման իրավական հիմքը պետք է ձևավորվի ՀՀ օրենսդրությամբ, իսկ միջազգային ներդրողների մասնակցությունը չպետք է վերածվի անվտանգության առանձին ինքնիշխանության։

Միջազգային դիտարկման կամ տեխնիկական մեխանիզմները, ըստ Կարապետյանի, կարող են կիրառվել միայն Հայաստանի համաձայնությամբ։

ԱՄՆ-ն կարող է մասնակցել ֆինանսավորմանը, ներդրումներին, տեխնոլոգիական և տնտեսական կառավարմանը՝ առանց ռազմական կամ արտատարածքային անվտանգության դեր ստանձնելու։

Սա, Կարապետյանի գնահատմամբ, Հայաստանի համար ամենաբալանսավորված մոդելն է։

Նա նաև ընդգծում է, որ Իրանի այս դիրքորոշումն ինքնին Հայաստանի դեմ ուղղված չէ։ Թեհրանը փորձում է թույլ չտալ, որ իր հյուսիսային սահմանին հայտնվի ԱՄՆ-ի ռազմավարական ենթակառուցվածքային կամ անվտանգության ներկայություն։

Սակայն Հայաստանի համար վտանգը սկսվում է այն պահին, երբ «ԱՄՆ-ի չլինելու» պահանջը վերածվում է «Ռուսաստանի լինելու» պահանջի։

Այդ դեպքում Հայաստանը կարող է պարզապես մեկ արտաքին անվտանգության հենարանը փոխարինել մյուսով։

«Ամենավտանգավորը կլինի այն իրավիճակը, երբ Հայաստանը պահպանի տարածքի անվանական ինքնիշխանությունը, բայց անվտանգության իրական որոշումների վրա ազդեցությունը փոխանցվի Ռուսաստանին կամ որևէ այլ արտաքին ուժի»,- ասում է Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար ցանկալի ռազմավարական մոտեցումը պետք է միաժամանակ ներառի չորս ուղղություն՝ Իրանին փոխանցել, որ TRIPP-ը նրա դեմ ուղղված նախագիծ չէ, ԱՄՆ-ին՝ որ տնտեսական ներկայությունը հնարավոր է, բայց ռազմական վերահսկողությունը՝ ոչ, Ռուսաստանին՝ որ կարող է լինել գործընկեր, բայց ոչ Սյունիքի անվտանգության բացառիկ կառավարիչ, իսկ Ադրբեջանին՝ որ ճանապարհն անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով և գործում է Հայաստանի իրավազորության ներքո։

Կարապետյանի խոսքով՝ այս սկզբունքները միաժամանակ պահպանելու դեպքում TRIPP-ը կարող է Հայաստանի համար դառնալ ինքնիշխանության ամրապնդման գործիք, իսկ հակառակ դեպքում՝ Սյունիքի նկատմամբ արտաքին ազդեցության նոր մեխանիզմ։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am