Փաշինյանը չի կամենում Մոսկվային առճակատման մղել, բայց նաև ասում է, որ չի ուզում մնալ նախկին կախյալ մոդելի մեջ. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք։ Մենք պարզապես պետք է ընդունենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը՝ մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, այսպես ասած, 90%-ով անվտանգության հարցերի վրա։ Հիմա, խաղաղ միջավայրում, տեղի է ունենում հարաբերությունների օբյեկտիվ տրանսֆորմացիա։ Ի պատասխան ռուսական «Իզվեստիա»-ի լրագրողի հարցի՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Պարո՛ն Կարապետյան, ո՞րն է այս հայտարարության մեսիջը:

– Այս հայտարարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին չէ, այլ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ճարտարապետության մասին հաշվարկված դիվանագիտական ուղերձ է: Հատկապես կարևոր է, որ այդ հայտարարությունը հնչում է այն շրջափուլում, երբ Երևանը միաժամանակ խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի, Թուրքիայի հետ ու չի ուզում բացառել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Այսինքն՝ Մոսկվային ցույց է տալիս, թե այս գործընթացն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, դրա համար էլ ինքը հատուկ շեշտում է, որ հայ-ռուսական հարաբերությունները 90%-ով անվտանգության հարցերի վրա էին կենտրոնացած: Սրանով նա փաստացի ասում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նախկին մոդելը ձևավորվել է պատերազմի ու անվտանգության շուրջ, իսկ հիմա, երբ նվազում է պատերազմի գործոնը, ապա հարաբերությունների նախկին կառուցվածքը պահպանել հնարավոր չէ: 

Նոր մոդելն էլ ենթադրում է, որ Ռուսաստանին դիտարկելու ենք առևտուր, էներգետիկա, տրանսպորտ, ներդրումներ, տեխնոլոգիա, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցություն, մշակույթ, հումանիտար հարցեր: Բիշքեկում ևս Փաշինյանը այս տրամաբանությունն էր առաջ տանում, երբ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ խաղաղության պայմաններում երկկողմ հարաբերություններին պետք է թարմ տեսանկյունից նայել: 

Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է փոխել Հայաստանի նկատմամբ իր վարքագիծն ու տեսլականը, որովհետև Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների հիմքը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի անվտանգությունը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայացվածությամբ, ապա հիմա Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի համար կարևոր մնալ՝ առանց Հայաստանը բացառապես իր անվտանգության համակարգում պահելու պատրվակով: 

Բայց այստեղ կա մեծ հակասություն, ու այստեղ է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե Փաշինյանի ասածներին, այլ՝ չասածներին, որովհետև նա խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց վերջին ամիսներին Հայաստանի իշխանություների կողմից Ռուսաստանի դերի վերաբերյալ լսում ենք հակառուսական տրամադրությունների գեներացում: 

Ուշագրավ է նաև այն, որ այս տարվա Կառավարության ռազմավարական ծրագրում՝ «Արտաքին քաղաքականություն» բաժնում, երբ կարդում ես Հայաստանի ռազմավարական գործընկերը, որ ժամանակին կար, հիմա չկա, այլևս չի ներկայացվում նախկին ձևով: Այսինքն՝ Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը պետք հիմնվի միջազգայնորեն ճանաչված, լեգիտիմ շրջանակների մեջ ու ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ: 

Մոսկվային ուղղված ուղերձը սա է, բայց այս հայտարարությունը միայն Մոսկվային ուղղված ուղերձ չի պարունակում, սա նաև ուղերձ էր Արևմուտքին, որ հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի հետ չի նշանակում վերադարձ նախկին կախվածության մոդելին, ասել կուզի՝ մենք փորձում ենք պահպանել Արևմուտքի հետ ձեռք բերածը՝ առանց Ռուսաստանի հետ առճակատման: 

Մեսիջ է Ադրբեջանին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի նշանակում, թե մենք պետք դուրս գանք Ռուսաստանի հետ հարաբերություններից, այսինքն՝ խաղաղությունը տարածաշրջանում չի նշանակում հակառուսական աշխարհաքաղաքական վերադասավորում: Թուրքիային՝ որ իրենք անհամբեր են ճանապարհները բացելու հարցում:

Այսինքն՝ Փաշինյանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ բոլորի հետ կարծես թե կոմպլեմենտարիզմ է դրսևորում: Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան: Ամփոփելով՝ ասեմ, որ Փաշինյանի միտքը հետևյալն է․ եթե նախկինում մեզ Ռուսաստանի հետ կապում էր պատերազմը, ապա հիմա պետք է կապի խաղաղությունը: 

– Իսկ ռուսական կողմը համաձայն կլինի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկած տրանսֆորմացիային:

– Կարծում եմ, որ համաձայն չէ, որովհետև նրանք վաղուց Նիկոլ Փաշինյանին ժամկետ են տվել մինչև դեկտեմբեր: Անկախ բոլոր հնչած ու հնչեցվելիք սենտիմենտալ հայտարարություններից՝ Ռուսաստանն իր որոշումն այդ մասով վաղուց կայացրել է՝ ժամկետ է տվել հայկական կողմին: Փաշինյանը չի ուզում Մոսկվային առճակատման մղել, բայց նաև ասում է, որ չի ուզում մնալ նախկին կախյալ մոդելի մեջ: Իսկ Մոսկվան ասում է, որ առանց իրենց ճարտարապետությունը խարխլվելու է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am