Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել է ուկրաինական քաղաքների հրթիռակոծումները. «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես ցնցված է Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական զինված ուժերի այսօրվա լայնածավալ հրթիռային հարձակումներից, որոնք, ըստ տեղեկությունների, զգալի ավերածություններ են առաջացրել բնակելի թաղամասերում և հանգեցրել տասնյակ մահերի և վիրավորների»: Գուտերեշի այս հայտարարությունը երկուշաբթի օրը տարածել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական հարվածները «պատերազմի նոր, անընդունելի էսկալացիա են», և որ «ինչպես միշտ, քաղաքացիական անձինք վճարում են ամենաբարձր գինը»:

Իր հերթին Եվրահանձնաժողովը բարբարոսություն է որակել և խստորեն դատապարտել Կիևի և ուկրաինական այլ քաղաքների վրա ռուսական վերջին հրթիռային հարձակումները և կոչ արել Բելառուսին չաջակցել Ռուսաստանին խաղաղ բնակչության բնաջնջմանը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոսեփ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները «21-րդ դարում տեղ չունեն»՝ Twitter-ում հավելելով, որ դաշինքի ռազմական աջակցությունն Ուկրաինային ընթացքի մեջ է։

«Սրանք բարբարոսական և երկչոտ հարձակումներ են, որոնք ուղղված են անմեղ քաղաքացիներին, ովքեր գնում են աշխատանքի և դպրոց առավոտյան խցանումների ժամանակ», – ասել է ԵՄ գործադիր տնօրեն Փիթեր Ստանոն Հանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցում:

Ստանոն հարվածներն անվանել է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և ասել, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի այս և այլ ռազմական հանցագործությունների համար:

Եվրահանձնաժողովը Բելառուսին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանի «դաժան անօրինական ծրագրերին» մասնակցելուց, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է։

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը կոչ է արել Մինսկին անհապաղ դադարեցնել Բելառուսի օգտագործումը որպես արձակման հարթակ ուկրաինացի խաղաղ բնակչության դեմ վերջին հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների համար:

«Ցանկացած հետագա գործողություն և, մասնավորապես, բելառուս զինվորականների անմիջական մասնակցությունն այս պատերազմին, բելառուս ժողովրդի ճնշող մեծամասնության կամքին հակառակ, կհանգեցնեն նոր և կոշտ սահմանափակող միջոցների», – ասել է Ստանոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ հրամայել է Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կողքին զորքեր տեղակայել։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակ Լիզ Թրուսը հայտնել է, որ G7-ի առաջնորդները երեքշաբթի կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու հետ։

Վերջինս ասել է, որ իրավիճակը քննարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Մենք քննարկել ենք մեր հակաօդային պաշտպանության ամրապնդումը, եվրոպական և միջազգային կոշտ պատասխանի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումների ավելացումը»,- գրել է Ուկրաինայի նախագահը Մակրոնի հետ բանակցություններից հետո։

Մակրոնի գրասենյակը հայտարարել է, որ նա վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ մեծացնել Ուկրաինային աջակցությունը, ներառյալ ռազմական օգնությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դատապարտել է ռուսական հրթիռային հարձակումը՝ ասելով՝ պուտինյան Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ ներկայացնում է իրականում դաժանություն և ահաբեկչություն:

Պետքարտուղարությունն էլ իր հերթին ասել է. «Այս սարսափելի օրը մեր սրտերը Ուկրաինայի ժողովրդի հետ են»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական և կապի օբյեկտներին՝ ի պատասխան շաբաթ օրը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին: Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը, Լվովը, Տերնոպոլին ու Ժիտոմիրը Ուկրաինայի արևմուտքում, ինչպես նաև Դնեպրը և Կրեմենչուգը Ուկրաինայի կենտրոնական հատվածում: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 64-ը, իսկ երկրի ամբողջ տարածքները մնացել են առանց էլեկտրականության։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է, որ «Ռուսաստանն անընդհատ և նույնիսկ կամրջից առաջ հրթիռներով հարվածներ է հասցնում Ուկրաինային։ Պուտինը հիասթափված է մարտի դաշտում կրած պարտություններից և հրթիռային տեռորով փորձում է փոխել պատերազմի տեմպերը իր օգտին»:

«Ուկրաինական քաղաքների զանգվածային հրթիռակոծումը իրական լայնածավալ պատերազմական հանցագործություն է և պատերազմ առանց կանոնների», – թվիթերում գրել է Զելենսկու խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Նա ասաց, որ միակ հնարավոր պատասխանն այն է, որ Ուկրաինան հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերի, Ռուսաստանը հեռացվի միջազգային հարթակներից և ռուսական իշխանությունների անհապաղ ձերբակալման օրդեր տրամադրվի: