Կառավարությունն արտոնություններ տրամադրեց արևային կայանների կառուցման ներդրումային ծրագրերին

 Կառավարությունն ընդունեց որոշում, որով «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2017 թվականին հիմնադրված ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։

Տարեկան արտադրվելու է շուրջ 9.6 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 1.6 մլրդ դրամ։

Ըստ որոշման հիմնավորման, ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թվականին և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում ընկերությունում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը բավարարել է «Բարի արև» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։

Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4.7 մլրդ դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 718 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 67 մլն դրամ