Ամենայն հավանականությամբ, Երևանի օդի աղտոտվածությունն ազդում է մարդկանց վրա: Իսկ քաղաքապետարանի վրա՝ առավել ևս: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել քաղաքապետի մոտ հոտային հալյուցինացիաները, որոնց պատճառով նրան թվում է, թե մեդիայից աղբանոցի հոտ է գալիս:
Ամենայն հավանականությամբ, օդի աղտոտվածության բարձր մակարդակը ազդում է նաև կառավարողների նյարդային համակարգի վրա: Թերևս սրանով էլ կարելի է բացատրել պարբերաբար կրկնվող ջղաձգումները, որը ապրում է այս կառույցը, երբ հարցը վերաբերում է տեղական մեդիային:
Իսկ եթե լուրջ, տարին ամփոփում ենք ազատ մեդիայի դեմ քաղաքապետարանի չհայտարարված պատերազմով։ Նախ քաղաքապետ Տիգրան Ավինյանը զրպարտություն է համարել «Սիվիլնեթի» և Հետաքննող լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի՝ OCCRP-ի հետաքննությունն իր հոր ու եղբոր բիզնեսի մասին։ Քաղաքապետը «Սիվիլնեթից» պահանջում է հրապարակային ներողություն, ինչպես նաև 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Սա, սակայն, Ավինյանի միակ հայցը չէ։ Ըստ ԴատաԼեքս դատական տեղեկատվական համակարգի՝ քաղաքապետ Ավինյանը տարվա ընթացքում ներկայացրել է առնվազն մեկ տասնյակ հայց, որոնց մեծ մասը զրպարտության և արատավորված հեղինակության փոխհատուցման պահանջով։ Ահա դատական գործերի այս շարանը, որը ներառում է մամուլի ներկայացուցիչների դեմ հայցեր.
Բայց եթե դատական հայցը ի վերջո ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթաց է, ապա նեղացկոտ պահվածքը, այն էլ՝ ամանորյա ասուլիսին, մեղմ ասած, այնքան էլ հարիր չէ ազատ խոսքի ջատագով կառավարությանը:
Ազատությունը գրում է. «Երևանի քաղաքապետն այսօր տարվա ընթացքում արված գործերն էր ներկայացնում, բայց ո՛չ «Ազատությունը», ո՛չ էլ, օրինակ, Factor TV-ն Տիգրան Ավինյանին հարցեր տալու հնարավորություն չունեին: Քաղաքապետարանն ասուլիսին մասնակցելու համար հրավեր էր ուղարկել լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, իսկ պայմանը հետևյալն էր՝ եթե խմբագիրը չի մասնակցում այդ հանդիպմանը, այդ լրատվամիջոցի լրագրողն էլ չի կարող ներկա գտնվել ասուլիսին։ Այսինքն՝ առանց խմբագրի լրագրողների մուտքն արգելված էր»:
Լրագրողը արդարացի հարց է բարձրացնում, թե ինչի՞ց է վախենում քաղաքապետը, կամ գուցե «որոշել է այսուհետ միայն ղեկավար պաշտոն ստանձնող մարդկանց հե՞տ շփվել»:
Նման վարքը խոսում է թե՛ տեղական մեդիայի քաղաքականությունից տեղյակ չլինելու, թե՛ խմբագրին լրագրողից այնքան էլ չտարբերելու մասին: Հիշեցնեմ, որ խմբագիրը լրագրողի «շեֆ ջան»-ը չէ, նա պարզապես այլ գործառույթներ կատարող անձ է: Խմբագիրը հազվադեպ է ինչ-որ բան լուսաբանում, խմբագրի գործը ավելի շատ նման է «մենեջերի» աշխատանքի: Բայց, ըստ երևույթին, քաղաքապետարանում մարդկանց մուտքը ըստ իրենց պատկերացրած հիերարխիկ բուրգի է թույլատրվում, որտեղ բուրգի ներքևում գտնվողները իրավունք չունեն ներս սողոսկել:
Նման վերաբերմունքի մասին կասկածներն ավելի սրվեցին քաղաքապետի հոր տված փոքր հարցազրույցի հետևանքով, որտեղ վերջինս լրագրողին ասում է, որ կարմիր գծերի գները պետք է բարձրացնել, որպեսզի «գյուղացի «Օփել» քշող համբալները» չգան և լցվեն Երևանում: Հարցին՝ իսկ ինքը մուծո՞ւմ է արդյոք կարմիր գծերի համար, քաղաքացին նախ պատասխանում է՝ այո, հետո լրագրողի ճշտող հարցին ի պատասխան հավելում, որ իր դեպքում կայանումն անվճար է: Փաստորեն քաղաքացին չի վճարում:
Բնականաբար այս տեսանյութը ցնցեց համացանցը: Տիգրան Ավինյանն էլ հանդես եկավ ներողության հոլովակով, որը ինքնին իհարկե ողջունելի է: Պարոն Ավինյանն իր ծնողի պահվածքը բացատրում էր նյարդի և լրագրողի ազդեցությունով:
Իր հերթին Factor TV-ն այսօր հայտնեց, որ քաղաքապետարանն արգելել է լրատվամիջոցին լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետի ընտրությունը:
Factor TV-ն նախապես գրավոր դիմել էր քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն՝ մրցույթը լուսաբանելու թույլտվության համար։
Լրատվամիջոցը գրում է. «Պատասխան գրությունը ստանալուց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ հանձնաժողովի նախագահ Արամ Գյուլզադյանը, անդամներ Լիլիթ Յավրյանը, Աննա Վարդանյանը և Լիլիթ Մարտիրոսյանը որոշել են Factor TV-ին չթույլատրել լուսաբանել մրցույթը՝ պատճառաբանելով, թե մրցույթի մասնակիցները կարող են կաշկանդվել»։ Նշենք, որ տվյալ մրցույթը պետք է հրապարակային լինի։
Դատելով այս բոլոր իրար ետևից ձգվող, մեղմ ասած, տհաճ միջադեպերից՝ կարելի է նախնական ենթադրություն կազմել, որ նյարդի և լրագրողների ազդեցության տակ է քաղաքապետարանի աշխատակիցների մի ամբողջ բանակ:
Նրանց հավանաբար չեն զգուշացրել, որ ազատ մամուլը ոչ մի ժողովրդավարական երկրում ժպտերես և հաճելի չի լինում: Ազատ մամուլի գործառույթն է գտնել բացեր ու սխալներ, որպեսզի դրանք լուծվեն և չկրկնվեն:
Ազատ մամուլը ժողովրդավարության արյունատար անոթներն են: Դա արգելելը մեղք է, դրանից նեղանալը՝ անմտություն: Իսկ ոչ ոք չէր խոստացել, որ պաշտոնը հեշտ բեռ է լինելու…
Լիանա Խաչատրյան
MediaLab.am