Սեպտեմբերի 27: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի հիշատակի օրը հեռարձակեց երգիչ Թաթա Սիմոնյանի ուրախ համերգը: Սոցիալական ցանցերը պայթեցին զայրույթից: Բանը հասավ նրան, որ երգիչն անձամբ ներողություն խնդրեց մի բանի համար, ինչի պատասխանատուն ինքը չէր: Հաջորդիվ տեղ հասավ նաև Հանրայինի ներողության խոսքը:
Դժգոհությունները, սակայն, չեն մարում, քանի որ շատերը նման վարքի մեջ միտում են տեսնում: Իմ դիտարկումներով՝ մարդիկ, որոնք նման վարքը կարող են բացատրել պարզապես անփութությամբ, քչանում են: Որպես կանոն խոսվում է դիտավորության կամ համակարգային անտարբերության մասին: Բայց փորձենք միասին հասկանալ, թե ինչի՛ց կարող է բխել անտարբերությունը՝ համակարգային լինի, թե ոչ…
2020–2023 թվականներ՝ պատերազմ, տեղահանություն… Թվում էր՝ այս ծանր շրջանից հետո պետք է գա վերականգնման, վերքերի բուժման ժամանակաշրջան։ Բայց եղան և մինչ օրս շարունակում են մնալ մի շարք խոչընդոտներ, որոնց մի մասն ունի օբյեկտիվ պատճառներ, իսկ մյուս մասը, իմ խորին համոզմամբ, մեր ռազմաքաղաքական էլիտաների բավական տգետ ռազմավարության հետևանքն է։
Այսօր մենք ունենք բևեռացված հասարակություն, ունենք որոշակի խմբերի, այդ թվում՝ արցախցիների դեմ ուղղված մեդիա քոնթենտ, անհանդուրժողականության աճ և հստակ թեմաներից հեռացած, պոպուլիզմի մեջ թաթախված քաղաքական դիսկուրս։
Արդյոք սա այն «զենքերի համակա՞րգն» է, որով մեր հասարակությունը պատրաստվում է դիմակայել ներկա և գալիք մարտահրավերներին։ Իսկ որ մարտահրավերները գալու են, կարծում եմ՝ ոչ ոք առանձնապես չի կասկածում։ Դա կարող է լինել պատերազմի, տնտեսական բարդությունների, փոփոխվող աշխարհի կամ անգամ կլիմայական փոփոխությունների հետևանքների տեսքով։
Բևեռացված Հայաստան
Բևեռացումն այսօր միայն հայաստանյան խնդիր չէ։ Այն առնվազն մասամբ կապված է սոցիալական ցանցերի և նոր հաղորդակցական միջավայրի հետ։ Բայց մեր դեպքում այս ամենի տակ կա նաև շատ ավելի խոր՝ հետպատերազմյան հոգեբանական շերտ։ Եթե շատ պարզեցնենք, ապա պատերազմի հետևանքով Հայաստանի հասարակությունը, իմ կարծիքով, մեծ հաշվով բաժանվեց երկու մասի։
Առաջին խումբը սեփական ցավի և կորստի ճանաչում է պահանջում։ Եվ այստեղ էական չէ՝ այդ ցավը երևանցու ցավն է, տեղահանվածի, թե հարազատին կորցրածի: Այս մարդիկ ուզում են, որ իրենց ցավը ճանաչվի։
Սա շատ բնական գործընթաց է։ Երբ ընտանիքում կորուստ ենք ունենում, սպասում ենք, որ մեր ծանոթներն ու բարեկամները կգան և իրենց ներկայությամբ կճանաչեն մեր վիշտը։ Սգո արարողությունները նաև սրա մասին են: Առանց վշտի և կորստի համընդհանուր ճանաչման հնարավոր չէ առաջ գնալ:
Մյուս խումբը, կարծում եմ, նույնպես տրավմատիզացված է պատերազմով, բայց ընտրել է ուրիշ մեխանիզմ՝ ցավը մի կողմ դնել, հնարավորինս արագ փակել թեման և անտեսել վշտի ազդակները: Ցավի ճանաչում պահանջելն ու ցավը հերքելը… երկուսն էլ, մեծ հաշվով, մարդու հոգեկանի ուղիներն են՝ հարմարվելու կատարվածին։
Բայց վիշտը երկար ժամանակ պարզապես հերքել հնարավոր չէ։ Այն այսպես թե այնպես դուրս է գալիս։ Եվ մեր դեպքում հաճախ դուրս է գալիս ագրեսիայի, այդ թվում՝ աուտոագրեսիայի տեսքով։
Կույր պետությունը
Բայց կա նաև այս խնդիրը սրող սուբյեկտիվ գործոնը՝ այն, ինչ ես անվանում եմ մեր ռազմաքաղաքական էլիտաների սխալ։ Իշխանական քաղաքականությունն այսօր, իմ դիտարկմամբ, շատ ավելի մոտ է երկրորդ մոտեցմանը՝ «հերիք է սգանք, պետք է առաջ գնանք»։
Ինքնին առաջ գնալու գաղափարի մեջ որևէ վատ բան չկա։ Ոչ ոք մահացածի հետևից տարիներ շարունակ ամեն օր սուգ չի անում։ Բայց եթե նայենք անգամ մեր ամենապարզ մարդկային ավանդույթներին, կտեսնենք, որ մենք ունենք հատուկ օրեր, ժամեր և տարածքներ, որոնք հատկացված են վիշտը հիշելու համար։ Մեռելոց, մահացած մարդու ծննդյան օր, մահվան տարելից։ Մենք շարունակում ենք ապրել, բայց որոշակի օրերին կանգ ենք առնում և ճանաչում կորուստը։
Հասարակությունների դեպքում նույն տրամաբանությունն է աշխատում։
Եթե պետությունը չի ստեղծում օրեր, տարածքներ և արարողություններ, որտեղ մարդիկ կարող են ճանաչել սեփական վիշտը, մարդիկ, միևնույն է, այդ վիշտը տանելու են իրենց հետ։ Եվ այն շատ հաճախ վերադառնալու է ագրեսիայի տեսքով։
2020–2023 թվականների իրադարձությունների դեպքում նման օրեր բնականաբար կարող էին լինել սեպտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը և այլ առանցքային ամսաթվեր՝ կապված պատերազմի, պարտության, զոհերի և տեղահանման հետ։ Պարտությունը նույնպես քաղաքական և սոցիալական կարևոր ֆենոմեն է։ Այն անտեսելով՝ դու այն չես վերացնում։
Ավելին՝ ճիշտ իմաստավորված պարտությունը կարող է հետագայում ուժի աղբյուր դառնալ։ Բայց դրա համար նախ պետք է ընդունել, որ պարտություն եղել է։
Պատերազմից անցել է արդեն գրեթե վեց տարի, բայց մենք մինչ օրս չունենք տեղի ունեցածի ամբողջական ռազմաքաղաքական գնահատականը։ Ի՞նչ սխալ արեցինք արտաքին քաղաքականության մեջ։ Ի՞նչ սխալներ եղան պատերազմի դաշտում։ Որոշ քաղաքական վերլուծություններ կան, բայց պատերազմի ռազմական կողմի մասնագիտական և հանրությանը հասանելի լուրջ վերլուծություններ գրեթե չեմ հանդիպել։
Մենք չունենք այն օրերը, այն վայրերը և այն տարածքները, որոնք թույլ կտային ձևավորել համընդհանուր սուգ։
Ես հասկանում եմ, որ իշխանությունը փորձում է Ադրբեջանի հետ խաղաղության շրջան բացել։ Հասկանում եմ, որ այդ գործընթացը բարդ է, պահանջում է մեծ ջանքեր, և մեր ռազմաքաղաքական թուլության պայմաններում շատ հարցերում ստիպված ենք լինելու լռել, զիջել կամ պարզապես ավելի զգույշ լինել։
Բայց սուգը ռևանշիզմ չէ։
Մարդիկ կարող են սգալ կորցրած տների, կորցրած հայրենիքի, կորցրած որդիների, հայրերի, մայրերի և քույրերի համար՝ առանց պատերազմ պահանջելու։
Երբ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ հնչում է Թաթա Սիմոնյանի ուրախ երաժշտությունը, սգացող մարդու համար դա կարող է ընկալվել որպես ապտակ։ Այդպիսի քայլերը չեն վերացնում վիշտը։ Դրանք խորացնում են բևեռացումը և ագրեսիան։
Եվ սա այն սխալն է, որի պատասխանատվության ամենամեծ բաժնի կրողը մեր ռազմաքաղաքական էլիտաներն են։ Որովհետև կան հարցեր, որոնցում հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել։ Իսկ կան հարցեր, որտեղ տարածքը, օրը, խորհրդանիշը և հանրային լեզուն կարող է ստեղծել միայն պետությունը։
Եվ կան վերքեր, որոնք կարող է բուժել միայն պետությունը: Իսկ նա դրանք անտեսում է…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am