Ինչպես քանդել պետությունը՝ առանց բուժքրոջ ուշադրությունը գրավելու. Պարզ ձեռնարկ սկսնակ և առաջադեմ պետականաքանդների համար

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Սիրելի ընթերցող,

եթե դուք երբևէ երազել եք քանդել պետությունը, բայց չեք իմացել՝ որտեղից սկսել, այս փոքրիկ ձեռնարկը հենց ձեզ համար է։ Պետություն քանդելը, իհարկե, նուրբ արվեստ է։ Պետք է անել դա աստիճանաբար, ժպիտով, հայրենասիրական երաժշտության տակ, հնարավորության դեպքում՝ պետական դրոշի ֆոնին։

Այս ձեռնարկը ձեզ կներկայացնի պարզ քայլերի հաջորդականությունը, որոնք եթե դուք և ձեր ընկերները հետևողականորեն կիրառեք, կարող եք հասնել մեծ հաջողությունների, հավերժ մնալ պետության առաջին ու միակ դեմքը։ 

Քայլ առաջին․ Սահմանադրությունը դարձրեք անձնական օգտագործման իր

Սկսեք ամենակարևորից՝ Սահմանադրությունից։ Մի՛ սխալվեք․ Սահմանադրությունը չպետք է ընկալել որպես հանրային համաձայնության, պետականության և խաղի կանոնների հիմք։ Սահմանադրությունը շատ ավելի հարմար է դառնում, եթե այն ընկալել որպես քաղաքական կոստյում, որը կարելի է կարել ըստ տվյալ պահի մարմնի չափսերի։

Եթե դուք երկար տարիներ եղել եք նախագահ և հանկարծ նկատել եք, որ նախագահ լինել այլևս չի ստացվում, մի՛ տխրեք։ Կարելի է պարզապես փոխել համակարգը, դառնալ վարչապետ և բացատրել, որ սա արվում է բացառապես ժողովրդավարության խորացման համար։ Իսկ եթե ժողովուրդը կասկածում է, նրան պետք է շատ լուրջ դեմքով բացատրել, որ նա պարզապես չի հասկանում ինստիտուցիոնալ բարեփոխումների խորությունը։

Կարևոր է, որ յուրաքանչյուրը, իշխանության գալով, մտածի ոչ թե ինչպես կառավարել պետությունը, այլ ինչպես անել, որ իշխանություն կորցնելը դառնա տեխնիկապես բարդ, իրավաբանորեն մշուշոտ և հոգեբանորեն անհնար։

Քայլ երկրորդ․ օրենքը պահեք, բայց միայն որպես դեկորացիա

Եթե դուք երկրի վարչապետ եք, մի՛ հապաղեք ձեզ երբեմն կառավարություն, երբեմն ժողովուրդ, երբեմն պետություն կոչել։ Սա շատ օգտակար է, որովհետև որքան շատ եք դուք և պետությունը խառնվում իրար, այնքան դժվար է դառնում հասկանալ՝ մարդը քննադատում է վարչապետի՞ն, թե՞ հարվածում է պետականությանը։

Փորձեք պարբերաբար ցույց տալ, որ օրենքը շատ պայմանական բան է։ Օրինակ՝ կարելի է «պետքի համար» համաներումներ բաշխել։ Կարելի է վարորդական քննություն հանձնել չկարողացող մարդկանց վարորդական իրավունք տալ և հետո զարմանալ, որ ճանապարհներին բոլորը իրենց պահում են այնպես, կարծես պետությունը նույնպես ղեկի վրա չէ։

Պատերազմից հետո կարելի է չանցկացնել պարտության այնպիսի հետաքննություն, որի հետևությունները հասկանալի կլինեն լայն հանրությանը։ Ավելի ճիշտ՝ կարելի է շատ բան ասել, շատ հանձնաժողովներ ստեղծել, շատ հարցեր բարձրացնել, բայց այնպես անել, որ հասարակությունը վերջում կրկին կանգնի նույն հիմնական հարցի առաջ․ իսկ ինչպե՞ս եղավ այս ամենը։

Խոստացեք պատժել կոռումպացված նախկիններին։ Խոստացեք բարձր, վճռական, բարոյական ձայնով։ Հետո երկար տարիներ զբաղվեք ամեն ինչով, բացի այնպիսի արդարադատությունից, որը հասարակությանը կհամոզի, որ պետությունը իսկապես կարող է տարբերել մեղավորին անմեղից, քաղաքական վրեժխնդրությունը՝ իրավական պատասխանատվությունից, խոստումը՝ գործից։

Այս ամենի նպատակը պարզ է․ քաղաքացին պետք է հասկանա, որ օրենքը, ինստիտուտները, ընթացակարգերը մանր-մունր բաներ են։ Իրական կյանքում ավելի կարևոր են իշխանության տրամադրությունը, անձնական քմահաճույքը և այն, թե տվյալ պահին ում է պետք փրկել, ում՝ պատժել, ում՝ ներել, ում՝ մոռանալ։

Քայլ երրորդ․ եթե դուք ընդդիմություն եք, մի՛ սահմանափակեք ձեզ պետության մասին մտածելով

Եթե դուք նախկին իշխանության ներկայացուցիչ եք, առաջին և գլխավոր կանոնը հետևյալն է․ մոռացեք, որ երբևէ իշխանություն եք եղել։ Դա ծանր հիշողություն է և պետությունը քանդելու գործում ավելորդ բեռ։

Խոսեք այնպես, կարծես ձեր օրոք դատարանները անբիծ էին, ընտրությունները անցնում էին շվեյցարական ժամացույցի ճշտությամբ, ոստիկանությունը քաղաքացիներին դիմավորում էր թեյով, իսկ ինստիտուտները այնքան անկախ էին, որ նույնիսկ իրենք իրենց չէին ճանաչում։

Եթե ձեր իշխանության տարիներին որևէ ինստիտուտ թուլացել է, դա երբեք մի՛ ընդունեք։ Ասեք, որ դրանք բոլորը իդեալական էին, մինչև եկան այսօրվա իշխանությունները և ամեն ինչ փչացրին։ Հրեշտակի դեմք ընդունելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Կարևորը՝ ձայնի մեջ լինի վիրավորված պետական գործչի ծանրություն։

Քայլ չորրորդ․ եթե դուք նոր ընդդիմություն եք, օրենքը միանգամից համարեք մանրուք

Եթե դուք նախկին իշխանությունների ներկայացուցիչ չեք, ապա ձեր գործն ավելի հեշտ է։ Դուք կարող եք միանգամից դրսից գալ և հայտարարել, որ դուք կլինեք նոր իշխանությունը։ Իսկ թե ինչ է ասում օրենքը՝ ձեզ առհասարակ չպետք է հուզի։

Եթե օրենքը խանգարում է ձեզ դառնալ վարչապետ, շատ պարզ է․ պետք է փոխել օրենքը։ Եթե Սահմանադրությունը ասում է մի բան, իսկ ձեր քաղաքական ցանկությունը՝ մեկ այլ բան, ուրեմն ակնհայտ է, որ խնդիրը Սահմանադրության մեջ է, ոչ թե ցանկության։

Այստեղ ամենակարևորը նույնն է․ Սահմանադրությունը պետք է ծառայի ոչ թե պետությանը, այլ տվյալ պահի քաղաքական ճարտարապետությանը։ Այսինքն՝ ոչ թե պետությունն ունի օրենքներ, այլ ուժեղ մարդիկ ունեն իրավաբաններ։

Քայլ հինգերորդ․ քաղաքացուն սովորեցրեք, որ ինստիտուտները ավելորդ են

Պետությունը քանդելու համար բավական չէ միայն ինստիտուտները թուլացնել։ Պետք է նաև քաղաքացուն համոզել, որ ինստիտուտները նրան պետք չեն։

Ասեք նրան․ «Ի՞նչ դատարան, ես կլուծեմ»։
«Ի՞նչ խորհրդարան, ես գիտեմ»։
«Ի՞նչ օրենք, իմ ամուր ձեռքը ձեզ հերիք է»։
«Ի՞նչ ընթացակարգ, այստեղ հայրենիք ենք փրկում»։

Քայլ վեցերորդ․ սուտը դարձրեք քաղաքական ժանր

Եվ ահա հասանք ամենակարևորին։

Սիրելի ընթերցող, պետությունը քանդելու գործում ոչինչ այնքան արդյունավետ չէ, որքան լավ կազմակերպված, համառ, ամենօրյա սուտը։ Սուտը պետք է լինի շատ։ Այնքան շատ, որ մարդ չհասցնի ստուգել։ Այնքան շատ, որ ճշմարտությունը հոգնի։ Այնքան շատ, որ վերջում բոլորը ասեն․ «Դե բոլորը ստում են»։

Նկարեք պրիմիտիվ հոլովակներ։ Միմյանց մասին հորինեք արգահատելի ցնդաբանություններ։ Խոստացեք մեծ ամպեր, պարզ երկինք, անվճար երջանկություն, արագ հարստություն, հավերժ խաղաղություն, սուպերանվտանգություն և այնպիսի ապագա, որտեղ բոլորը լավ են ապրում, բացի ձեր քաղաքական հակառակորդներից, որոնք, բնականաբար, ազգի թշնամիներ են։

Ապամարդկայնացրեք միմյանց։ Ապամարդկայնացրեք ժողովրդին։ Ժողովրդի տարբեր խմբերի հանեք իրար դեմ։ Երևանցուն՝ մարզի դեմ։ Մարզին՝ երևանյանի դեմ։ Արցախցուն՝ հայաստանցու դեմ։ Աղքատին՝ միջին խավի դեմ։ Քաղաքացուն՝ փախստականի դեմ։ Ընտրողին՝ ընտրողի դեմ։

Սա շատ կարևոր է, որովհետև պետությունը քանդվում է ոչ միայն վերևից։ Այն քանդվում է նաև այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են իրար նայել ոչ թե որպես համաքաղաքացիների, այլ որպես խանգարող զանգված, սխալ ընտրող, ծախված խումբ, անշնորհակալ փախստական, դավաճան հարևան կամ անուղղելի բիոզանգված։

Քայլ յոթերորդ․ Ընտրակաշառքը անվանեք բարեգործություն, բարեգործությունը՝ հայրենասիրություն

Սա դասական ժանր է։ Եթե հնարավոր է, փող տվեք, ապրանք տվեք, ծառայություն խոստացեք, բայց երբեք մի՛ ասեք, որ դա ընտրակաշառք է։ Ասեք՝ «օգնություն է», «բարի գործ է», «հայրենասիրական նախաձեռնություն է», «ժողովրդի կողքին կանգնելու ձև է»։

Քայլ ութերորդ․ դրսի ընկերներին մի՛ մոռացեք

Այս ամենը շատ ավելի էֆեկտիվ կստացվի, եթե դրսից ձեր ծանոթները նույնպես օգնեն։ Հատկապես նրանք, ովքեր վաղուց համաձայն են, որ լավ կլինի, որ ձեր պետականությունը մի քիչ ֆիկտիվ, մի քիչ կախված, մի քիչ ինքնիշխան լինի միայն տոն օրերին։

Նրանք կարող են օգնել մեդիայով, փողով, փորձագետներով, վախերով, լուրերով, վերլուծություններով, հեռագրային ալիքներով և շատ մտահոգ դեմքով արված հայտարարություններով։ Կարևոր է, որ ներսի քաոսը դրսից ստանա ինտելեկտուալ փաթեթավորում։ Որ պարզ պետականաքանդությունը հանկարծ երևա որպես աշխարհաքաղաքական խոր գործընթաց։

Վերջաբան․ և հիշեք՝ պետությունը չի քանդվում մեկ օրում

Սիրելի ընթերցող, պետությունը քանդելու համար պետք չէ անպայման հեղաշրջում անել։ Երբեմն բավական է ամեն օր մի քիչ թուլացնել օրենքը, մի քիչ ծաղրել ինստիտուտները, մի քիչ նվաստացնել քաղաքացուն, մի քիչ խաբել, մի քիչ վախեցնել, մի քիչ գնել, մի քիչ պառակտել և շատ հայրենասիրական խոսել։

Պետք է այնպես անել, որ բոլորը խոսեն պետության փրկությունից, բայց ոչ ոք չհավատա պետությանը։ Որ բոլորը սիրեն ժողովրդին, բայց ատեն կոնկրետ մարդկանց։ Որ բոլորը խոսեն օրենքից, բայց օրենքը հիշեն միայն հակառակորդին պատժելու պահին։ Որ բոլորը պահանջեն արդարություն, բայց ոչ ոք չցանկանա արդար ընթացակարգ։

Եվ եթե ձեզ հաջողվի քաղաքացիներին համոզել, որ պետությունը ոչ թե ընդհանուր տուն է, այլ ժամանակավոր գրասենյակ, որտեղ հերթով նստում են տարբեր խմբեր և իրենց մարդկանց են սպասարկում, ապա շնորհավորում եմ․ դուք արդեն շատ մոտ եք նպատակին։

Մնացածը տեխնիկայի հարց է։

Լիանա Խաչատրյան

MediaLab.am