Պատերազմը նոր էր ավարտվել: Դեռ համացանցով դիտում էինք, թե ինչպես են ադրբեջանցիները մեր տղերքին դիրքերից փայտերով վռնդում: Թուլացած, կազմաքանդված, վախի մեջ թաթախված մթնոլորտ էր: Այդ օրերին մի անգամ զրույց ունեցա արտասահմանցի ծանոթիս հետ, որը շատ հետաքրքրված էր մեր տարածաշրջանով: Նա հարցրեց, թե արդյոք հետևում եմ Թուրքիայի ներքին զարգացումներին: Ինձնից անկախ պատասխանեցի. «Առանց Հայաստանի ինձ համար տարածաշրջանը հետաքրքիր չէ»: Եվ դա միակ ճշմարտությունն է, որ քաղել եմ Արցախյան երկրորդ պատերազմից:
Սա հասկանալու համար ինձ պետք չի եղել ո՛չ գիտական գրականություն, ո՛չ էլ քաղաքական որևէ գործչի դասախոսություն պետության մասին։ Բավարար էր միայն գիտակցումը՝ հայկական պետությունը լուրջ վտանգի մեջ է։ Այդպես է աշխատում մարդու հոգեկանը․ առօրեական իրականությունը հաճախ սկսում ես նկատել և գուցե միայն գնահատել, երբ այն խախտվում է։ Պատերազմն իրոք ցնցեց բոլորիս և ցույց տվեց մեզ Հայաստանի Հանրապետությունը՝ նախընտրական պաստառից դուրս։ Կարծում եմ՝ այն կրկին պաստառի վրա նկարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Չի կարելի հորինել այն, ինչ այլևս իրականություն է դարձել։
Երեկ Հանրայինի եթերում դիտեցի «Կրթությունը նորաձև է» արշավից մի դրվագ: Ինչպես և սպասվում էր, «կրթություն» բառն այստեղ, ինչպես ասում են, խորհրդանշական է, որի նպատակն է կոծկել արդեն իսկ սկսված նախընտրական քարոզարշավը: Ելույթի հիմնական մեխը վարչապետի «Իրական Հայաստան» գաղափարախոսությունն էր:
Պետք է ըստ արժանվույն գնահատել՝ քաղաքական տեխնոլոգիան իրոք վատ չէ: Նիկոլ Փաշինյանը ստացված հռետոր է, լսարանին գրավող, լավ խոսնակ: Նա նաև հասկացել է, որ պատերազմից հետո երկրում կա որևէ տեսլականի, գաղափարի պակաս, ու որոշել է այս համատեքստում իր մտքերը մատուցել հանրությանը:
Ակնհայտ է, որ նախկին-ներկա խաղերն այլևս չեն աշխատում, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է դադարի իշխանությանը հասած ընդդիմություն լինելուց: Պետք է իր գոյության և լեգիտիմության համար հորինի մի պատմություն, քանի որ չկա աշխարհում որևէ լեգիտիմություն, որի հետևում չկա որևէ պատում կամ գաղափար: Եվ այդ պատմությունը այս դեպքում Հայաստանի Հանրապետության սուվերենությունն է: Աշխարհից և սեփական բախտից նեղացած ազգի համար հենց այն արժեքը, որն իրոք աշխատում է:
Պատերազմից հետո երկրում կա զգացողություն, որ մեզ բոլորը լքել են, Նիկոլ Փաշինյանը վերցնում է այս հույզն ու ասում՝ մեզ ոչ ոք պետք չէ, մենք մեզնով եկեք ներս նայենք, մենք ունենք պետություն, այսքանը բավարար է:
Երկրորդ հույզը, որ նա վերցրել է, պատմական գործընթացի տրամաբանական արդյունքն է, պետության հետ մարդկանց ինքնության կապը: Սերունդներ, որոնք բացի Հայաստանի անկախ Հանրապետությունից ոչինչ չեն տեսել, և որոնց ինքնությունը անքակտելիորեն կախված է ոչ միայն այս հողուջրի, այլ նաև պետության հետ:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է խոսենք այս մասին, մեր միջով անցկացնենք ու հասկանանք պետության արժեքը: Ինձ, սակայն, թվում է, թե սա առանց ելույթների էլ պարզ է, պետության հետ հուզական կապը տարիների ընթացքում ինքն իրենով ձևավորվում է:
Եթե դու աչքերդ բացել ես ու տեսել ես միայն ու միայն եռագույնը, քեզ համար գոյություն ունի միայն եռագույնը: Եթե Հայաստանը քո կյանքում եղել է պետություն, այն ոչ միայն քո հայրենիքն է, այլ նաև պետությունը և ինքնության մասը: Ու սա գիտակցելու համար քաղաքական գործիչներ թերևս պետք չեն: Պետք չէ հորինել քաղաքացուն: Նա ձևավորվում է ինքն իրեն, երբ ու եթե ձևավորվում են պետական ինստիտուտները:
Սա գիտակցելու համար քաղաքական ելույթներ պետք չեն, սա գիտակցելու համար պետություն է պետք: Առաջին հերթին լավ կառավարություն: Ոչ թե Սնուփ Դոգով ու Ջենիֆեր Լոպեսով, այն էլ մեր իսկ մուծած հարկերի հաշվին, ժողովրդին ուրախացնող, ոչ թե գրեթե ամեն ինչ մասնավորին արտապատվիրակող, բացի այն ամենից, ինչը պոտենցիալ ընդդիմության ձեռքին է:
Չի կարելի է չհամաձայնել այն մտքի հետ, որ մեր տունը քանդեցին Հայրենիքի մասին ճոռոմ ճառերը, մեծ-մեծ ելույթները, տպավորիչ զորահանդեսները, երբ գետնի վրա շատ քիչ բան էր արվում:
Բայց, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Կա տպավորություն, որ հիմա նույնն ենք անում պետության հետ: Ճառեր և ելույթներ ենք ձոնում պետությանը, որի տակից ուզում ենք հանել պատմական հետքը, դարձնել այն «պետություն վակուումի մեջ»: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, ասենք, Ֆինլանդիայից տարբերվում է նախևառաջ իր պատմական հետքով, նրանով, թե ովքեր են այն կառուցել, ինչ պայմաններում, քանի դար այս պետության մասին երազելուց հետո:
Այո՛, պատերազմից հետո երկրում կա տեսլականի պահանջ: Կառուցել պետություն, ուժեղացնել այն: Պատերազմից հետո մարդիկ իրոք ուզում են կապել վերքերը, սպասել, ապաքինվել, հանգիստ շունչ քաշել, լսել, որ եղածը պահելը շատ կարևոր է: Եվ Նիկոլ Փաշինյանը այս ալիքը լավ է զգում:
Սակայն մարդիկ հիմար չեն: Եթե կենացները կյանք չեն դառնում, եթե մարդիկ չեն տեսնում ինտենսիվ բանակաշինություն, տնտեսական աճ, ինստիտուտների արդյունավետություն, սոցիալական խնդիրների կրճատում, հասանելի առողջապահություն և հասարակական տրանսպորտ, յոթ տարի առաջ խոստացված Սահմանադրության փոփոխություն, ժողովրդավարական ինստիտուտների ապաքինում, ապա լավագույն դեպքում ինչ կարող է անել պետության շուրջ կառուցված գաղափարը՝ ապահովել գալիք տարվա ընթացքում իշխող ուժի վերընտրվելը: Ոչ ավելի… Իսկ հետո՞…
Լեհ գրող, փիլիսոփա Ստանիսլավ Եժի Լեցը մի հրաշալի խոսք ունի. «Լավ… Ենթադրենք գլխով ջարդեցիր պատը… Ի՞նչ ես անելու հարևան բանտախցում»:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am