«Կնապետությո՞ւն». սեռով պայմանավորված քաղաքական հրմշտոց 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Համացանցում աչքիս ընկավ մի նկար, որտեղ կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է` շրջապատված բարձր պաշտոններ զբաղեցնող կանանցով։ Նկարի անկյունում գրված է` «Հայաստանի կնապետության վարչապետ»։ 

Նման ցածր որակի հակաքարոզչությունը պատիվ չի բերում քաղաքական որևէ ուժի։ Հավանաբար «պատիվ» և «արժանապատվություն» բառերը պետք է իսպառ դուրս մղենք մեր բառապաշարից, երբ խոսքը Հայաստանի քաղաքական դաշտում պայքարի մասին է։ 

Խնդիրն այն չէ, որ թիրախավորվում են բարձր պաշտոն զբաղեցնող կին պաշտոնյաներ։ Նրանք կարող են և պետք է թիրախավորվեն վատ աշխատանքի, ոչ պրոֆեսիոնալության, անազնիվ քաղաքական մանիպուլյացիաների և այլնի համար։ Բայց այս դեպքում նրանք թիրախավորվում են բացարձակապես կին լինելու համար։ Հետաքրքիր է նաև Նիկոլ Փաշինյանին նման կերպ թիրախավորելը։ Ստացվում է, որ երկրում ամեն ինչ հրաշալի է, և միակ մեծ սխալը, որ անում է Ն.Փաշինյանը, կանանց պաշտոնի նշանակելն է։ 

Առհասարակ կանանց թեման քաղաքականության մեջ միշտ էլ մեծ հույզեր է առաջացրել։ Շատ տարբեր պատճառներով, որոնց հիմա թերևս չանդրադառնանք։ Այդուհանդերձ մի շատ տարածված միֆ կա, որ եթե իշխանության ղեկին լինեն շատ կանայք, ապա ամեն ինչ միանգամից ավելի լավ կլինի։ Այս միֆը բխում է մեկ այլ միֆից, ըստ որի` կանայք և տղամարդիկ ինչ-որ լուրջ տարբերություններ ունեն հենց աշխարհընկալման հարցում, ինչը առհասարակ չի համապատասխանում իրականությանը։ 

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ներխմբային նմանությունները ավելին են լինում, քան միջսեռային տարբերությունները։ Օրինակ՝ ես, որպես հայ կին, կամայական հայ տղամարդու հետ ավելի շատ ընդհանրություններ ունեմ` արժեքայինից մինչև գենետիկ, քան, ասենք, չինացի կնոջ հետ։ Կոպիտ ասած` հայ գործարար կինը ավելի շատ նման է Սամվել Ալեքսանյանին, քան ֆրանսուհի ինչ-որ նորաձևության տան հիմնադրի։ 

Նույնն էլ վերաբերում է քաղաքական գործիչներին։ Նույն բիզնես, կրթական, գաղափարական միջավայրից չեն կարող դուրս գալ ոչ պրոֆեսիոնալ, կոռումպացված տղամարդիկ և հրեշտակ կանայք։ Իսկ այն, որ մինչ օրս տարբեր պաշտոններում ղեկավար տղամարդիկ հազվադեպ են առանձնացել պրոֆեսիոնալիզմով և բարեխղճությամբ, կարծում եմ, ոչ ոք չի հերքի։ 

Առանձին միֆ է այն, որ առհասարակ կինը համարվում է ի սկզբանե անընդունակ որեւէ լուրջ գործ անելու։ Թերևս տարօրինակ միֆ է մի երկրի համար, որտեղ կրթությունից մինչև առողջապահություն, փոստային ծառայությունից մինչև անձնագրային… ամբողջ համակարգը հենվում է հիմնականում միջին տարիքի աշխատող կանանց ուսերին։ Եթե նրանք մի օր որոշեն գործի դուրս չգալ` պետությունը կկանգնի։ 

Ամփոփելով` եթե մուտքը իշխող կուսակցություն ենթադրում է բացասական հետևանք մասնագիտական դաշտում, իսկ պաշտոնի նշանակումը կախված է ոչ այնքան մարդու ունակություններից, որքան իշխող ուժին հավատարմությունից, դժվար է սպասել, թե պաշտոնավարողների զգալի մասը լուրջ արդյունքներ կգրանցի` անկախ սեռից ու տարիքից։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am