«Լավ ապրելու» գաղափարախոսությունը. ի՞նչ է ուզում մեզնից կառավարությունը 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

«Լավ սովորիր, որ լավ ապրես»․ այսպիսի գրառում այսօր կարելի էր կարդալ ՀՀ վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Այս գրառումը աչքի է ընկնում ոչ միայն իր գեղարվեստական ձևավորմամբ, այլև պնդմամբ, որ այն կառավարության անունից է: Հետևաբար՝ կարելի է համարել, որ այսպիսին է ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ կապված ուսման և կյանքի փիլիսոփայության հետ: 

Կարծում եմ՝ այս ուղերձը առնվազն հարցեր է առաջացնում երեք հիմնական տեսանկյունից։ Հերթով նշեմ դրանք: 

Դպրոցի ճամփան, դժվար է, երկար…

Ուղիղ և հարթ չէ Հայաստանում կրթությունից աշխատաշուկա տանող ճանապարհը: Մեր իրականության մեջ լավ սովորելը միշտ չէ, որ երաշխավորում է «լավ ապրելը», եթե «լավ ապրել» ասելով հասկանում ենք նյութական բարեկեցություն և բարձր եկամուտ։ Ցավոք, հաճախակի են դեպքերը, երբ գերազանց կրթություն ստացած երիտասարդները դժվարանում են գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան և արժանապատիվ վարձատրվող աշխատանք։ Շրջանավարտների գործազրկության բարձր ցուցանիշները, ինչպես նաև շատ ոլորտներում ցածր աշխատավարձերը ակնհայտորեն ցույց են տալիս կրթության որակի և աշխատաշուկայի պահանջարկի միջև եղած անհամապատասխանությունը։ 

Արմստատի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի մայիսի դրությամբ աշխատավարձերի բաշխվածությունը Հայաստանում ցույց է տալիս, որ գրանցված աշխատողների 57 տոկոսը ստանում է 100-200 հազար դրամ աշխատավարձ: 1 միլիոն դրամից բարձր եկամուտ ստանում են գրանցված աշխատողների 4.7 տոկոսը: 2025 թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278․294 դրամ: Նայելով այս և բազմաթիվ այլ վիճակագրական ցուցանիշների՝ դժվար է հասկանալ, թե ինչպես են մեր երկրում կապվում կրթությունը և լավ ապրելը: 

Հայաստանում աշխատաշուկայի, օրենսդրական ու կառավարչական բացերը խոչընդոտում են այս սկզբունքի իրականացումը: Լավ կրթությունը հաճախ չի բերում լավ աշխատանք։ Այստեղ կարելի էր նաև երկար խոսել այն մասին, որ ՀՀ-ում լավ կրթությունը պետք է խոշորացույցով փնտրել, բայց դա արդեն այլ հարց է: 

Արժանիքի բռնատիրությունը

Ամերիկացի քաղաքական փիլիսոփա Մայքլ Սենդելն իր «Արժանիքի բռնատիրություն» (The Tyranny of Merit) գրքում խորապես քննադրում է այն գաղափարը, թե ժամանակակից հասարակության մեջ բարեկեցության հասնելու միակ ճանապարհը անձնական ջանքերն ու կրթությունն են։ 

Նա պնդում է, որ այս մտածելակերպը ստեղծում է «արժանիքի բռնատիրություն», որի համաձայն հաջողակները համարվում են իրենց հաջողության միակ սեփականատերերը, իսկ անհաջողակները մեղադրվում են իրենց իսկ աղքատության մեջ։ Սենդելը մատնանշում է, որ կրթությունը և հաջողությունը հաճախ պայմանավորված են սոցիալական, տնտեսական և մշակութային այնպիսի գործոններով, որոնք անհատից կախված չեն։ Ծնողների սոցիալական դիրքը, ընտանեկան միջավայրը, կրթության հասանելիությունը և նույնիսկ բախտի գործոնը էական դեր են խաղում մարդու կյանքում։ Միայն կրթությանը զարկ տալը և մարդուն իր աղքատության մեջ մեղադրելը խորապես սխալ են, քանի որ դա անտեսում է կառուցվածքային անհավասարությունները և հանգեցնում սոցիալական բաժանման։ «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը նմանվում է այն մտածելակերպին, որը քննադատում է Սենդելը՝ բեռը դնելով անհատի ուսերին և անտեսելով համակարգային խնդիրները։

Ստացվում է, որ մեր կառավարությունը ջուրն է նետում սոցիալական արդարության հարցը, որի պատասխանատվությունը հենց պետությունը պետք է կրի՝ ստեղծելով հավասար պայմաններ թելադրող, անաչառ համակարգ։ Սակայն համակարգում, որտեղ յուրաքանչյուր անհատի բարեկեցության հիմքում ընկած են բացառապես անհատի ջանքերը, կառավարությունը մեծ հաշվով չունի նաև քաղաքական պատասխանատվություն։ Ըստ այս տրամաբանության՝ յուրաքանչյուր անհաջողություն բարդվում է անհատի ուսերին։ Սովորեիր, փող ունենայիր, հիմա էլ չնեղվեիր, որ բժշկությունը թանկ է, կամ երեխայիդ չես կարողանում լավ կրթություն տալ։ 

Իհարկե ամեն մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջավայրը շատ ավելի մեծ ու որոշիչ դեր է ունենում մարդու և հանրության կայացման հարցում, քան նրա անձնային հատկանիշները։ Դու չես կարող մեղադրել աֆղանական գյուղում մեծացած աղջկան, թե ինչու նա չի ունեցել բավարար կամք բժիշկ դառնալու համար։ Եթե պետությունը, կառավարությունը չեն ստեղծում հնարավորություն հասնելու կրթությանը և աճելու կրթության միջոցով, բոլոր մնացած զրույցներն այս ծիրում մի բաժակ սուրճի շուրջ մաղթանքների տրցակ են։ 

Որտեղ հաց, այնտեղ էլ «լավ ապրե՞լ»

Ուղերձի գաղափարական հիմքը ևս հարցեր է առաջացնում։ Եթե կառավարությունը որպես բարձրագույն արժեք առաջարկում է «լավ ապրելը», ապա անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է դա նշանակում։ Եթե «լավ ապրել» ասելով ի նկատի ունենք հագեցած, հոգևոր և բազմաբովանդակ կյանք, որը նույնպես կարող է տալ կրթությունը (բայց ոչ միայն), ապա այդ դեպքում ուղերձը կունենար ավելի խոր իմաստ։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետն իր ելույթներում հաճախ է նշում «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, կարելի է ենթադրել, որ «լավ ապրել» ասելով ՀՀ կառավարությունը հենց ի նկատի ունի նյութական բարեկեցությունը։

Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք սա՞ է այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել ապագա սերունդներին։ Երբ պետությունը որպես հիմնական շարժառիթ ներկայացնում է բացառապես նյութական բարիքները և անհատական պատասխանատվությունը, դա կարող է խեղաթյուրել երիտասարդների արժեքային համակարգը և նրանց մղել ավելի պրագմատիկ որոշումների՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով։ Ի վերջո, «լավ ապրելու» համար կրթվելուց ավելի «հեշտ» կամ «արագ» ճանապարհներ կան, օրինակ՝ արտագաղթելը: Ինչո՞ւ տանջվել, վարձեր մուծել, լսել ժամանակավրեպ դասախոսություններ, հետո էլ տարիներով 150.000 դրամի դիմաց աշխատել, եթե կարելի է պարզապես արտագաղթել և լինել հեռու… իրականությունից կտրված ուղերձներից, քաղաքական ու սոցիալական փոխադարձ հիստերիայից, պատերազմի սպառնալիքից: 

Առաջարկում եմ կառավարությանը մտածել հենց այս հարցի շուրջ: Արդյոք կարո՞ղ եք տալ մեզ հենց այդ «ինչու»-ի պատասխանը…

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am