ՀՀԿ-ն՝ որպես հոգեվիճակ․ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Хотели как лучше, а получилось как всегда («Ուզում էինք ավելի լավ անել, բայց ստացվեց ինչպես միշտ»)։ Սա Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի թևավոր դարձած խոսքերն են։ Այս արտահայտությունը քաղաքական բազում գործընթացներ է նկարագրել։ Այս անգամ, ցավոք, հերթը մերն է։ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այն ՀՀԿ-ն, որի դեմ մարդիկ փողոցում պայքարում էին 2018 թվականին, ոչ միայն կուսակցություն, այլ նաև հոգեվիճակ էր։ Եվ «Քաղաքացիական պայմանագիրը» եկել, կայանել է նույն հանգրվանին։ 

Ինչո՞ւ։ Սկզբից հասկանանք, թե փաստացի ինչ ունենք գետնի վրա, հետո փորձենք բացատրություններ գտնել։ 

«Ընդդիմության Նժդեհը» և իշխանության «Բիզնես» գործընկերը 

Հայաստանի 21 համայնքում հոկտեմբերի 25-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Եվ քանի դեռ դիտորդներն իրենց դիտարկումների մասին հաստափոր զեկույցներ կկազմեն, փորձենք առանձնացնել ամենաաչքի ընկած իրադարձությունները։ 

Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը՝ ՔՊ-ի և իր «Բիզնես» կուսակցության համագործակցությամբ։ (Այն ո՞վ էր ասում, որ քաղաքականությունը և բիզնեսն իրար հետ կապ չունեն։) 

Ով երբևէ ապրել և արարել է Ֆեյսբուքում, կհիշի, որ 2021-ին պարոն Առուշանյանը հանդես էր գալիս որպես գործող իշխանության ընդդիմախոս։ 

Ավելին՝ ընդդիմությունը ոգևորված տարածում էր նրա ինչ-որ նկար խրամատից՝ պնդելով, որ քանի այս մարդը կա, Գորիսը հանգիստ է։ Պարզվեց՝ ընդդիմադիրների կերտած «նոր Նժդեհի» դերակատարը դեմ չէ իշխող ուժի հետ համագործակցելուն։ 

Ընդդիմությունը լուռ է։ 

Անցնենք առաջ։ Հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու համար, իսկ վարույթն առնչվում է նաև ընտրակաշառքին օժանդակելու և այն ստանալու մեղադրանքներին։ 

Կոմիտեի վարկածով՝ գումարները տրամադրվել են կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Նույն օրը դատարանը Գևորգյանին կալանավորել է երկու ամսով։ 

Նրա փաստաբան Ռոբերտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Գևորգյանը մեղքը չի ընդունում, իսկ տված գումարները նախատեսված են եղել սննդի ու տրանսպորտային ծախսերի համար։ Մեղադրանքներն ու կալանքը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չեն։ 

Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ-ն մասնակցում է բոլոր 19 համամասնական ընտրություններին, երկու համայնքում՝ դաշինքով։ 

Բոլոր այս հետաքրքիր իրադարձություններին միավորում է թերևս մի բան՝ դեժավյուի զգացումը։ 

Անկախ կիրառված գործիքակազմից ու ձևի փոփոխությունից՝ կա տպավորություն, որ այս ֆիլմը մենք ժամանակին դիտել ենք։ Դերակատարներն այլ էին, ռեժիսորը՝ նույնպես, բայց սյուժեն․․․ շատ նման է։ Այս նոր «Ժողովրդավարության բաստիոնը» սերիալը տարօրինակ կերպով նմանվում է անցյալում մնացած «Ավազակապետություն» ֆիլմաշարին։ 

Ինչո՞ւ։ 

Шли к рынку, а пришли к базару 

«Գնում էինք դեպի շուկա, բայց հասանք բազար»՝ Վիկտոր Չեռնոմիրդինի երկրորդ թևավոր խոսքը։ Այն կրկին շատ դիպուկ նկարագրում է իրավիճակը մեր երկրում։ Քանի որ քաղաքականությունը բարդ մատերիա է՝ բազմաշերտ դրսևորումներով։ Եվ ցավոք, պարզապես մի խումբ մարդկանց ցանկությունը երբեմն քիչ է լինում կարճ ժամկետում ինչ-որ լուրջ փոփոխություններ անելու համար։ 

2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն։ Նոր իշխանությունները երևի թե մոտ մեկ տարի ունեին գրեթե 90 տոկոսի ձգտող վարկանիշ։ 

Հիշենք վարչապետի նկարներով կեպիներն ու շապիկները, երգերն ու տետրերը։ Հետո ամեն ինչ սկսեց մարել։ Եվ դա բնական է, ոչ մի իշխանություն հավերժ չի վայելում ժողովրդի էյֆորիան և սերը։ 

Հետո վրա հասան պատերազմը և 2023 թվականը։ Ի վերջո, անցան տարիներ․․․ Եվ ժողովրդի ձեռքերի վրա բարձրացրած և սիրված իշխանության վարկանիշը իջավ։ Իհարկե դեռ Սերժ Սարգսյանին չեն հասել, բայց միևնույն է, իշխող ուժը ստիպված է լինում գոյատևել ցածր վարկանիշի պայմաններում։ 

Իսկ ինչպե՞ս դա անել։ Մեխանիզմները կան, և դրանք ժառանգվել են հենց նախկին իշխանություններից, որոնք սովոր են ապրել ու արարել՝ զգալով սեփական ծոծրակին ժողովրդի հակակրանքը։ Սերժ Սարգսյանի Սահմանադրական փոփոխությունները՝ օգնական համար մեկ։ Տարածքային կառավարման հարցում տեղական թափով տղաների ուսերին հենվելը՝ երկրորդ օգնական։ Կուռ բյուրոկրատական բուրգը և ներքին զորքերը՝ երրորդ օգնական։ 

Կարլ Մարքսը ճիշտ էր, մենք՝ սխալ։ Հիրավի, կեցությունն է ձևավորում գիտակցությունը։ Եվ այն պայմանները, որում հայտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ չի կարողացել ըստ արժանվույն օգտագործել իրեն շնորհված 2019 թվականն ու 2020-ի առաջին կեսը և հիմնարար փոփոխություններ իրականացնել, նրան դարձրել են նոր ՀՀԿ։ 

Նախկին իշխող ուժը պարզապես մի քանի մարդու ցանկությունների և ագահության արդյունք չէր։ Դա բարդ համակարգ էր՝ ձևավորված գետնի վրա առկա պայմաններից, որոնց մեջ մտնում են նաև գործող անձանց մտածողությունն ու արժեքները։ 

Եվ այսօր մենք տեսնում ենք, որ գրեթե նույն պայմանների առկայության դեպքում օգտագործվում են նույն գործիքները, ստանում ենք մոտավոր նույն արդյունքները, քանի որ թերևս․․․ անկախ մեր ցանկությունից, գետնի վրա գործող անձինք ունեն այն գործիքակազմը, որը ունեն, և այն արժեքները, որոնք ունեն։ Եվ հենց դա հնարավոր չէ փոխել կամ մաքրել՝ հարյուր հազար մարդ Հանրապետության հրապարակում հավաքելով։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am