Barev Gexeckuhi. Հայաստանում աշակերտների մեծ մասը չի հաղթահարում գիտելիքի կիրառման նվազագույն շեմը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հայաստանը առաջին անգամ մասնակցել է OECD-ի (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) PISA (Programme for International Student Assessment) միջազգային գնահատմանը: 2025 թվականի արդյունքները մեղմ ասած մտահոգիչ են: 

Բնագիտությունից նվազագույն անհրաժեշտ մակարդակին հասել է Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 28 տոկոսը, մաթեմատիկայից՝ նույնպես 28 տոկոսը, իսկ ընթերցանությունից՝ ընդամենը 19 տոկոսը։ Համեմատության համար՝ Վրաստանում այդ ցուցանիշները, համապատասխանաբար, մոտ 55, 47 և 39 տոկոս են, Ադրբեջանում՝ 48, 48 և 35 տոկոս։ 

Այսինքն՝ Հարավային Կովկասի երեք երկրներից Հայաստանը բոլոր երեք հիմնական ուղղություններով ունի ամենացածր արդյունքը, իսկ հատկապես մտահոգիչ է ընթերցանությունը․ նվազագույն ֆունկցիոնալ մակարդակ չի հասնում հայաստանցի 15-ամյա երեխաների ավելի քան 80 տոկոսը։ 

Սառը ցնցուղ. արդյունքները ապտակ են ամբողջ համակարգին

PISA 2025-ին մասնակցել է ավելի քան 760 հազար աշակերտ՝ 91 երկրից։ Հայաստանից քննությանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից։ 

2025 թվականի գնահատման հիմնական ուղղությունը բնագիտությունն էր, իսկ մաթեմատիկան և ընթերցանությունը՝ լրացուցիչ հիմնական ոլորտները։ Բացի դրանից, գնահատվել է թվային միջավայրում խնդիրներ լուծելու կարողությունը։ 

Բնագիտության դեպքում PISA-ն չի սահմանափակվում հարցով՝ աշակերտը հիշո՞ւմ է ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության այս կամ այն օրենքը։ Նվազագույն՝ երկրորդ մակարդակին հասնող աշակերտը պետք է կարողանա ճանաչել ծանոթ գիտական երևույթի ճիշտ բացատրությունը և, օրինակ, տվյալների հիման վրա հասկանալ՝ ներկայացված եզրակացությունը հիմնավորվո՞ւմ է, թե՞ ոչ։

Հայաստանում այդ նվազագույն շեմը հաղթահարել է աշակերտների ընդամենը 28 տոկոսը, մինչդեռ OECD երկրների միջինը 74 տոկոս է։ Այլ կերպ ասած՝ հայաստանցի 15-ամյա երեխաների մոտ 72 տոկոսը չի հասել նույնիսկ բնագիտական գրագիտության այն մակարդակին, որն OECD-ն դիտարկում է որպես նվազագույն գործնական շեմ։ Բարձր՝ 5-րդ և 6-րդ մակարդակներին Հայաստանում գրեթե ոչ ոք չի հասել։ Այդ մակարդակում աշակերտն արդեն պետք է կարողանա գիտական գիտելիքը ստեղծագործաբար և ինքնուրույն կիրառել նաև անծանոթ իրավիճակներում։ 

Մաթեմատիկայում պատկերը գրեթե նույնն է։ Երկրորդ կամ ավելի բարձր մակարդակ է հասել 28 տոկոսը, OECD միջինը՝ 65 տոկոս։ Ընդ որում՝ երկրորդ մակարդակն այստեղ որևէ արտասովոր բարդ մաթեմատիկա չէ։ Աշակերտը պետք է կարողանա առանց ուղղակի հուշման հասկանալ, թե պարզ առօրյա իրավիճակը ինչպես վերածել մաթեմատիկական խնդրի։ OECD-ն որպես օրինակ բերում է երկու տարբեր երթուղիների ընդհանուր երկարությունների համեմատումը կամ մի արտարժույթով գնի փոխարկումը մյուս արտարժույթի։

Հայաստանում միայն 1 տոկոսն է հասել մաթեմատիկայի բարձր՝ 5-6-րդ մակարդակներին։ Այդ մակարդակում արդեն պահանջվում է բարդ իրավիճակների մաթեմատիկական մոդելավորում, լուծման տարբեր եղանակների ընտրություն, համեմատություն և գնահատում։ 

Ամենացածր արդյունքը գրանցվել է ընթերցանությունից։ Այստեղ նվազագույն՝ երկրորդ մակարդակ է հասել Հայաստանի աշակերտների ընդամենը 19 տոկոսը, OECD միջինը՝ 69 տոկոս։

Այդ նվազագույն մակարդակում աշակերտից պահանջվում է կարողանալ միջին երկարության տեքստում գտնել հիմնական միտքը, որոշակի չափանիշով առանձնացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և հասկանալ տեքստի նպատակը կամ կառուցվածքը։ Բարձր մակարդակներում արդեն ստուգվում է երկար ու բարդ տեքստերի ընկալումը, վերացական գաղափարների հետ աշխատանքը և փաստը կարծիքից տարբերելու կարողությունը, այդ թվում՝ երբ տարբերությունը բացահայտորեն նշված չէ։ Հայաստանում բարձր մակարդակ հասած աշակերտները դարձյալ գրեթե բացակայում են։ 

Թեստը հարց է տալիս՝ երեխան կարողանո՞ւմ է հասկանալ կարդացածը, առանձնացնել էական տեղեկությունը, կիրառել թվերն ու գիտական փաստերը և դրանց հիման վրա մտածել։ Հայաստանի արդյունքները ցույց են տալիս, որ այդ հմտությունների նվազագույն շեմին չի հասնում 15-ամյա աշակերտների ճնշող մեծամասնությունը։

Կադրային սով. պահանջվում են ուսուցիչներ

Այս արդյունքների ֆոնին անխուսափելիորեն առաջանում է նաև կադրերի հարցը։ Հայաստանում ուսուցիչների պակասը նոր խնդիր չէ և հատկապես նկատելի է մի շարք բնագիտական ու մաթեմատիկական առարկաների գծով։

ԿԳՄՍ նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թ. ապրիլի 15-ի դրությամբ հանրակրթական դպրոցներում հաշվառված է եղել 5368 թափուր ուսուցչական հաստիք կամ ժամաքանակ, որոնցից 636-ը՝ մաթեմատիկայից, 316-ը՝ ինֆորմատիկայից, 292-ը՝ ֆիզիկայից, 206-ը՝ աշխարհագրությունից և 176-ը՝ քիմիայից:

Ըստ ՀՀ Կառավարության՝ Հայաստանի դպրոցներում տարեկան 600-700 ուսուցչի թափուր տեղ է առաջանում, որը գրեթե չի լրացվում։ Հատկապես լուրջ է իրավիճակը փոքր, սահմանամերձ և գյուղական դպրոցներում, թեև ուսուցիչ գտնելու դժվարության մասին խոսում են նաև Երևանի դպրոցների տնօրենները։ 

Այդուհանդերձ բացատրել նման ցուցանիշները միայն ուսուցիչների պակասով չի ստացվում: Ըստ PISA-ի հարցման՝ Հայաստանի աշակերտների ընդամենը 16 տոկոսն է սովորում դպրոցներում, որոնց տնօրենների գնահատմամբ ուսուցիչների պակասը գոնե որոշ չափով խանգարում է ուսուցմանը։ 

Աշակերտը պետության հայելին է 

PISA-ն պատճառահետևանքային հետազոտություն չէ և չի կարող բացահայտել նման տխուր պատկերի պատճառները։ Բայց ուղեկցող հարցումները բավական շատ տեղեկություն են տալիս այն միջավայրի մասին, որտեղ երեխաները սովորում են։

Ամենատպավորիչ ցուցանիշներից մեկը հաճախումներն են։ Հայաստանի աշակերտների 58 տոկոսը հայտնել է, որ քննությանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում առնվազն մեկ ամբողջ օր դպրոցից բացակայել է։ OECD միջինը 22 տոկոս է։ 

Երկրորդ խնդիրն ուսուցման նյութական միջավայրն է։ Հայաստանի աշակերտների 49 տոկոսը սովորում է դպրոցներում, որոնց տնօրենները հայտնել են, որ դասագրքերի, ՏՏ սարքավորումների, գրադարանային կամ լաբորատոր նյութերի պակասը խանգարում է ուսուցմանը։ 

Երրորդ խնդիրը կարող է լինել հենց ուսուցման տրամաբանությունը։ PISA-ն չի հարցնում միայն՝ գիտե՞ս բանաձևը։ Այն հարցնում է՝ կարողանո՞ւմ ես արդյոք հասկանալ, թե տվյալ իրավիճակում ո՛ր բանաձևն է պետք ընդհանրապես։ Ընթերցանությունից էլ չի պահանջվում պարզապես հիշել գրական ստեղծագործությունը կամ վերապատմել տեքստը․ պետք է առանձնացնել հիմնական գաղափարը, գնահատել տեղեկատվությունը, հասկանալ աղբյուրի կամ հեղինակի նպատակը։ 

Բոլորս էլ հիշում ենք՝ այստեղից այստեղ անգիր արած տեքստերը, բանաձևերը և «ճիշտ պատասխանները»: Արդյունքը վայելում ենք ազգովի, ինչպես ասում են: 

Խնդիրը չի կարելի բացատրել նաև լցված դասարաններով, ինչպես Հայաստանում շատերն են սիրում: Բավականին բարձր ցուցանիշներ է ավանդաբար ներկայացնում Չինաստանը, որտեղ դասարաններում 40 և ավելի աշակերտ կարող է լինել: Դե սերիալների մասին էլ չեմ խոսում: Չկա աշխարհում այնպիսի երկիր, որտեղ չլինի ցածրորակ քոնթենթ՝ սերիալների, ռիլերի և այլ տեսքով: 

Խնդիրը չի բացատրվում նաև աղքատությամբ: Հայաստանի առավել ապահով և առավել անապահով ընտանիքների երեխաների միջև բնագիտության արդյունքների տարբերությունը 39 միավոր է, մինչդեռ OECD միջինը 85 է։ Սոցիալ-տնտեսական կարգավիճակը Հայաստանում բացատրում է բնագիտության արդյունքների տատանումների ընդամենը 4 տոկոսը՝ OECD-ի 12 տոկոսի դիմաց։ 

Այսինքն՝ խնդիրը փողի մեջ չէ, աշակերտների թվի մեջ չէ, միայն ուսուցիչների պակասի մեջ չէ: Խնդիրը խոր համակարգային է: Դասավանդման ձևի ու ոճի մեջ է, որը հետխորհդային իներցիայով եկել և հասել է այս վիճակին: 

Չնայած այս տխուր պատկերին`ստիպված եմ գրել, որ ես չեմ զարմանում: Այս պատկերը երեկ չի առաջացել, ոչ էլ անցած օրը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքներն անգիր արած երեխան համարվում է վունդերկինդ, իսկ տարբերվող միտք առաջարկողը ազդում է ուսուցչի և հասարակության նյարդերի վրա: 

Անգամ երբ ես էի դպրոց հաճախում, հանրակրթությունը արդեն այդ ժամանակ մի միջավայր էր, որտեղ ծնողները երեխային ավելի շատ թողնում էին պետությանը Ի ՊԱՀ, քանի դեռ աշխատում են: Իսկ գիտելիքը երկրորդական էր: Կարևորը՝ գնահատականները լավ լինեին: 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am