Կրթության նախարարությունը շարունակում է համագործակցել «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հետ

«Եթե Հայաստանի 1000 խոշոր հարկատուները կարողանային քիչ թե շատ մասնաբաժիններ ունենալ կրթության ոլորտի ներդրումներում, ապա մենք կկարողանայինք որակյալ աճ ապահովել կրթության բոլոր հատվածներում: Իսկ կրթական ոլորտի ներդրումները պետք է իրականացվեն բացառապես պետության հետ համագործակցությամբ»,- հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո:

«Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ հանրապետության կրթական հաստատություններում վերջին 4 տարվա ընթացքում կահավորվել են «Ֆիզիկա», Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների շուրջ 750 լաբորատորիաներ, տեխնիկապես վերազինվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և նույն բուհի Գյումրիի մասնաճյուղը: Ծրագրեր են իրականացվել նաև ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում, ինչպես նաև ավագ դպրոցներից մեկում:

«Առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել»,- համոզված է «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:

Հուշագրի ստորագրումից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում նույն հիմնադրամի ջանքերով համակարգչային լսարան է ստեղծվել:

© Medialab.am