Դուք ո՞ւմ հաճախորդն եք․ ամո՛թ է, որ Հայաստանի խորհրդանական ընդդիմությունը չունի պաշտոնական տեսակետ․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան ուղարկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է 12 ժամ։

Առ այս պահը խորհրդարանական ընդդիմության պաշտոնական տեսակետը հայտնի չէ որևէ մեկին։

Այս մարդկանց թվում է, որ Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ մի երկու հերթապահ հարց տալով իրենց առաքելությունն ավարտվում է, և իրենք կարող են հանգիստ վայելել իրենց պատգամավորական կարգավիճակը։

Իսկ այս հարցի վերաբերյալ, փաստորեն, դիրքորոշում չունեն, մտել են մկան ծակը, կամ իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։

Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել, հայտարարե՛ք, որ ճիշտ որոշում է և հարկ չկա անհանգստանալու, իսկ եթե սխալ որոշում է կայացրել՝ ավելի՛ ուժգին հայտարարեք, որ Նիկոլը հերթական դավաճանական քայլն է կատարել ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի։
Քաշներդ չի հերիքու՞մ, դաբրո չեք ստացե՞լ, Ձեզ դեռ չեն հրահանգավորե՞լ, թե ի՞նչ անեք, թե՞ այս ամենը Ձեր սրտով է։ Քիչ է մնում գոռաք՝ Ուռա՜, Նիկոլ։

Ի դե՛պ, վերջին ամիսների ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցական ձևաչափի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար մեզ ամենալկտի ու էժանագին պիտակավորումներով վիրավորում եք, թե մենք իշխանության հաճախորդն ենք։

Հիմա ո՞վ է հաճախորդը, օտարի հայեցողությամբ ու նրա շահերը սպասարկող քաղաքական ուժը, հը՞․․․
Փաստորեն, երբ պետք է Հայաստանը թուլացնել, ներսից պայթեցնել, թալանել, գողանալ, լափել, Արցախը դատարկել, Ձեր ձայնը կտրել չի լինում, Դուք այդ ժամանակ ԱՌԱՋՆՈՐԴ եք, երբ Հայաստանի միջազգային վարկը դրված է վտանգի տակ, Դուք ծպտուն չեք հանում, քանի որ սպասարկվում է Ձեր քաղաքական ՛՛ՏԱՆԻՔԻ՛՛ շահերը։

Այդ դեպքում Դուք ու՞մ հաճախորդն եք, որ սեփական կարծիք չունեք, ու Ձեր գոյությունն ընդամենը աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի հետևանք է։

Այո՛, մենք փոքր ենք, Ձեր միլիարդներն ու ռեսուրսները չունենք, բայց վստահ եղեք՝ Ձեզանից ինքնուրույն ենք, անկախ ենք, ինքնաբավ ենք, սեփական կարծիք ունենք ու այն անհրաժեշտ պահին ասում ենք թե՛ Ձեր ճակատին, թե՛ Նիկոլ Փաշինյանի։

Հ․Գ․ Ամո՛թ է, որ Հայաստանի խորհրդանական ընդդիմությունը չունի պաշտոնական տեսակետ այս կարևորագույն հարցերի կապակցությամբ։ Սա պատիվ չի բերում մեր ժողովրդին ու պետությանը»։