ԱՄՆ-ի Նևադա նահանգում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել Ռինոյի մերձակայքում արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Եվս 45 հազար մարդու հրահանգվել է պատրաստ լինել տարհանման։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է Ռինոյի քաղաքապետ Հիլարի Շիվը։
Օգոստոսի 22-ին բռնկված հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 4 հազար հեկտարի վրա և գտնվում է Ռինոյից մոտ 8 կմ հեռավորության վրա։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, այրվել են մի քանի տներ։
Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն Ուոշո շրջանի համար արտակարգ դրություն է հայտարարել, իսկ շրջանի դպրոցներում օգոստոսի 24-ի դասերը չեղարկվել են։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ Հրդեհը տարածվում է ուժեղ քամու պայմաններում՝ շոգ և չոր եղանակի ֆոնին։



















