Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից, Բագրատյանի թվերից ու ՄԻԱՎ-ից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները․ Fip.am

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում է փետրվարի 7-14-ն ընկած ժամանակահատվածում մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Բագրատյանը ՀՆԱ-ի սխալ թվեր ներկայացրեց

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 7-ին Համահայկական ազգային ցանցին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինչպես և 2009-ին, Հայաստանի տնտեսական անկումը (-7.5%) աշխարհի ամենամեծերից մեկն է:

«Չինաստանի տնտեսությունը աճել է 2.3 տոկոսով, Միացյալ Նահանգներինը պակասել է 3.5 տոկոսով, Ռուսաստան՝ 3.1 տոկոսով, Վրաստանը դեռ թիվը չի հրապարակել, բայց սպասվում է -5 տոկոսի շրջաններում, որովհետև 9 ամսով ունեցել էին 5 տոկոս և ունեցել են շատ լավ 4-րդ եռամսյակ: Ադրբեջանը՝ -4.3 տոկոս: Իրանի, Թուրքիայի տնտեսություններն աճել են: Ուկրաինայի տնտեսությունն անկում է ապրել 5 տոկոսով»,- ասել է Բագրատյանը:

Իրականում, սակայն, Բագրատյանի ներկայացրած թվերը մասամբ չեն համապատասխանում իրականությանը: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Իրանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3.7 տոկոսով: Ռուսաստանի ցուցանիշները նվազել են 3.6 տոկոսով: Թուրքիայի ՀՆԱ-ն 2020 թվականին, ըստ նախնական տվյալների, աճել է 1.2 տոկոսովՈւկրաինայի ՀՆԱ-ն անկում է ապրել 4.4 տոկոսով:

Հատկանշական է, որ որոշ երկրներում ՀՆԱ-ի անկումը գերազանցել է Բագրատյանի թվարկածներից. Ֆրանսիայում և Իտալիայում -9 և -9.2 տոկոս է եղել համապատասխանաբար, իսկ Միացյալ Թագավորությունում՝ -10 տոկոս:

ՄԻԱՎ-ի օրենքի փոփոխությունները մանիպուլացվեցին

Ազգային ժողովում փետրվարի 11-ին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ օրինագծով 14 տարեկան երեխան կարող է ինքնուրույն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գնալ ու հանձնել ՄԻԱՎ-ի թեստ:

Սակայն 2009 թվականին օրենքում կատարված փոփոխություններով արդեն իսկ 14-18 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում էր նրանց դիմումով կամ համաձայնությամբ (հոդված 10): Այսինքն՝ փաստացի մինչև 14 տարեկան երեխաները իրենց դիմումով և առանց ծնողների համաձայնության կարող են ՄԻԱՎ-ի թեսթ հանձնել արդեն ավելի քան 10 տարի: Հետևաբար, Հովսեփյանը կեղծ տեղեկություն էր տարածել և մանիպուլացրել՝ պնդելով, որ ԱԺ ներկայացված կառավարության փոփոխություններով 14 տարեկաններն իրավունք են ստանում ինքնուրույն հետազոտություն հանձնել:

Սահմանապահ զորքերի հաղորդագրությունը հրապարակված է ԱԱԾ կայքում

Փետրվարի 11-ին Hraparak.am կայքը գրեց, որ Ազգային անվտանգության ծառայության՝ Սյունիքի մարզում լուսաբանման նոր կանոնների վերաբերյալ հաղորդագրությունը չկա ո՛չ ԱԱԾ կայքում, ո՛չ Ֆեյսբուքում: «Կարելի է ենթադրել, որ իշխանությունները խուսափել են ԱԱԾ-ի պաշտոնական հարթակներով տարածել՝ զգուշանալով Եվրոպական խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արձագանքներից, որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը»,- գրել էր թերթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզի սահմանամերձ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ԱԱԾ:

Հաղորդագրությունը, սակայն, հրապարակված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում: Փաստացի, Hraparak.am-ի հոդվածը մանիպուլյատիվ է և կեղծ:

Մարալ Նաջարյանը չի ազատվել գերությունից

Փետրվարի 12-ին Mediaport տելեգրամյան ալիքը գրեց, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանը Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ ազատվել է գերությունից: Տեղեկությունը մեծ տարածում գտավ սոցցանցերում: Սակայն Մարալի քույրը հերքեց այդ տեղեկությունները՝ հորդորելով կեղծ տեղեկություններ չտարածել:

Նիկոլ Փաշինյանը խմբագրեց սեփական գրառումը

Փետրվարի 13-ին Երևանի շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախնական տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:

Սակայն դա հակասում էր Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանը, ըստ որի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, իսկ Փարաքարը Երևանի արևմուտքում է գտնվում: Ավելի ուշ վարչապետը վերաշարադրեց իր գրառումը՝ նշելով, որ էպիկենտրոնը գտնվել է Նուբարաշենի մոտակայքում:

Կեղծ պնդումներ երկրաշարժի վերաբերյալ

Երևանում տեղի ունեցած երկրաշարժը բազմաթիվ կեղծ լուրերի և մանիպուլյացիաների տարածման պատճառ դարձավ: Այսպես, սոցցանցերում տարածվեցին տեղեկություններ, թե երկրաշարժն ավերել է Արարատի լանջին գտնվող թուրքական բազան: Սակայն այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տարածվող լուսանկարում էլ իրականում պատկերված են 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։

Սոցցանցերում նաև խուճապային տեղեկություններ տարածվեցին իբր սպասվող երկրաշարժի վերաբերյալ: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը. «Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում, և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»: Այնուամենայնիվ, նշենք, որ երկրաշարժներն առհասարակ հնարավոր չէ կանխատեսել:

Կաթողիկոսը վթարի չի ենթարկվել

Փետրվարի 13-ին Մայր Աթոռը պաշտոնապես հերքեց տեղեկությունները, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղում ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Լուսինե Ոսկանյան

Fip.am