Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- ասաց Նաղդալյանը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ:
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է Նաղդալյանը: