«Պետք է մի բան գիտակցենք՝ օրենքի առաջ այլևս բոլորը հավասար են, եւ էական չէ, ում գործը երբ կբացվի». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողներին վիրավորելուց հետո հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանն ու նախկին որոշ պաշտոնյաներ մինչև օրս ազատության մեջ։

– Կարծում եմ՝ պետք է մի բան գիտակցենք՝ օրենքի առաջ այլևս բոլորը հավասար են։ Եվ էական չէ, ում գործը երբ կբացվի, ում հանդեպ ինչ քայլ կձեռնարկվի, սկզբունքը պետք է պահվի։ Մնացածը դատական, իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ 

Իհարկե շատ կարևոր է միանգամից գործողություններ անել խոշոր ֆիգուրների հանդեպ, որպեսզի մանր ու միջին ֆիգուրները հասկանան, որ քայլը լուրջ է, ինչը, իհարկե, արվում է։ 

Իրենց մնա, կասեն՝ ներքևներից սկսեք, մեղավորները ներքևի էշելոնում են։ Նկատի ունեմ՝ սպանություններ, կոռուպցիոն գործարքների իրագործում և այլն։ 

Վերը նշված սկզբունքը եթե պահվի, ընթացքում ծագող նման հարցերին համապատասխան կառույցները կպատասխանեն, թե ինչո՞ւ է ուշանում պատասխանատվության կանչելու գործընթացը, ինչը հասարակության կողմից կընկալվի և կընդունվի։

– Արդյոք իշխանություններն ավելի մե՞ղմ են վարվել նրանց հանդեպ, որովհետև անընդհատ ասվում է, որ «թավիշն է մեղավոր», որ նախկին պոտենցիալ հանցագործներն այսօր ազատության մեջ են։

– Բազմաթիվ դատական գործեր վարույթի մեջ են, բազմաթիվ գործեր՝ քննչական գործընթացի, ի՞նչ մեղմության մասին է խոսքը։ Ովքեր էլ ազատության կամ փախուստի մեջ են, դողը սրտներում սպասում են իրենց հերթին։ 

Բոլորը պիտի պատասխան տան։ Իրենց կատարած հանցագործությունների ապացույցները այստեղ-այնտեղ ժողովրդի աչքը ծակող շքեղ դղյակներն են, որոնք չեն համապատասխանում պետական ծառայողի համեստ եկամուտին, և այս մարդիկ պիտի բացատրություն տան, թե ինչի հաշվին և ինչպես են նման հարստություն կուտակել։ 

– Դուք գրել էիք՝ պետք է ապամոնտաժել այդ դղյակները։ Բայց երկու տարի է անցել հեղափոխությունից, դղյակների տերերը շարունակում են ապրել դրանցում։

– Համացանցում մի փոքր քննարկում եղավ, որ ոչ թե պետք է քանդել, այլ այդ ամենը վերցնել ու ուրիշ նպատակով օգտագործել։ Բայց էականը դա չէ, էականն այն է, որ այն, ինչ ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, պետք է վերադարձվի պետությանը, ժողովրդին։ 

Պետական պաշտոնյայի՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերածը կատարվել է պետության հաշվին՝ բանակի, բժշկի, կրթական համակարգի, ծերերի ու մեր երեխաների։ 

Այսինքն՝ նրանք, լինելով պետական պաշտոնյաներ, քանդել են պետության հիմքերը։ Դա ծանրագույն հանցագործություն է։ Իսկ այն, որ դղյակների տերերը շարունակում են դրանցում ապրել, ժամանակավոր երևույթ է։ 

Ամեն դեպքում, հասարակությունը կարծես գործողություններ է ակնկալում իշխանությունից, ե՞րբ կլինեն պատիժներ։

– Կարծում եմ, որ հասարակ ժողովուրդը և քաղաքական շերտը տարբեր կերպ են մտածում այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ՝ դատավարություններն իրենց ավարտին կհասնեն հաջորդ ընտրություններից մի քանի ամիս առաջ։ 

Ինձ համար շատ կարևոր է, որ գործընթացն սկսվել է։ Հիմա ժողովրդի մի մասն ասում է՝ սկսեցիք, բայց չեք ավարտում, ուրեմն սուտ է, հեղափոխություն չի եղել, վարչապետը նախկինների դրածոն է և այլն։ 

Մենք մոռանում ենք, որ քաղաքական ուժն իր հաշվարկն ունի։ Նա բացահայտ ցույց տվեց, թե ինչ ուղղությամբ է քայլելու, ուղղությունը ճիշտ է։ Մնացածը՝ կապրենք կտեսնենք։ 

Իշխանությունը մեզանից ավելի շատ է մտահոգված։ Իրենք լավ գիտեն, որ եթե ինչ-որ քայլ արվել է, պետք է հասցնել տրամաբանական ավարտին։ Ե՞րբ կհասցվի, կարծում եմ՝ դա քաղաքական ինչ-ինչ գործոնների հետ է կապված, հաջորդ ընտրություններից առաջ կփորձեն արդյունք ցույց տալ։ 

Մի փոքր դա հիշեցնում է կոմունիստների ժամանակի թունելի վերջում երևացող լույսի մասին պատմությունը։ Կոնկրետ ԽՍՀՄ տարիներին մենք 70 տարի ապրեցինք այդ «թունելի վերջում լույսը տեսնելու» սկզբունքով։ Հիմա ժամանակները փոխվել են, լավ կլիներ, որ ամբողջ թունելը լուսավորեին։

Ես ուզում եմ, որ ի վերջո դառնանք օրենքի երկիր, ամբողջ աշխարհի հայերը իմանան, որ ամենապաշտպանվածն իրենց հայրենիքում են լինելու՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ սոցիալապես։ 

Արտերկրում ապրողները երեխաների հետ կապված շատ վտանգներից են խոսում ՝ ԱՄՆ-ում թմրամոլությունն է, այլ տեղերում՝ այլ խնդիրներ, բայց միևնույն է, մարդիկ գերադասում են այդ երկրներում ապրել, ոչ թե Հայաստանում։ Այ սա՛ է մտահոգիչ։ Ներգաղթը դեպի Հայաստան ուշանում է։ 

Երբ Սիրիայում պատերազմն սկսվեց, այստեղ բազմաբնակարան շենքեր կառուցողներն սկսեցին ձեռքերը շփել, որ վերջապես կվաճառեն տները։ Բայց մեծ հաշվով ոչինչ չեղավ։

Ով էլ մուտք գործեց Հայաստան, երկու ամիս անց ընտանիքը վերցրեց ու գլուխը բռնած փախավ։ Հիմա ահավոր վիճակ է Լիբանանում, բայց չեմ կարծում, որ զանգվածային ներգաղթ կլինի։

Այս հարցի պատասխանը ոչ թե պիտի կապենք դրսի հետ, այլ ներսի։ Հայրենիքը բոլոր առումներով մնացած բոլոր երկրներից ավելի գրավիչ պիտի լինի։ Ա՛յ այստեղ դեռ շա՜տ անելիք ունենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am