Սա ոչ թե երկկողմ փոխշահավետ պայմանավորվածություն է, այլ՝ հարկադրանք, որը Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արած հայտարարությունները, որոնք վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, «Զանգեզւրի միջանցքի» բացմանը, Արարատ լեռից հրաժարվելուն և այլն, այսպես կոչված խաղաղությանը հասնելուն միտված քայլե՞ր են, որ Հայաստանը պետք է անի։

– Դա եղել է հարցուպատասխան «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։ Ալիևն իր խոսքում հստակ նշել է, որ իրենք «խաղաղության» են հասել պատերազմի միջոցով: Բնականաբար, պատմության մեջ այդպես չի լինում, որովհետև պատերազմն ու ագրեսիան ամբողջությամբ հակադրվում են խաղաղության կոնցեպտին առհասարակ։ 

Այստեղ գործում է ուժի, ուժի սպառնալիքի մշտական գործոնը, որը կիրառվում է Հայաստանի դեպքում, ու դա դրսևորվում է մի քանի հանգամանքներով: Օրինակ՝ ասում է, եթե տեսնենք, որ դուք մեծաքանակ զենք եք գնում, սպառնալիք տեսնենք, մենք կանցնենք գործողությունների: 

Կամ՝ հայտարարում է, որ սահմանազատման ու խաղաղության պայմանագրի թեմաները առանձին թեմաներ են, այսինքն՝ ակնհայտ է, որ այս հատվածում ինքն իր համար շահեկան դիրքեր է վերցնում, բայց երբ խոսում է Վայոց ձորի, Սյունիքի հատվածներում հնարավոր դելիմիտացիայի մասին, հստակ ասում է, որ այդ տարածքներում այս պահին գործողությունների չեն գնալու, ու ես վստահ եմ, որ առհասարակ չեն գնալու, որովհետև իրենք այդ հատվածում զբաղեցրել են կարևոր դիրքեր ու չեն պատրաստվում դրանք զիջել։ 

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» թեմային ու առհասարակ այդ հատվածին, ապա այդ հռետորաբանությունը սրվել է Մոսկվայից վերադառնալուց հետո, բավականին սինխրոն նաև առկա են որոշակի ուղերձներ Ռուսաստանի ԱԳՆ-ից: Խոսքը վերաբերում է նրան, որ կապ չունի, որ Ալիևն ու Պուտինը արդեն «փակել» են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գլխավոր կոմպոնենտ հանդիսացող ԼՂ-ի, այնտեղ ապրող բնակչության հարցը, այստեղ կարևոր է, որ Հայաստանը պետք է կատարի այդ 9-րդ կետը, այսինքն՝ միաժամանակ ճնշում են դրա հետ կապված։ 

Ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների բոլոր խոսույթները գեներացվում են Բաքվից, այդ թվում՝ պատմական Հայաստան-իրական Հայաստան արհեստական հակադրության թեման։ Օրինակ՝ նա նշում է, որ «իրական Հայաստանի ու առասպելական Հայաստանի միջև պետք է տարբերություն լինի։ Իրենք դա ասում են պատմական, բայց ես դա ասում եմ առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շահարկման»։ 

Նաև մեղադրում է հայ ժողովրդին հոգեբանական լուրջ խնդիրներ ունենալու համար, հիշատակում է Սերժ Սարգսյանի հայտնի հարցուպատասխանը երիտասարդների հետ, երբ Սերժ Սարգսյանը խոսեց Արցախի ազատագրման մասին ու հետո ասաց. «եթե սերունդները որոշեն, արդեն Արևմտյան Հայաստանը սերունդների գործն է», ասելով, որ դա խոսում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև այդ երիտասարդների շրջանում, որոնք լսում էին նրան, լուրջ հոգեբանական խնդրի մասին։ 

Այսինքն՝ այս ելույթում կար մի քանի կոմպոնենտ, որոնցից ամենակարևորն այն է, որ Ալիևը ոչ մի պայմանագիր չի կնքելու, մյուս բաղադրիչն այն է, որ չկա որևէ քարտեզ, որով արվում է սահմանազատում, կա ուղղակի պահանջ, որը Նիկոլ Փաշինյանը բավարարում է, երրորդ բաղադրիչն այն է, որ չի լինելու որևէ գործընթաց այս պահի դրությամբ։ 

Հաջորդիվ՝ ակնհայտ է, որ խնդիրը հասնելու է «անկլավների», իսկ հետո պահանջելու են Հայաստանի տարածքով ճանապարհներ դեպի անկլավներ: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն կգնա զիջումների Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին, այս քաղաքականության շարունակության պայմաններում հարկադրված են լինելու գնալ դրան։ 

Ի վերջո, ամենակարևորն այն է, որ Ալիևը փաստում է, որ չկա որևէ միջնորդ, չկա որևէ տրամաբանություն, այսինքն՝ իրենք ուղիղ են պայմանավորվում, բայց սա ոչ թե երկկողմ փոխշահավետ պայմանավորվածություն է, այլ՝ հարկադրանք, պարտադրանք, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում, մինչդեռ իրողությունները լրիվ հակառակն են։

 – Այսինքն՝ ստացվում է, որ Իլհամ Ալիևը բացահայտ ասում է, որ Տավուշի գործընթացից հետո մյուս հատվածներում սահմանազատման ու սահմանագծման աշխատանք չի՞ լինելու։

– Ելույթի մեջ շատ պարզ այդ մասին ասում է․ «Մեր սահմանը Հայաստանի հետ մոտ 1000 կիլոմետր է, միգուցե ավելի, միգուցե քիչ, այդ սահմանի մի հատված 30 տարի օկուպացված էր Քարվաճառից, Մռավ լեռից մինչև Արազ գետ։ Լեռները տարին 9 ամիս ծածկված են ձյունով, դա շատ բարդ տեղանք է, ու գործնական տեսանկյունից այդ սահմանը հնարավոր չէ սահմանազատել»։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, եթե Տավուշի գործընթացն ավարտին հասցվի, այս պայմաններում Հայաստանը վերջնարդյունքում ի՞նչ է ստանալու։

– Վերջնարդյունքում շատ վտանգավոր գործընթաց է սպասվում, եթե այս քաղաքականությունը շարունակվի։ Այս պահի դրությամբ այն հատվածները, որոնցով իրենք միակողմանի զիջման են գնում, կարևոր կետեր են: Տավուշի այդ գյուղերը՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, հետագայում քաղաքացիական բնակչության թիրախավորման տեսանկյունից, եթե տեղանքը դիտես ու համադրության մեջ դնես այն զորավարժությունների տեսակների հետ, որոնք Ադրբեջանը անցկացնում է՝ մանր օպերացիաների մասին է, մեծ մտավախություն ունեմ, որ դրանից հետո նրանք դիվերսիոն խմբերով փորձելու են հասնել գյուղերի դատարկմանը ու այդ տարածքում վերահսկողության սահմանմանը։ 

2-3 ամսվա կտրվածքով նրանք փորձելու են արդեն վերահսկողություն սահմանել Հայաստանը Իրանին, Վրաստանին կապող ուղիների նկատմամբ, երբ արդեն ամբողջ Հայաստանի տարածքը իրենց վերահսկողության տակ լինի ստրատեգիական առումով, մնացած գործողություններն ուղղակի տեխնիկայի հարց են։ 

Այս քաղաքականությունը դրան է տանելու, եթե համեմատենք պատմականորեն Իսրայել-Պաղեստին նույն հակամարտությունը, թե ինչպես է այդ քաղաքականությունը տարվում՝ կտոր-կտոր հատվածներ են կտրվում Պաղեստինից, այն ամբողջությամբ դրվում է վտանգի տակ։ Քաղաքական ձեռագրի առումով բավական նման են՝ հատվածաբար ստեղծում են իրավիճակ, որտեղ պետության գոյության կենսական հնարավորությունը ուղղակի վերացվում է, մնացածը տեխնիկական հարցեր են արդեն։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am