Վարչապետի հրաժարականի պահանջի մասին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հայտարարությունը միայն մեկ մարդու ցանկություն էր և չէր արտահայտում Կոնֆեդերացիայի դիրքորոշումը․ Մուրադյան

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի հրաժարականի պահանջի մասին Կոնֆեդերացիայի հայտարարությանը և ընդգծել, որ դա արտահայտում է միայն մեկ մարդու ցանկությունը և ոչ թե Արհմիությունների կոնֆեդերացիայի։

Մուրադյանը մասնավորապես, գրել է․

«Երկար տարիներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ եմ և դա ինձ համար մեծ պատիվ է եղել։Դեկտեմբերի 23-ին ինձ զանգել և հրավիրել են դեկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդի նիստին և իմ հարցին, թե ինչ հարցեր կան օրակարգում՝ պատասխանեցին, որ ավանդական տարեվերջյան օրակարգ է՝ բյուջեի կատարողական, մի քանի փոքրիկ հարց և տարվա գործունեության ամփոփում։ Հարգելի պատճառով նիստին չեմ մասնակցել, սակայն այն, ինչ հայտնի դարձավ հետո՝ ինձ համար աներևակայելի էր։ Մամուլից տեղեկացա, որ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը»․․․

Բնականաբար զանգեցի այն Ճյուղային արրհմիության նախագահին, որի նախագահության անդամ եմ և ի՞նչ պարզվեց․ Մինչև խորհրդի նիստը սովորաբար լինում է գործկոմի նիստ և ի զարմանս գործադիր կոմիտեի անդամների պարզվել է, որ ՀԱՄԿ-ի նախագահը նիստի օրակարգում ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվել է օրակարգից՝ որպես կանոնադրությանը հակասող։

Չնայած դրան՝ նույն օրը մեկ ժամ հետո, արդեն Խորհրդի նիստի ժամանակ ՀԱՄԿ-ի նախագահն առաջարկել է նույն հայտարարությունը ընդգրկել արդեն Խորհրդի նիստի օրակարգում և, հաշվի չառնելով, որ առաջարկը չի հավաքել պահանջված թվով կողմ ձայներ, խախտելով կանոնադրությունը, նախագահը հարցն ընդգրկել է օրակարգում։

Ի նշան բողոքի՝ 8 ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ, լքել են դահլիճը, և հայտարարությունը, բնականաբար, չի ընդունվել՝ քվորումի բացակայության պատճառով։ Սակայն որոշ ժամանակ անց ՀԱՄԿ-ի կայքում հայտնվեց նշված հայտարարության տեքստն արդեն նախագահ Էդուարդ Թումասյանի անունից, որը տարածվեց նաև ֆեյսբուքով՝ իբր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հայտարարություն։

Պարոն Թումասյան, գիտեք, որ երբեք հիացած չեմ եղել Ձեր գործունեությամբ, հատկապես, երբ տարիներ առաջ նորից խորհրդի նիստում անակնկալ արեցիք, որ երկրի մշակութային ժառանգության ցանկում գտնվող ՀԱՄԿ-ի շենքը պետք է օտարվի ինչ որ «Գինեքար» ՍՊԸ-ի (ըստ օդում կախված լուրերի ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահի ընտանիքին) և ես իհարկե ելույթ ունեցա և դեմ քվեարկեցի, սակայն ինչ-ինչ պատճառներով, մի շարք օրենքների կոպիտ խախտումներով որոշումն ընդունվեց․․․Դուք կարող եք անձնական հայտարարություններ անել և փակցնել Ձեր բնակարանի դռանը, բայց ոչ երբեք խորհրդի անդամների անունից կեղծ հայտարարություններ։

Այստեղ նույնիսկ վարչապետի անձի կամ կառավարության լավ կամ վատ աշխատանքի խնդիրը չէ, այլ այն, որ Ձեր ձեռագիրը չի փոխվում։ Հետևաբար, որպես ՀԱՄԿ-ի խորհրդի երկարամյա անդամ հորդորում և պահանջում եմ բացատրություն տալ, հերքել և ներողություն խնդրել՝ ՀԱՄԿ-ի խորհրդի անդամների անունից կեղծ հայտարարություն տարածելու կապակցությամբ»։