Չինաստանի Պետական խորհուրդը հայտարարել է նոր K տեսակի վիզայի գործարկման մասին, որը նախատեսված է երիտասարդ գիտնականների, տեխնոլոգիական նորարարների և ստարտափների հիմնադիրների համար։ Ծրագրի նպատակն է ներգրավել արտասահմանյան բարձրակարգ մասնագետների, ովքեր կարող են իրենց գիտելիքներով և փորձով նպաստել Չինաստանի գիտատեխնիկական և ինովացիոն զարգացմանը։
Նոր վիզային ծրագիրը կգործի 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այն ուղղված է հատկապես այն մասնագետներին, ովքեր ակտիվ են STEM ոլորտներում՝ գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա և մաթեմատիկա, ինչպես նաև նորարարական բիզնեսների ստեղծման ու զարգացման մեջ։
Չինաստանի իշխանությունները նշում են, որ այս քայլը կարևոր է երկրի համար՝ գլոբալ մրցակցային պայմաններում պահելու և ամրապնդելու առաջատար դիրքը գիտական և տեխնոլոգիական ոլորտներում։ Վիզայի տրամադրման ընթացակարգերը նախատեսվում է դարձնել առավել արագ և պարզեցված, իսկ այն տրամադրելու են մի շարք արտոնություններով՝ մասնագետների ներգրավման գործընթացը խթանելու համար։
Այս նախաձեռնությունը լրացնում է արդեն գործող «Գերազանց երիտասարդ գիտնականների հիմնադրամի» (Excellent Young Scientists Fund) ծրագրի հնարավորությունները, որը ֆինանսավորում և աջակցություն է տրամադրում արտասահմանում աշխատող երիտասարդ գիտնականներին՝ Չինաստան տեղափոխվելու և տեղում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ նոր K տեսակի վիզան կարող է զգալիորեն մեծացնել Չինաստանի կարողությունները միջազգային տաղանդների մրցավազքում և նպաստել երկրի գիտատեխնիկական ինքնաբավությանը։



















