Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց «Հարց դերասանին» նախագիծը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց երկու փուլից բաղկացած «Հարց դերասանին» նախագիծը:Ծրագրի նպատակը դպրոցականներին թատրոնին մոտեցնելը,դերասաններին,ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելն էր:Այս մասին տեղեկացնում են Վանաձորի դրամատիկական թատրոնից:

Ինչպես նշում է նախագծի հեղինակ,թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը՝ նախագծի առաջին փուլին մասնակցել էին Վանաձոր քաղաքի դպրոցների 7-12-րդ դասարաններում սովորող շուրջ 400 աշակերտ:

Դպրոցականների շրջանում հետաքրքրությունը հաշվի առնելով` իրականացվեց նաև նախագծի երկրորդ փուլը:Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստներ հանդիպեցին տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերի պատասխանները:Աշակերտները նշում են,որ այս հանդիպումների միջոցով ավելի լավ ճանաչեցին թատրոնն ու արտիստներին,ոմանց նախագիծն օգնեց նաև մասնագիտության ընտրության հարցում:


Նախագծի հեղինակները, կարևորվելով անմիջական շփումը,  հանդիպումները կազմակերպել են բեմից դուրս՝ ասուլիսային ձևաչափով:
Ծրագրի երկրորդ փուլի չորս հանդիպումներին մասնակցել են 150-ից ավելի դպրոցականներ, որոնք հնարավորություն են ունեցել հանդիպելու դերասաններ Գագիկ Դուրմիշյանի,Նունե Խեչումյանի,Արման Կոլոսովի,Արթուր Պապիկյանի,Համլետ Գյուլզադյանի,Հակոբ Դեմիրճյանի, Գայանե Մեսրոպյանի Ռուզաննա Խաչատրյանի,Գայանե Վարդանյանի,Վասիլ Նազլուխանյանի հետ:


Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նախագիծը հաջողված է համարում, սակայն ծրագիրը դեռևս շարունակականություն չի ունենա:Փելեշյանը, սակայն, վստահեցնում է՝ 2023 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոր ներկայացումներին զուգահեռ իրականացվելու են նոր և առավել հետաքրքիր նախագծեր: