Շատ կարևոր է, որ այսօր վարչապետը հանրային ներողություն է խնդրել Մեխակ Առաքելյանից․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է․

«Շատ կարևոր է, որ այսօր վարչապետը հանրային ներողություն է խնդրել Մեխակ Առաքելյանից ու բոլորիցս՝ նման ոչ զգայուն վերաբերմունքի համար։ Եվ հույս ունեմ, որ սա նոր քաղաքական մշակույթի ձևավորման համար կդառնա օրինակ, որպեսզի պետական, քաղաքական ու հանրային գործիչները կարողանան ընդունել իրենց սխալներն ու հանրային ներողություն խնդրեն։

Բայց նաև շատ կկարևորեի, որպեսզի մեր քաղաքական գործիչներն աշխատեն իրենց վրա և իրենց խոսքը հնարավորինս խտրականությունից զերծ կառուցեն։ Բացի այն երկու սխալներից, որոնք նշեց իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, կային ակնհայտ խտրական և կարծրատիպային ևս երկու արտահայտություններ, որոնք պատկերացումների դաշտում են։

Շատ վիրավորական է հաշմանդամություն ունեցող անձի համար, երբ նրան ընկալում են անհավասարի, կարեկցանք հայցողի դերում։ Մենք պետք է մեր միջավայրը հարմարեցնենք բոլորին, որպեսզի մարդիկ, անկախ նրանից ոտք ունեն, թե չունեն, ձեռք ունեն, թե չունեն, կարողանան իրենց հարմարավետ զգալ, հանգիստ և ինքնուրույն տեղաշարժվեն։

Մյուս խնդիրն էլ աժանապատիվ տղամարդու պատկերացումն է։ Ցավոք, մեր հասարակության մեջ կա կարծրատիպ, որ հենց տղամարդն է տուն պահողը, փող բերողն ու տուն սարքողը։

Հենց այդ դիրքերից էր վարչապետը դիմում տղամարդուն և նշում, որ ընտանիքն ապահովելը արժանապատվության հարց է։ Հնարավորինս պետք է այդ դերաբաժանումային պատկերացումը փոխել, չտարածել, քանի որ տղամարդը, եթե չի կարողանում ամեն գնով փող ստեղծել, չի նշանակում որ արժանապատվություն չունի։ Ի դեպ, շատ հաճախ, տղամարդիկ իրենց հանցագործությունները՝ կոռուպցիա, գողություն, կողոպուտ, արդարացնում են «ընտանիք պահելու» սրբազան առաքելությամբ։ Ուստի, նման դերաբաժանումն ու կեղծ արժանապատվության բեռը վնասակար է ու վտանգավոր։

Աշխատենք մեր մտածելակերպի փոփոխության ու հանրային խոսքի վրա։ Լինենք ավելի զգայուն ու մարդակենտրոն»։