ՊՎԾ-ն ամփոփել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները,անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը,հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը,ինչպես նաևիրականացված գնման գործընթացները:

Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառվածշուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել էնաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել,ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:

Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝

– ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,

– Հայկական ավիաընկերություններից մեկը տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկԸնկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

– Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ,

– ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ, 

– Ընկերության որոշ աշխատակիցներիարտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվելշուրջ 3,1 միլիոն դրամ,

  • Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամիչափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,
  • Աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից: