Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1964 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Անահիտ Հ․-ն (ծնված 1968 թ․) դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։15-ին, մարել՝ 14։25-ին։ Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։